«Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները: Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»: Այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Քաղաքական ճգնաժամը մեծ Մերձավոր Արևելքում. մարդու իրավունքների և բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը» հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
Արմեն Գևորգյանի ելույթն ամբողջությամբ.
«Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև խորը քաղաքակրթական չափում: Հայաստանը կապված է այս տարածաշրջանի հետ ոչ միայն աշխարհագրությամբ, այլև հարյուր հազարավոր հայերի ճակատագրերով:
Հայ համայնքները Մերձավոր Արևելքի պատմական հյուսվածքի օրգանական մասն են: Դրանք դարձել են տարածաշրջանի ժամանակակից ինքնության հիմնական տարրեր և կամուրջ` քաղաքակրթությունների, կրոնների և մշակույթների միջև: Դրանք ցույց են տալիս, որ կրոնական և ազգային բազմազանությունը կարող է լինել կայունության և բարգավաճման, այլ ոչ թե հակամարտության աղբյուր:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների անկայունությունը հանգեցրել է հայկական ներկայության կտրուկ նվազման: Սա մտահոգիչ ազդանշան է. հայկական համայնքների անհետացումը կնշանակեր ոչ միայն ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև տարածաշրջանի պատմական և մշակութային ժառանգության կենսական շերտի կորուստ:
Հարգելի՛ գործընկերներ,
Մերձավոր Արևելքում կայուն պետություններ և իրական խաղաղություն կառուցելու, հետագա արմատականացումը կանխելու, մշակութային բազմազանությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունները պաշտպանելու համար կարևոր է ապահովել Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը:
Այս պետությունների փլուզումը կհանգեցնի քաոսի տարածաշրջանից շատ ավելի հեռու՝ հրահրելով ինքնորոշման շարժումների նոր ալիքներ և ազգային սահմանների անխուսափելի վերանայում: Նման սցենարում մենք ոչ թե խոսելու ենք փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլ՝ գոյություն ունեցող պետությունների փլուզումը կանխելու մասին։
Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները: Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»:


















































