«Գործը, եթե մեկ կեղծիք ունի և մեկ նենգափոխում, դա այլևս գործ չէ։ Մեկ գործ, մեկ դեպք կեղծված, նենգափոխված է, ուրեմն դա փակված գործ է համարվում, զրպարտություն։ Ես ասում եմ՝ եթե ոչ հարյուրներով, ապա տասնյակներով նենգափոխում է եղել, նույնիսկ բառերն են ավելացված»,– Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա հարցրեց՝ ո՞ր օրը պետք է տեղի ունենար այդ՝ այսպես կոչված ահաբեկչությունը․ «Փաստ, արձանագրություն կա՞։ Ահաբեկչության համար պետք է լինի վայրը, օրը, ժամանակը և օբյեկտը։ Ո՞վ կամ ովքեր էին օբյեկտը։ Նշում կա՞։ Քանի որ դատարանում նման վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրողի կողմից, դա իրավունք է տալիս ՀՀ-ի այսպես կոչված ԱԳ նախարարին, որին շատ լավ եմ ճանաչում, ԵԽԽՎ-ում ասել, որ ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
Ասում է նաև՝ սպանության կոչեր են արել։ Այս գործն ամբողջության մեջ բանաձևված է այս անպատասխանատու մարդու խոսքում։ Եվս մի զրպարտիչ, ևս մի ստախոս։ Մարդկանց կյանքին է սա վերաբերվում։ Հետո էլ ասում են՝ քաղաքական գնահատական եմ տվել։ Մարդուն մեղադրում են գործակալ լինելու, փողեր լվանալու մեջ՝ կոնկրետ իմ պարագայում, հետո ասում են՝ վերացական գնահատական էր։ Այ, այսպիսի վերաբերմունքի պատճառով ենք հասել այս օրվան։ Սա մարդկանց կյանքին է ուղղակի առնչվում, տնից զրկել են մարդկանց։ Նրանք այսօր կալանքի տակ են։
Դատախազին հարցնում են՝ օրը կա՞, ինչ օր ասես, որ չասեց խորհրդարանի ամբիոնից։ Օրը կա՞՝ բացարձակ, օբյեկտը կա՞՝ բացարձակ, գործիքը կա՞՝ բացարձակ։ Հնարել են հարվածային խմբեր, բայց միևնույն ժամանակ ասել եմ՝ ֆուտբոլի թիմ, խրամատ, առաջնագիծ։ Պատկերավոր խոսում էի մարդկանց հետ։ Օրինակ՝ մեկին, որ ասում են վարունգ, էդ մարդը դարձավ վարո՞ւնգ»։
Կարդացեք նաև
Ըստ Բագրատ սրբազանի՝ ամեն ինչ սկսել է իրենից․ «Ես առաջին կալանավորված հոգևորականն եմ, սկսել է ինձնով, բայց որ մենակ չլինեի՝ ծխածածկույթ են ապահովել, թե մի գերադրական աստիճանի խումբ կա ահաբեկիչների, որոնք կապված են այս հոգևորականի հետ և հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառը․ հաջորդ քայլը՝ Միքայել սրբազան, Մկրտիչ սրբազան, Արշակ սրբազան։ Այսօր էլ վարույթ են հարուցել Վեհափառի դեմ։
Չլսված պատմություն է, և զրպարտիչը, հայրենավաճառը ԵԽԽՎ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատվի, եկեղեցու ու ինքնության նկատմամբ է»։
Այնուհետև Բագրատ սրբազանն անդրադարձավ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևին և անգլերեն ելույթ ունեցավ՝ նշելով․ «Դուք կեղծավորներ եք»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































