Ռադիոակնարկն «Ազատությունով» հեռարձակվել է 1998 թվականի վերջին-1999-ի սկզբին, կամ՝ 1999 թվականի վերջին-2000-ի սկզբին։ Հնչում են հատվածներ Խաչատուր Մելիքյանի հեղինակային երգերից, որոնք կատարում է Թաթուլ Ղարիբջանյանը (Արմենի մտերիմ դասընկերն է նաև)։ Աուդիո ժապավենի վրա նյութը ձայնագրված է օրվա եթերից՝ հաղորդումը վարողի (մոդերատորի) նախորդող և հաջորդող խոսքի հետ։ Ռեպորտաժի ձայնային տարբերակը վերցված է շատ վաղուցվա աուդիո ժապավենից, որի որակը թվայնացնելուց առաջ արդեն բավական տուժել էր։
Օրվա մոդերատոր Արմեն Դիլանյան,- Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեզանից շատերը չեն եղել Ամերիկայում. նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շատերիս համար այն մնում է հեռավոր հրաշք, անհասկանալի և հրապուրիչ մի երկիր, որտեղ «յուղ ու բրինձ են բաժանում»։ Ու վերադարձողին միշտ հարցնում ենք՝ հը՛, դե պատմի՛ր՝ լսենք ինչ կա։ Ահա և մեկի բախտն էլ բերեց. այս անգամ Ամերիկան իր աչքերով տեսավ մեր Արմեն Դուլյանը։ Իսկ նա էլ, հո գիտեք՝ այնպես կպատմի, որ ձեզ կթվա, թե դուք էլ եք եղել։
* * *
Արմեն Դուլյանի ռադիոակնարկը.
Կարդացեք նաև
Երգից հատված,- Ես կգնամ իմ երկիր,
Սիրտս այնտեղ եմ թողել,
Ես կգրկեմ ընկերոջս ամուր,
Կասեմ՝ սա հրաշք է արդեն։
Ծովերից զրկված հայերը ծով շատ էին սիրում, այդ պատճառով էլ ի վերջո բնակություն հաստատեցին ամենամեծ օվկիանոսի ափին՝ Կալիֆոռնիայում։ Իսկ օվկիանոսն այնտեղ խաղաղ է, բայց շատ սառը։ Նույնիսկ ամռանը քչերն են լողանում։ Գերադասում են հանգստանալ Ամերիկայի մյուս կողմում՝ Ֆլորիդայում, Ատլանտյան օվկիանոսի տաք ափին։
Հայերը նաև ամերիկյան կինոն էին շատ սիրում։ Երևի այդ պատճառով էլ հավաքվել են Հոլիվուդում և նրա շրջակայքում։
Ինչպես նկատել է Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը, հայերը հատկապես արտասահմանում սիրում են նարինջ ըմբոշխնել։ Այդ պատճառով էլ հաստատվեցին այնտեղ, որտեղ կլոր տարին կարելի է նարինջ ուտել, այն էլ՝ քո սեփական բակում աճեցրած նարինջը։ Իսկ ընդհանրապես, լոսանջելեսյան բակի բուսականությունն, իհարկե, եզակի է. նույն տարածքում ընդամենը մի քանի քառակուսի մետրի վրա կողք-կողքի համերաշխ աճում են մեքսիկական փշոտ կակտուսը, ռուսաստանյան կեչին, արևադարձային արմավենին և այն վարդը, որը գարնանը բացվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում։ Եվ սա դեռ բավական չէ, այս տարօրինակ բազմազանության կողքին լոսանջելեսցիները այս օրերին բակում նաև տոնածառ են դնում։ Դուք երբևէ տեսե՞լ եք զարդարված տոնածառ կակտուսի ու արմավենու հարևանությամբ ու կողքին էլ կիզիչ արևի տակ տանջվող Ձմեռ պապին՝ քուրքը հագին։ Գնացե՛ք Լոս Անջելես, և վե՛րջ։
Կնոջ գովազդային ձայն,- Welcome to Los Angeles, Happy New Year!
Երգից հատված,- Հեռավոր երկրում, ուր կարոտն արցունքներ է բերում…
Լոսանջելեսյան բուսականությունից պակաս բազմազան չէ նաև այստեղի բնակչությունը։ Ի՜նչ լեզվով ասես, որ ցուցանակներ չես տեսնի խանութների վրա։ Իսկ անգլերենից հետո ամենատարածվածը Ամերիկայի այս լատինոհայկական հանրապետությունում՝ Կալիֆոռնիայում, իհարկե, մեքսիկացիների իսպաներենն է։ Հայաստանցին այստեղ շատ շուտ է կողմնորոշվում՝ հասկանալով, որ օրինակ, երևանյան հասարակ քյաբաբնոցը այստեղ շատ հնչեղ անուն ունի՝ Qyabab Factory, այսինքն, քյաբաբի գործարան։ Բայց մնում է նույն հայկական քյաբաբնոցը հայկական ռաբիս երաժշտությամբ ու հայկական «ախպե՛ր, ի՞նչ բերեմ»-ով։ Այստեղի խանութներում էլ կարող եք լիուբոլ Հայաստանի կարոտն առնել՝ բաստուրմա, գաթա, ջերմուկ…Մի խոսքով՝ Աշտարակի պոպոքից մինչև Հմայակի հանրահայտ կոշիկը։
Լոսանջելեսյան հայերեն գովազդ ՝ Ուրախությամբ հայտնում ենք, որ հանրահայտ ԻնդոՅուրոփեան արտադրությունը շարունակում է իր ծառայությունը և սպասարկությունը հայ ժողովրդին։ (Լուսիկ Քոշյանի կատարումից՝ «Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը, Համայակ ջան…»)։ Առկա է Հայաստանից ստացված լավագույն օղի և լավագույն մուրաբաներ։ Այս օղին և մուրաբաները կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներից։ ԻնդոՅուրփեա՜ն։
Ի դեպ, Հմայակի սապոգը, ինչպես նաև նրա հեռուստացույցը, վիդեոն և այլ ապրանքներ այս օրերին կարող եք ձեռք բերել էժան գնով,- պնդում է հայկական գովազդը։
Լոսանջելեսյան հայերեն գովազդ՝ Ուշադրությու՛ն, ժողովուրդնե՛ր, ահավասիկ քաղաքի լավագույն իրարանցումը. Կաղանդ Բաբան՝ Ձմեռ պապիկը , և Մամիկը ձեռք–ձեռքի այս կիրակի կայցելեն Պերճուսի փառքին Սելլ մեծ վաճառքին, ուր պիտի բաժնեն բազմաթիվ նվերներ, ուր պիտի տրամադրեն մինչև 80 տոկոս զեղչեր. տելեվիզորներ՝ 49 տոկոս դոլարէն սկսյալ, (…), մագնիտոֆոն՝ 79 դոլար, (…),միս աղացող մեքենա՝ 49 դոլար։
Հոգեհարազատ տեսարաններ կարող եք տեսնել նաև Լոս Անջելեսի ամայի փողոցներում, որտեղ կհանդիպեք, օրինակ, Հայաստանի, ասենք՝ Մալիշկա գյուղից եկած մի ծերունու՝ իր հին գյուղացիական գլխարկով, 30 տարի առաջ իրենց գյուղի խանութում գնած կոստյումով։ Նա քայլում է արմավենիների տակ այս արտասովոր երկրում՝ երևի հիշելով իր հարազատ գերանդին և մինչև այժմ չըմբռնելով, թե ինչպես և ինչու է այստեղ հայտնվել։
Երգ ՝Հեռավոր քաղաքից հարազատ ինձ ձայներ են կանչում…
Իսկ ընդհանրապես, Լոս Անջելեսի փողոցով քայլելիս ոչ միայն հայ, այլև ցանկացած մարդ հանդիպելը մեծ երջանկություն է, քանզի Լոս Անջելեսում ոչ ոք չի քայլում։ Այստեղ բոլորը մեքենայով են ՝ դպրոցական, պապիկ, տատիկ… Եվ երբ հայաստանցին հպարտությամբ պատմում է, թե իր, ասենք, եղբոր ընտանիքը Լոս Անջելեսում է և արդեն չորս մեքենա ունի, դա ամենևին էլ տվյալ ընտանիքի անսահման հնարավորությունների մասին չի վկայում։ Չորսհոգանոց ընտանիքը ոչ թե հնարավորություն ունի չորս մեքենա գնելու, այլ պարզապես հնարավորություն չունի այդքան մեքենա չգնելու, քանզի հասարակական տրանսպորտը օվկիանոսի ափին տասնյակ կիլոմետրերով փռված այս քաղաքում գրեթե իսպառ բացակայում է, և առանց մեքենայի դու պարզապես կորած ես։ Ասենք, դու կորած ես այն օրվանից, երբ հայտնվեցիր այստեղ՝ Ամերիկայում։
Իհարկե, նպաստ կտան, տուն կվարձես, ըստ որում, ոչ շատ թանկ գնով։ Նույնիսկ թոշակառուներին 600 դոլար են տալիս, իսկ ուտելիքն էլ այստեղ բավական էժան է։ Իրենք՝ Լոս Անջելեսի հայերն են խոստովանում, որ մեկ մարդը սննդի վրա ամսական ծախսում է ընդամենը 100 դոլար։ Այնպես որ, դեռ փող կմնա կազինոյում խաղալու ու անպայման տարվելու համար։ Ճիշտ է, այստեղ՝ Կալիֆոռնիայում, խաղային ավտոմատներն արգելված են, բայց հոգ չէ. ընդամենը չորս ժամվա մեքենայի ճանապարհ Մահվան Հովիտ կոչվող անապատով, և դուք հարևան Նևադա նահանգում եք՝ կազինոների աշխարհում, Լաս Վեգասում, որտեղ ապրում է մեր հայրենակիցը՝ Քըրք Քըրքորյանը։ Այստեղ է նա կառուցել աշխարհի ամենամեծ՝ MGM 5000 տեղանոց հյուրանոցը։ Բայց այդ հյուրանոցի կազինոյում մի՛ խաղացեք, թող այլազգիները տարվեն ու իրենց լուման ներդնեն հայաստանյան ծրագրերի իրականացման մեջ, եթե Քըրքորյանը որոշի հերթական 100 միլիոնը նվիրել Հայաստանին։
Երաժշտություն՝ Money Money Money , (հատվածը՝ Լայզա Մինելլիի կատարմամբ)։
Պտտվի՛ր, պտտվի՛ր բախտանիվ, միևնույն է, ի վերջո կանգնելու ես, և այն ժամանակ կրկին ու կրկին վերադառնալու է ամեն գիշեր տանջող հարցը. ինչո՞ւ եմ ես այստեղ՝ այս օտար ու հեռավոր երկրում։ Ի՞նչն է ինձ պահում այստեղ, ի՞նչը թույլ չի տալիս վերադառնալ հայրենիք։
Երաժշտություն՝ Money Money Money երգի մեղեդուց հատված։
Ու կսկսես 100 պատճառ որոնել՝ սկսած մեր ավանդական հայկական պատճառաբանությունից. դե, հո ի՞նձ համար չեմ ապրում, երեխաներիս համար եմ ապրում. նրանք պետք է այստեղ լավ կրթություն ստանան, մասնագետ դառնան, հետո արդեն՝ իրենց գործն է։ Եվ՝ վերջացրած ոչ պակաս ավանդական փաստումով՝ ես որ այստեղ չլինեմ ու Երևան փող չուղարկեմ, այնտեղ Վալոդը, Ֆլորան, Հասմիկը ինչպե՞ս պետք է յոլա գնան։
Երգ՝ …Ես երազում եմ, որ զավակս մի օր արթնանա հարազատ քաղաքում…
Եվ անընդհատ մագնիսի պես կձգի Հայաստանը, և անընդհատ կասես՝ չէ՛, պե՛տք է վերադառնալ, ու չես վերադառնա։
Երգ՝ …Հեռավոր քաղաքից հարազատ ինձ ձայներ են կանչում…
Հիշու՞մ եք, հայ պատգամավորներից մեկը մի անգամ հանրահայտ օրինակ բերեց՝ ենթադրենք, ձեզ հյուր են հրավիրել՝ երեկոյան ժամը 8-ն է, դուք դեռ չեք որոշել՝ գնա՞լ, թե՞ չգնալ։ Երեկոյան ժամը 9-նն է, դուք դեռ չեք որոշել՝ գնա՞լ, թե՞ չգնալ, ժամը 10-ն է, դեռ չեք որոշել, 11-ն է, դեռ չեք որոշել…Ո՛չ, դուք արդեն որոշել եք՝ դուք չե՛ք գնալու։ Իզուր եք ինքներդ ձեզ խաբում, թե դեռ չեք որոշել, դուք արդեն որոշել եք, դուք չե՛ք վերադառնալու։
Երգ՝ …Հեռավոր քաղաքից հարազատ ինձ ձայներ են կանչում…


















































