Այսօր մենք կփորձենք նկարագրել ընտրողների շերտերը, որոնք այս կամ այն կուսակցության կողմնակիցը չեն, արտահայտված համակրանքներ ու հակակրանքներ չունեն (կամ` համարյա թե չունեն), բայց ըստ Սահմանադրության նրա՛նք են Հայաստանում իշխանություն ձեւավորում ընտրությունների օրը, նրա՛նց քվեն են մուրում ապահով-հարուստ-հաջողակ, ոչ մի մեկի կարիքը չունեցող մեր քաղաքականները այդ մեն-մի օրը: Շերտավորենք մեր ընտրողներին, գումարում-հանումը թողնելով ընթերցողին:
-Սկսենք արցախցիներից, որոնց Արարատ Միրզոյանն ԵԽԽՎ իր ելույթում իսկի մարդ չհամարեց: Նրանց կեսի`վաթսուն-յոթանասուն հազար ընտրական տարիքի արցախցու քվեն կկիսվի հավանաբար: Ովքեր իշխանության հասցեական օգնությունից բավարար օգտվել են` անխոս կընտրեն իշխանական կուսակցություններին, սակայն նրանց կայուն ու ստվար մի զանգված, անշուշտ, կընտրի քոչարյանական կամ սերժսարգսյանական դաշինքներին, Սամվել Կարապետյանի ձեւավորած բլոկին եւս զգալի թվով արցախցիներ կաջակցեն:
-Պետական ապարատում զբաղված աշխատողների թիվը Հայաստանում բավական ներշնչող է` երկու հարյուր հազարից ավելի մարդ, եթե այդ թիվը կրկնապատկենք` ամեն աշխատողին ընտանիքի մեկ անդամի քվե եւս հաշվարկով, ապա այդ թվի զգալի մասը, մանավանդ նոր իշխանության օրոք չաղլիկ պարգեւավճարների առկայությամբ, անշուշտ ընտրելու է իրեն կերակրող ձեռքին` իշխանությանը: Իհարկե, այդ թվի մեջ կլինեն հներին թաքուն համակրողներ, սակայն հազիվ թե նրանք շատ մեծ թիվ կազմեն ընտրելիս, իրար կասկածելու ներկա մթնոլորտում:
-Զինծառայողների թիվը կարելի է գլխի ընկնել, թեեւ դա պետական գաղտնիք է, եւ մտովի նրանց եւս ավելացնել իշխանականների ակտիվներին, քանի որ վերջին շրջանում մի շարք օրենքներ ուղղված էին զինվորականության սոցիալական կարիքներին, բանակում ծառայության ժամկետի կրճատմանը, աշխատավարձերի բարձրացմանը, այնպես որ հազիվ թե զինվորականության քվեի մեծ տոկոս գնա ընդդիմությանը, իշխանությունը վաղուց է թիրախային աշխատել այս դաշտում:
Կարդացեք նաև
-Թոշակառուները` ամենաստվար այս ընտրազանգվածը թիրախ են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար, նրանք հենց ամենաանկանխատեսելին են: Ամենաանապահով այս ընտրողները, որոնք կես միլիոնից ավելի են, միշտ կարող են դառնալ իշխանության կամ ընդդիմության շահառուները` նայած, թե ումից` ինչ սպասելիք ունեն կամ կունենան: Նրանց մի մասն, այնուամենակնիվ, համարելու է, որ այս իշխանության օրոք, թեկուզ աննշան, իր թոշակը մի փոքր ավելացել է, իսկ մյուսները նայելու են ֆինանսական միջոցներ շաղ տվողների ուղղությամբ: Այնպես որ թոշակառուների ավելի ու ավելի մեծ շերտեր որսալու մրցավազքը դեռ նոր է սկսվելու, իշխանությունը միգուցե նոր կիսաորոշումներով, ընդդիմությունը` խոստումներով, եւ ոչ միայն փորձելու են խաբշտել թվով ամենամեծ ընտրողների այս շերտին: Հերթական անգամ: Իսկ թոշակառուներն, անշուշտ, նրանց թիվը եթե նկատի առնենք, իրոք կարող են ե՛ւ իշխանություն փոխել, ե՛ւ իշխանությունը նույնը թողնել:
-Թոշակառուներից ավելի խնդրահարույց են գյուղական, համայնքային ընտրողները, որոնք, ինչպես եւ առաջներում, ամենաշատն են ենթակա անարդարություններին, դժվար ապրուստ ունեն, ենթակա են մարդու իրավունքների ամեն տեսակի ոտնահարումների: Այ նրանք, որոնք Հայաստանի բնակչության կեսն են, կարող են շատ բան վճռել, ու չնայած ներկա իշխանություններից եւս առանձնապես ուշադրության չեն արժանացել, նրանցից շատերը շարունակում են վախենալ նախկինների վերադարձից:
-Եվ վեջապես` Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանող լայն շերտերն ու աղանդավորները, վերջիններս էլ Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում: Ինքներդ էլ գիտեք` ում քվե կտան առաջինները, եւ ում` երկրորդները:
Հիմա այս բոլոր շերտերը մի անգամ էլ դիտարկեք ռուսամետության եւ արեւմտամետության բացվածքով, քանի որ մեր քաղաքական ուժերն են այդ տարբերակիչի տակ (որքան էլ ծիծաղելի կամ ողբալի համարենք սա), ու այս բացվածքով վերատեսության ենթարկեք ձեր սզբնական հաշվարկները:
Սոցիոլոգիական հարցում էիք ուզո՞ւմ` ստացեք, գումարեք-հանեք` անկախ ընդդիմության բլոկների, անկախ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ հմուտ իշխանության կեղծ թվերից: Ո՞վ է հիմա հավատում սոցհարցումներին, դրանք միշտ եւ հիմա ներկայացնում են պատկեր ըստ պատվիրողի ցանկությունների:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































