Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթնամյա դադարից հետո վերականգնված մրցույթն անցավ պրոֆեսիոնալ և որակական բարձր մակարդակով»

Հունվար 29,2026 16:14

Երաժշտության աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր ու կարևոր մասնագիտություններ: Դրանցից մեկը կոնցերտմայստերի աշխատանքն է։ Մենակատար երաժշտի կոնցերտմայստերը (վոկալ, գործիքային) նվագակցող դաշնակահարն է։ Մասնագիտություն, որը կարծես թե, առաջնային չէ, սակայն, նրանց մասնագիտական վարպետությունից է կախված մենակատարի հաջողությունը ելույթների ժամանակ։ Դա է պատճառը, որ ուսումնական հաստատություններում դաշնակահար-ուսանողների մասնագիտական կրթամասի կոնցերտմայստերական պատրաստումը հիմնական դասընթացներից է։ Ավելին, մենակատարի ելույթը համերգի համար նախապատրաստելու գործում նվագակցող-կոնցերտմայստերի պարտականությունները ավելի լայն են, քան պարզապես համերգին նվագակցելը։

105- ամյա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) Կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը գրեթե 50 տարի պատրաստում է մասնագետներ, որոնք աշխատում են հանրապետության երաժշտական կազմակերպություններում, մենակատարների հետ։ Ժամանակին տեղեկացրել էինք՝ 2005 թ. Երևանում առաջին անգամ անցկացվեց կոնցերմայստերական արվեստի փառատոն, ի նվիրումն Հեղինե Տեր–Ղևոնդյանի ստեղծագործական նվաճումների։ Իսկ 2008 թ., նրա 90–ամյակի առիթով, Կոնսերվատորիայի կոնցերտմայստերական ամբիոնի նախաձեռնությամբ, փառատոնը վերաճեց կոնցերտմայստերական արվեստի հանրապետական մրցույթի, որը անվանակոչվեց Հեղինե Տեր–Ղևոնդյանի անունով։ Ստեղծման օրվանից մինչև 2018 թ. ներառյալ, մրցույթն անցկացվեց երկու տարին մեկ՝ 6 անգամ: 7 տարի դադարից հետո, վերջերս այն կրկին վերսկսեց իր աշխատանքները։ Մրցույթին մասնակցեցին մինչև 30 տարեկան երիտասարդ դաշնակահար–կոնցերտմայստերներ։

Զարուհի Ղազարյան

Aravot. am-ը զրույցի հրավիրեց ԵՊԿ-ի Կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի վարիչ դաշնակահարուհի- կոնցերտմայստեր, բազմաթիվ մասնագիտական հոդվածների հեղինակ Զարուհի Ղազարյանին։

Մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ կայացած մրցույթը բաղկացած էր երկու փուլից, ծրագրում ներառում էր հետաքրքիր և բազմաբնույթ ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր փուլում մասնակիցը հանդես եկավ 4 ստեղծագործության կատարմամբ՝ մեկ օպերային արիա, երկու ռոմանս և մեկ գործիքային ստեղծագործություն՝ ընդհանուր 25-30 րոպե տևողությամբ։

«Հանդիսանալով 7-րդ մրցույթի կազմակերպիչ և կազմկոմիտեի նախագահ, փորձեցի հրավիրել պրոֆեսիոնալ, բայց համեմատաբար երիտասարդ ժյուրիի կազմ, ամենաավագ անդամը ՝ մրցույթի ստեղծման մտահղացման հեղինակ, ամբիոնի նախկին ղեկավար, պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանն էր, դոցենտներ Սյուզաննա Համբարձումյանն ու Նաիրա Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակահար Արամ Ասատրյանը նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Քրիստինե Սահակյանը»։

Դիտարկմանը՝ կարելի է ենթադրել, թե ինչու իր տեսակով այս միակ մրցույթը տարիների դադար ունեցավ և ինչպես այսօր, նախկինում էլ առանց աջակցի հնարավոր չէր այն իրականացնել, Զարուհի Ղազարյանը պատասխանեց. «Ասեմ, որ մեծ խանդավառություն և ոգևորություն առաջացրեց կրկին մրցույթն անցկացնելու լուրը։ Մեզ մեծ աջակցություն և օգնության ձեռք մեկնեց մեր բուհի և մրցույթի վաղեմի բարեկամ ՀՕՖ–ի հայաստանյան մասնաճյուղի կրթական և մշակութային ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։ ՀՕՖ–ը տրամադրեց մրցույթի ծախսերի և հիմնական մրցանակային ֆոնդի գումարը ։ Իր անձնական օգնությունը ցուցաբերեց մրցույթին նաև ԱՄՆ Գլենդել քաղաքի «Սոնատա» երաժշտական դպրոցի հիմնադիր և տնօրեն Սոնա Վարդանյանը։ Հատուկ մրցանակներ տրամադրեցին մրցույթին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, նաև Արդեան և Նարեկացի մշակութային կենտրոնները»։

Ռեպլիկին՝ այնուամենայնիվ մասնակիցների թիվը մեծ չեր, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 11 մասնակից։ Այո, թիվը իհարկե մեծ չէ, բայց հաշվի առնելով մրցույթի լրջագույն պայմանները, բարդ ծրագրային պահանջները և մեծ ծավալը, յոթնամյա դադարից հետո վերականգնված մրցույթն անցավ պրոֆեսիոնալ և որակական բարձր մակարդակով։ Ի դեպ, փուլերի լսումներն անցան կոնցերտմայստերական արվեստով հետաքրքրված ունկնդրով լեցուն դահլիճում. մասնակիցների ելույթներին ջերմ էին արձագանքում։ Մրցույթի բացման և փակման արարողություններին մտերմիկ, ջերմ և բազմաբովանդակ խոսքը ներկաներին՝ հյուրերին և մասնակիցներին ուղղեց ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, 7-րդ հանրապետական մրցույթի կայացման և անցկացման մեծ օժանդակող Ծովինար Մովսիսյանը»։

Հավելեց նաև, թե ուրախ է ու հպարտ, որ իրեն հաջողվել է իրականացնել ահռելի աշխատանք և կարողանալ կատարել այսօր իր ղեկավարած կոնցերտմայստերական ամբիոնին տրված խոստումը՝ վերականգնել մրցույթի անցկացումը. «Լիահույս եմ, որ ինձ կհաջողվի վերադարձնել ի սկզբանե ամրագրված մրցույթի անցկացման ժամանակացույցը՝ երկու տարին մեկ անգամ»:

Մի հարց էլ ուղղեցինք՝ բոլոր ժամանակներում ունենալով իսկապես անվանի կոնցերտմայստերներ, ինչու մրցույթն անվանակոչվեց հենց Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվամբ: «Նա ծնվել է Թիֆլիսում՝ 1918 թ., կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ժողովրդական արտիստ Անուշավան Տեր–Ղևոնդյանի և դաշնակահար–կոնցերտմայստեր Թամարա Սաղաթելովա–Տեր–Ղևոնդյանի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստանալով Թիֆլիսում՝ շարունակելով այն Երևանում, Բաքվում, ապա կատարելագործվելով Մոսկվայում, վերադառնում և մշտական բնակություն է հաստատում ու աշխատանքային գործունեություն ծավալում Երևանում։ Լինելով փայլուն դաշնակահար, առավելագույնս մասնագիտանում և կատարելագործվում է որպես դաշնակահար– կոնցերտմայստեր, և իր ողջ կյանքի ընթացքում նվագակցում է իր ժամանակի ամենաականավոր դասական և ժողովրդական երգիչ–երգչուհիների, գործիքային կատարողների։ Ընդհանուր առմամբ ունի հազարից ավելի համերգների ցանկ, որոնց մեծ մասը մենահամերգներ են տարբեր մենակատարների հետ, 170 ֆոնդային ձայնագրություն Հայաստանի պետհեռուստառադիոյում և «Մելոդիա» համամիութենական ձայնագրման ֆիրմայում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրա կյանքի մեծ և ուրույն մասն էր կազմում մանկավարժական–դասախոսական գործունեությունը, որը նա ծավալեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1970թ. Հեղինե Տեր–Ղևոնդյանը ստանձնեց ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման նորաստեղծ ամբիոնի ղեկավարությունը և նրա դասարանում ուսանեց 176 դաշնակահար: Այս թիվն ավելի տպավորիչ դարձնելու համար հավելեմ, որ ԵՊԿ կոնցերմայստերության ամբիոնի ներկայիս պրոֆեսորադասախոսական կազմի 70 տոկոսը նրա նախկին սաներն են» ։

Մենք էլ հավելենք, որ աշխարհում վաղուց անցկացվում են դաշնակահար-կոնցերտմայստերների միջազգային մրցույթներ և գուցե հետագայում հայաստանյան մրցույթն էլ ընդլայնի աշխարհագրությունը, և այսօր ունենք ընդամենը միջազգային մրցույթի մեկ դափնեկիր. 2023թ. Մոսկվայում կայացած Հիբլա Գերզմաբայի վոկալիստների և կոնցերտմայստերների միջազգային մրցույթում Երևանի կոնսերվատորիայի և օպերային թատրոնի կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանը արժանացավ 3-րդ մրցանակի:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031