Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզի կենտրոնում գոմաղբով ցույցեր անելն են քննարկում, ի՞նչ կապ ունի սա մեղադրանքի հետ»․ Խուդոյանը՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործով

Հունվար 29,2026 18:15

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով հանրային մեղադրողների կողմից ներկայացված ապացույցներին, նշեց՝ պետք է հասկանալ՝ առաջադրված մեղադրանքին համապատասխան տվյալներ կա՞ն, թե՝ ոչ։

Նա ասաց․ «Օրինակ՝ Խանջյանում թունելների մեջ ծուխ գցելու մասին հայտարարությունը կա ապացույցներում, որը ինչ-որ բովանդակության մեջ կարող է որոշակի իրավական տարր պարունակել։ Բայց մենք չպետք է նայենք՝ առհասարակ կա՞ ինչ-որ նեգատիվ քննարկում կամ իրավախախտման հանգամանք, այլ պետք է տեսնենք՝ առաջադրված մեղադրանքին համապատասխան տվյալներ կա՞ն, թե ոչ»։

Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին ու նշեց մեկ այլ ապացույցի մասին․ «Մարդիկ, որոնք պլանավորում են փողոց փակել, կարող է վարչական իրավախախտում կատարեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ դա ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու ծանրագույն արարքների հանցակազմի տարր է հանդիսանում։ Խնդրում ենք, որ հանրային մեղադրողները ուղղակիորեն կապը տան հանցակազմի տարրերի հետ։

Ապացույցներում դրվագ կա, որտեղ քննարկվում է Փարիզի կենտրոնում գոմաղբով ցույցեր կազմակերպելու մասին։ Մարդիկ քննարկում են, բայց եթե այդ նույն տեխնոլոգիան օգտագործենք, ինչպես հանրային մեղադրողներն են օգտագործում, կարող ենք ասել, որ մարդիկ քննարկում են Փարիզի կենտրոնում գործողություններ կատարելու հանգամանքը, բայց, բնականաբար, այդ գործողությունները իրենց վերագրելի չեն։

Պետք է հստակ լինի՝ որն է պարզապես քննարկում, որն է իրավախախտման վերաբերյալ քննարկում, կոնկրետ հանցակազմի, իշխանության յուրացման մասին քննարկում։ Պիտի նայենք՝ առաջարկվող մեղադրանքին համապատասխան տվյալներ կա՞ն։ Մեզ անկեղծորեն հասկանալի չէ, թե այս ապացույցներն ինչ հանգամանքներ են հաստատում, դրա համար ուզում ենք, որ հանրային մեղադրողները մատնանշումներ կատարեն»։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրական եզրակացություն կազմած քննիչի և մեղադրանքը հաստատած դատախազի կողմից հաջորդիվ նշվող ապացույցը հաստատում է, որ պետք է վառեին ավտոմեքենաներ, ջարդեին խանութներ, կատարեին հոսանքազրկումներ, վնասեին տրոլեյբուսի էլեկտրագծերը․ «Այլ գործողություններ էլ են նկարագրված, բայց միայն սրանք եմ ներկայացնում։ Խնդրում եմ մատնանշել, թե կոնկրետ որ ապացույցն էր հաստատելու, որ նման բան է տեղի ունենալու։

Տարօրինակ ձևակերպում կա, որ այս ապացույցներով, ըստ վարույթն իրականացնողի, պետք է խափանվեին ինտերնետային կապերը, իսկ մի քանի տող հետո նշվում է, որ պետք է այս ամենը լայվ հեռարձակվեր։ Հասկանալի չէ, թե ինտերնետի խափանման պայմաններում ինչպե՞ս էր իրականացվելու հեռարձակումը»։

Անդրադառնալով իրեղեն ապացույցներին՝ փաստաբանն ասաց․ «Ամենաշատը գունավոր ծխերն են նշում․ ի՞նչ հանգամանք են դրանք հաստատելու ահաբեկչության կամ իշխանության յուրացման հանցակազմից»։

Ամփոփելով՝ Հովհաննես Խուդոյանն ասաց․ «Երբ այս գործը գնացել է դատարան, ակնկալիք չենք ունեցել, որ այսօր հանրային մեղադրողն այս հարցերին պատասխանելու է։ Այս հարցերը բարձրացնում ենք ոչ թե պատասխան ստանալու համար, այլ որպեսզի բոլորը տեսնեն, որ այդ հարցերին պատասխան չկա»։

Հանրային մեղադրողն արձագանքեց․ «Այո, պարոն Խուդոյանը գիտեր, որ այդ հարցերին պատասխան չի տրվելու, որովհետև այս փուլում այդ հարցերին պատասխաններ չի ակնկալվում։ 319-րդ հոդվածը պահանջում է, որ կողմը ներկայացնի, թե իր առաջարկած՝ հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Խոսքը փաստական հանգամանքի մասին է, ոչ թե դրա բովանդակության։

Մեղադրանքի կողմը ներկայացրել է փաստական հանգամանք և ապացույցներ ու նշել է, թե ինչ փաստական հանգամանք է այն հիմնավորում կամ հերքում։ Բովանդակության ներկայացումը հիմնական դատալսումների փուլում նախատեսված գործառույթ է։ Պարոն Խուդոյանի պնդումները ոչ այլ ինչ են, քան մեղադրանքից պաշտպանվելու՝ օրենքով չարգելված եղանակ, պաշտպանական մարտավարություն, ինչը, որպես իրավաբանի, ինձ համար ընդունելի է, սակայն ընդունելի չէ այն իմաստով, որ ուղղված է ոչ թե դատարանին, այլ հանրային կարծիքի ձևավորմանը»։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031