«Այն, որ իշխանությունն ու պետությունը տարբեր հասկացություններ են, գիտեն անգամ մեր դպրոցականները։
Ցավոք, նույնը չեմ կարող պնդել քաղաքական դաշտում իրենց ամենագետ դիրքավորած որոշ գործիչների մասին։
Քաղաքականության մեջ տեխնոլոգիաներից ամենավտանգավորը բոլոր ժամանակներում եղել ու մնում է մանիպուլյացիան։ Բայց այն էլ ավելի անընդունելի է դառնում, երբ , օրինակ, իշխանությունից վրեժխնդիր լինելու համար ոտատակ են տալիս պետությունը, պետական շահն ու թիրախավորվում են նրա միջազգային կշիռն ու հեղինակությունը։
Անուններ չեմ տա, բայց նրանք, ովքեր հետևում են քաղաքական պրոցեսներին, վստահաբար կիմանան, թե ում մասին եմ խոսում։
Կարդացեք նաև
2025֊ի մայիսի 9֊ին ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ պատերազմի տարելիցին նվիրված միջոցառմանը։ Շատերը գիտեն, որ նման մեծ միջոցառումները խիստ արարողակարգային են և ոչ մի դետալ կամ խոսք չի կարող դուրս լինել դրա շրջանակներից։ Արարողակարգի մաս է նաև, որ ներկա գտնվող պետության ղեկավարները նստեն ըստ իրենց երկրների անվանումների։
Սա էր պատճառը, որ վարչապետը նստած էր Բելառուսի նախագահի կողքին։ Ավելորդ եմ համարում հիշեցնել Բելառուսի նախագահի որոշ մտքեր ու ձևակերպումներ հայ ժողովրդի ու Հայաստանի մասին։ Խոսքը նրա մասին չէ։ Չեմ գրի նաև այն տհաճ, անընդունելի խոսույթի մասին, որով հեղեղված էր ընդդիմադիր լրատվական դաշտը` անզուսպ վիրավորանքներ վարչապետի հասցեին ու միաժամանակ, ամենավերջին գնահատականները Հայաստանին։ Բայց ոչ ոք, կրկնում եմ` ոչ ոք, չասաց, որ ռուսերենում` Армения և Белоруссия անունների պատճառով էր, որ պատկերն այդպիսին էր։ Դա դեմ էր ժանրի կանոններին։ Եղավ նաև հստակ ծաղր, թե Պուտինն “ինադու” է վատ վիճակի մեջ դրել Փաշինյանին ու Լուկաշենկոյի կողքին նստեցրել։ Այսքան է մեր ընդդիմադիր գործընկերների քաղաքական գործընթացների մասին պատկերացումներն ու կարծիքը պետության ու իշխանության մասին։
Երկրորդ դրվագը, որն առիթ դարձավ անդրադառնալու այս թեմային, օրեր առաջ ԱՄՆ֊ում կայացած հանդիպումն էր։ Այս հանդիպման ընթացքում, կարևորելով Հայաստանին որպես գործընկեր, հատուկ ուշադրության արժանացավ մեր երկրի ղեկավարը։
Այս դեպքում էլ արարողակարգային պահանջներից ելնելով վարչապետը նստած էր ԱՄՆ նախագահի կողքին` Հայաստան֊Armenia` նաև մեր երկրի անվանման բերումով։
Հայաստանում ոչ ոք, սակայն, չխոսեց վարչապետի ու իշխանությունների ներդրած ջանքերի մասին, որոնց շնորհիվ էր նաև այս հանդիպումը, որ մեր երկրի միջազգային, քաղաքական ու տնտեսական կշիռը անգամներով մեծացել ու նկատելի է դարձել։
Այս դեպքում մեր ընդդիմադիր դիրքավորված գործընկերներին օգնության հասավ այն նույն արարարողակարգը, որը , ցավոք, մնացած բոլոր պարագաներում գիտակցված անտեսվում է։ Ինչու՞։
Որովհետև պետք է , ուղղակի անհրաժետ է անխնա քննադատել, մեղադրել ու ծաղրել վարչապետին, ձեռքի հետ էլ ոտատակ տալ պետությունը, թե ով՞ է Հայաստանին բանատեղ դնում ու լուրջ ընդունում, ում՞ է պետք Հայաստանը։ Վիրավորանքի սլաքներն ու՞մ են ուղղված` իշխանությանը, թե պետությանը։ Իհարկե, հեշտ չէ ընդունել իշխանության հաջողությունը, քանի որ դրանով անդարձ քաղաքական աղբանոց ուղեգիր են ստանում նրանք։
Թե բա` Թրամփը Նիկոլին ստիպված էր իր կողքի աթոռին նստեցրել, երկրների անունների այբբենական կարգն է պատճառը, ոչ թե Նիկոլն ու իր Կառավարությունը։
Ամոթը քաղաքական կատեգորիա չէ, բայց ամոթ ձեզ այբբենական կարգով ` Ա-ից Ֆ ու հակառակը` Ֆ-ից Ա։
Բավ է իշխանությունից վրեժ լուծելու պատրվակով վիրավորեք Հայաստանն ու նրա ղեկավարին։ Վերջացրեք մանիպուլյացիան, խոսեք փաստարկներով` այբբենական կարգով»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան


















































