Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության բարեկամներիս» տեսեք

Հունվար 30,2026 10:00

Փաշինյանի իշխանությունը անազատության մեջ է պահում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, ուղիղ հարձակումներ գործում ազատ խոսքի վրա, բռնությամբ խոչընդոտում է եկեղեցական ծեսերի իրականացմանը, իրեն է վերապահում որոշելու, թե ով պետք է լինի կաթողիկոս, եպիսկոպոս կամ քահանա:

Եվ այդ իշխանության ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը գնում է, ԵԽԽՎ-ում բողոքում է «ազատության թշնամիներից»՝ թափանցիկ ակնարկով, որ ամբողջ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Հայաստանի ազատության գլխավոր թշնամին Ռուսաստանն է: Այդպիսով, մի կողմից յուղ լցնելով եվրոպացիների սրտին, բայց, մյուս կողմից, Ռուսաստանի անունը չտալով (գեղջկական «շուստրիություն»): Իբր հիմա Հայաստանում ժողովրդավարություն է, իսկ ընդդիմությունը ցանկանում է երկիրը վերադարձնել ավտորիտարիզմին:

Բայց ընդդիմադիրների «հակապետական գործունեությունը» դրանով չի սահմանափակվում: Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարական մեխանիզմները՝ իշխանության գալու համար: Այսինքն՝ պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինչպե՞ս են համարձակվում: Ընտրություններին պետք է մասնակցեն բացառապես իշխանությունների արբանյակներն ու խամաճիկները, որոնց Փաշինյանը կնշանակի «ընդդիմություն»: Դրա համար պետք է ոչ միայն բանտերում պահել ընդդիմադիրներին, այլեւ թերեւս չգրանցել իրական ընդդիմադիր կուսակցություններին ու դաշինքներին, որ նրանք ընդհանրապես չմասնակցեն ընտրություններին: Բնականաբար, եվրոպական կառույցների ծափահարությունների ներքո:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, բացարձակապես չի հուզում, թե ովքեր են ազատության թշնամիները, իսկ ովքեր՝ բարեկամները: Նրանց հետաքրքիր է՝ արդյոք Հայաստանի իշխանավորները եւ իշխանամերձ շրջանակները, գոնե հռետորաբանության մակարդակով, Ռուսաստանի մասին ինչ-որ բացասական բաներ խոսո՞ւմ են, թե՞ չեն խոսում: Եթե խոսում են, դա արդեն իսկ բավարար է՝ նրանց «ազատության բարեկամ» հռչակելու համար:

Եթե Փաշինյանը 1000 հոգի ոչ միայն ազատազրկի, այլեւ գնդակահարի, միեւնույն է՝ «եվրոյոնջաները» նրան աշխարհիս ամենամեծ ժողովրդավարն են համարելու:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս հարցում եվրոպացիներից բացի, ես մեր ընդդիմադիրների մեջ եմ նաև խնդիր տեսնում։ Օրինակ, մեր ընդդիմադիրները, որոնք երբեմն եվրոպական կառույցների ինչ-որ նիստերի են մասնակցում, կարող են հարկ եղած դեպքում օբյեկտիվորեն խոսել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքները հողին հավասարեցնելու և ժողովրդին կոտորելու մասին, կարող են գոնե քննադատել Ռուսաստանին իր խաղաղապահ առաքելությունը Արցախում լիարժեք չիրականացնելու հարցում, կամ էլ այն հարցում, որ Ռուսաստանը թույլ տվեց ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին գրավելու ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հողերը (Սև լճի տարածքում, Ջերմուկի մոտ): Կարող էին խոսել բաց տեքստով և համարձակ ձևով։
    Մեր խեղկատակ իշխանավորները Ռուսաստանի անունը չտալով, գոնե “նամյոկներ” են անում նրա մասին, իսկ մեր ընդդիմությունը դա էլ չի անում, բերանը ջուր է լցրել: Այսքանից հետո, Հայաստանի ներքին կյանքի մասին շատ քիչ բան իմացող եվրոպացին ում մասին ինչ կարծիք կկազմի, պարզ չի?:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    «Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, բացարձակապես չի հուզում, թե ովքեր են ազատության թշնամիները, իսկ ովքեր՝ բարեկամները:»

    Դա տարօրինակ չէ․ եթե ուշադիր նայեք, ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի ձեռքում ծրար կա, իսկ ԵԽԽՎ նորընծա նախագահ Պետրա Բայրի հորթի հրճվանքը առանց ուշադիր նայելու էլ ակնհայտ է։ Մեր ԱԳՆ-ի ամոթխած ժպիտն էլ ինձ հիշեցնում է 12 աթոռի սոցիալական տան տնօրենին, ում Բենդերը «երկնագույն գող» էր անվանում։ Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մնում է միայն պարզել ծրարը փոխանցելու ուղղությունը․ մերոնցից նրա՞նց (նկարում՝ արդեն կատարված գործողություն), թե՞ հակառակը (նկարում՝ գործողություն ընթացքի մեջ)։ Եթե առաջին վարկածը հումորի ժանրից է, ապա երկրորդը թվում է իրականությանը շատ մոտ։ Պարգևատրումների տեսքով նախընտրական կաշառքները, ոստիկանական գունավոր բերետների բազմազանությունն ու քանակը, կառավարական պորտաբույծների (էնմեկելի գլխավորությամբ) ցոփուշվայտ վարքը, եկեղեցու և ընդդիմության դեմ օգտագործվող ռեսուրսները (ադմինիստրատիվ և դատաիրավական)․․․ Երևի վաղ թե ուշ կպարզվի, թե որտեղից այս միջոցները մեր խեղճուկրակ երկրին։ Համենայնդեպս, դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ դրանք գոյանում են նաև իմ տված հարկերից։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031