«Առողջապահական համակարգի դիմելիությունն աճել է եւ էլի աճելու է։ Սա նշանակում է, որ մեր բժշկական կենտրոններն իրենց կարողությունները պետք է ընդլայնեն»,- խորհրդարանում ՔՊ խմբակցության կազմակերպած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ պետությունը՝ որպես ԲԿ-ների հիմնադիր, ներդրումներ է իրականացնում, որպեսզի ավելացվեն ԲԿ-ների սարքավորումները, հնարավորությունները, ենթակառուցվածքները եւ մասնագիտական ներուժը։
Անդրադառնալով քաղցկեղով հիվանդների համար անվճար դեղորայքի հատկացմանը՝ Ավանեսյանն ասաց, որ ապահովագրական փաթեթի շրջանակներում քիմիոթերապեւտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը 1,2 մլն դրամի շրջանակներում է։ Սրա շրջանակներում քաղաքացին կարող է օգտվել ծառայությունից։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը կարեւոր բարեփոխում անվանեց ապահովագրության ներդրումը։ «Ի հեճուկս բոլոր թերահավատների, չարախոսների՝ շատ կարեւոր գործ ենք մենք անում։ Հատկապես էն առումով, որ Հայաստանում կա էդ խնդիրը՝ մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, մարդիկ չեն դիմում բժշկի, նաեւ ֆինանսական որոշակի սահմանափակումներից դրդված։ Մենք շատ կարեւոր բեռ ենք թեթեւացնում բուժառուի ու նրա ընտանիքի ընտանեկան բյուջեից»։
Կարդացեք նաև
Եղոյանը հարց ուղղեց նախարարին՝ տարվա վերջին նույնականացված թվերը կլինե՞ն, թե քանի մարդ է օգտվել համակարգից։
Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց, որ առողջապահությունը պիտի ամբողջությամբ դառնա թվային։ «Այո, մենք կարողանալու ենք տալ հստակ վիճակագրություն՝ քանի անձ է օգտվել, մեկ անձի համար ինչքան ենք ծախսել, մեկ անձն ինչ ծառայություններից է օգտվել, քանի դեղ է առել»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նախարարն ասաց նաեւ, որ հաջորդ շաբաթվանից ԲԿ-ներում փակցված կլինեն QR կոդեր, որոնք սկանավորելով՝ քաղաքացիների մոտ կբացվի կարճ հարցաշար, քաղաքացիները կարող են անանուն լրացնել իրենց բողոքներն ու դիտարկումները։ «Բողոքը պիտի նաեւ լինի այնպիսին, որից կարող ես բան քաղել ու դրանց վրա աշխատել»,- հավելեց նա։
Անահիտ Ավանեսյանը նաեւ ասաց․ «Եթե մենք ուզում ենք ունենալ առողջապահական լավ արդյունքներ, ուրեմն, ուղին պիտի ճիշտ ապահովենք։ Եթե ամեն մեկս որոշենք՝ լավ չեմ զգում, գլուխս ցավում է, միանգամից գնամ հիվանդանոց՝ ՄՌՏ հետազոտության, ապա մեր համակարգը չի դիմանա, ժողովուրդ ջան, ուղղակի կփլուզվի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































