Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» նվագախումբը վաղը պատրաստվում է համերգ տալու, պարահրապարակ են հրավիրել քաղաքացիներին, որոնք նախապես պիտի գրանցվեն․ իրենք նվագելու են, նրանք՝ պարելու։
Aravot.am-ը գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեց, թե կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանն այս միջոցով ավելացնել համակիրների քանակը, փիառային այս տեխնիկայի կիրառմամբ ԱԺ առաջիկա ընտրություններում լայն ընտրազանգված ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Արթուր Գևորգյանն ասաց․ «Որպեսզի հասկանանք, թե ինչ է «Վարչաբենդը», պատմական իրադարձություններից պիտի սկսենք, սկսենք 2018 թվականի կաթսաների կափարիչներ խփելու հայտնի ակցիայից, որովհետև ժամանակին կարողացան խլացնել տրամաբանությունն ու բանականությունն Հայաստանի այն հատվածի մոտ, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պիտի որ ինքն իրեն մի հարց տար՝ արդյո՞ք ամենալավ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ձայնային ազդեցությունը իրադարձությունների ու միջավայրի վրա, շատ լավ գիտենք, որ հստակ էր, և այդ մասին կան գիտական աշխատություններ։
Կարդացեք նաև
Փաշինյան Նիկոլը տվյալ պարագայում այլ խնդիր է լուծում․ ինքն ուզում է երևալ ժպտերես, բարեհոգի անձնավորություն։ Ի՞նչ է ստացվում․ եկել-հասել ենք մի կետի, երբ բռնաճնշումները, տարբեր տեսակի սահմանադրական խախտումները, եկեղեցու վրա հարձակումները, որի իրավունքը չունի, լիազորված չէ որևէ որոշում կայացնելու, այդ ամբողջն անցնելուց հետո օրվա վարչապետը փորձում է մարդկանց ցույց տալ, որ ինքը բարեհոգի է և կարող է այդպիսի բան անել կամ սրտիկներ անել օդի մեջ՝ ցույց տալով, որ ինքը սիրում է մեր հասարակությանը, մեր ազգին, մեր երկիրը։
Մասշտաբի առումով փոքրացել է․ թաղերում կաթսաներով խփելուց ու մեծ աղմուկ բարձրացնելուց հետո հիմա այս ակցիան դառնում է մի համերգ՝ մի քանի հրավիրյալ ու ստուգված մարդկանց համար, ովքեր չեն կարող հակակցիա անել։
Եթե նախկինում չէր ալարում, չէր զլանում, գրում էր՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ես ձեր ցավը տանեմ և այլն, և այլն, հիմա քաղաքական սնանկության պատճառով Փաշինյան Նիկոլը հակառակ էֆեկտին է հասնում, ինքը փոքրացնում է մասշտաբները։
Քանակի ու տեղի առումով մի բան եմ ուզում ասել․ ժամանակին նորընծա, նորաթուխ վարչապետն ասում էր, որ Ազգային ժողովի տարածքը ժողովրդի տարածքն է, սա չպիտի ունենա փականներ, և ժողովուրդը պիտի գա, այստեղ զբոսնի։ Եթե իրականում իր խոսքի տերն է, թող հրավիրի մարդկանց էդտեղ և էդտեղ իրականացնի համերգը։ Այսինքն՝ էլի քաղաքական փոշիացված կապիտալը առաջացրել է մի իրավիճակ՝ ինչ-որ տեղ պարփակված, չինական պարիսպներով ամփոփված։
Փաշինյան Նիկոլն ապրում է մի կղզում, որի անունն է Փաշինյան Նիկոլ, որտեղ մի մենակատար կա՝ Փաշինյան Նիկոլն է, որտեղ մի թագավոր կա՝ Փաշինյան Նիկոլն է, որտեղ վաղը կգա այդ պահը, ու կտեսնենք՝ կլինի մեկ ունկնդիր, և այդ ունկնդիրը նորից Փաշինյան Նիկոլն է։
Տեսեք՝ ինչ է կատարվում․ 3 միլիոն վարչապետ հայտարարող Փաշինյան Նիկոլը 300 հոգու համար մի հատ համերգ է տալիս»,– ասում է Արթուր Գևորգյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը սրանով ճանաչելիության, հայտնի դառնալու խնդիր չի լուծում, իսկ նման համերգը այս նպատակի համար ինչ-որ բան կարժենար։ Նա, ըստ քանդակագործի, ուզում է ցույց տալ, որ ջղայնացած խոսող, ձեռքը սեղանին խփող, սրան-նրան դուսպրծուկ անվանող, ասֆալտին փռող, ոտքերը ջարդող ու բռնաճնշումներ կատարող Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև հարվածային գործիքներ նվագել գիտի, լավ անձնավորություն է։
Արթուր Գևորգյանի համոզմամբ՝ թեև իր նպատակը բարի երևալն է, սակայն 2024 թվականի հունիսի 22-ից սկսած, երբ «Սրբազան շարժման» վրա «նռնակ» գցեց, ինչ էլ անի, հակառակ ազդեցությունն է ունենում։
«Սա ևս չի ունենալու զարգացումներ կամ շարունակություն, որովհետև նույն հեծանիվ քշելն ինչո՞վ վերջացավ․ սկսեցին տարբեր բուհերի, դպրոցների հեծանիվներ նվիրել, որպեսզի ցանկացողները վերցնեին ու աշխատանքի գնային հեծանիվով, բայց մենք փողոցում ոնց որ հեծանվորդներ չենք տեսնում։
Եվ արդեն երկու տարի տևողությամբ իր ակցիան, իր այդ քարոզչամիջոցը չի աշխատում, չի տալիս արդյունք, մասսայական չի դառնում։
Նույնը էստեղ է լինում․ մի քիչ բարաբան կխփի, մի օր էլ կասի՝ դե լավ, հո ես սաղ կյանքս բարաբան չեմ խփելու, կանցնի իր հաջորդ քայլին»,– ասում է Արթուր Գևորգյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































