Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական անվտանգություն կարող է լինել, եթե դու Զելենսկի չես դառնում, Սահակաշվիլի չես դառնում»․ Անդրանիկ Թեւանյան

Հունվար 30,2026 14:59

Ինչպե՞ս Հայաստանը հանել խոշոր տերությունների բախման կետից․ այս հարցին էին այսօր պատասխանում «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։

Քննարկումը վարող Վահե Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Իրանի շուրջ զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական կլանումն այսօր քչերին են հետաքրքրում, մինչդեռ այս ամենը կատարվում է Հայաստանում նախընտրական փուլում, որտեղ Թուրքիան ունի իր նախընտրած թեկնածուն։

Իրավական տեսանկյունից, ըստ նրա, Հայաստանում կատարվում են մեծ այլանդակություններ, որտեղ ներգրավված են պետական ինստիտուտները։

Քննարկման մասնակից, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ, Հայաստանի օրվա իշխանությունը «խաղաղության», վախի եւ մեկ մարդու քմահաճույքից կախված վաճառական է․ «Դա է իրենց՝ աթոռին մնալու կամ կաշին փոխելու երաշխիքը։ Այս իշխանությունը վախենում է Սահակաշվիլու ճակատագրին արժանանալուց, ուստի ամեն օր քայլեր են անում՝ Հայաստանը մտցնելով նոր խնդիրների մեջ»։

Իր գնահատմամբ, իշխանությունը ստում է, երբ ասում է, որ կան հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ․ «Կա միջնորդ՝ Թուրքիան է, թելադրող՝ Ադրբեջանն է, Հայաստանն այդ ամենում օբյեկտի դեր է կատարում»։

Անդրանիկ Թեւանյանը հստակեցնում է՝ Թուրքիայի նպատակն է ՀԱԷԿ-ը փակել, Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից եւ զրկել գործընկերներից, «Զանգեզուրի միջանցք» ստանալ եւ այսպես․ «Եթե կարճ ձեւակերպենք՝ մեզ առաջարկում են «Արեւմտյան Ադրբեջան»․ սա է այն ծրագրային հենքը, որով հարաբերվում է Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի հետ՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Թրամփի ուղով Հայաստանը ոչ թե ապաշրջափակվում է, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար անխոչընդոտ տարածք է ապահովում։ Դրական ենք համարում Թրամփի ջանքերը՝ խաղաղություն հաստատելու, բայց դրական ենք համարում նաեւ այն անկեղծությունը, երբ ասում են՝ իրենք երաշխավոր չեն։ Մեզ միջնորդ-երաշխավոր է անհրաժեշտ, որպեսզի իրական ապաշրջափակում լինի՝ Հայաստանից Իրան բեռներ տեղափոխվեն, Ադրբեջանով էլ ՌԴ․ մենք պետք է վերաբանակցենք Թրամփի ուղու համաձայնությունները»։

Նա կարծում է, որ առաջիկա ընտրություններում 2021 թվականի խաբեության կրկնություն չպետք է թույլ տանք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հարցին՝ ինչպե՞ս պետք է հանրությանը հասցնել, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմը չէ, որ ՀԱԷԿ-ը կփակվի, բայց մոդուլային ատոմակայան կկառուցվի, որ ադրբեջանցիները կվերաբնակեցվեն Հայաստանում՝ ոչինչ, էժան բենզին կգա Հայաստան ու կապրենք եւ այլն, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Մենք խելագարության կանխավարկածով չենք առաջնորդվում, որ գանք եւ ասենք՝ ԱՄՆ-ին պատերազմ ենք հայտարարում»։

Հղում անելով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, որ Հարավային Կովկասը ՌԴ անվտանգության գոտի է համարում, նա միանգամայն իրատեսական է համարում ձեռք բերված համաձայնությունների վերաբանակցումը, նոր դերակատարների ընդգրկումն այդ ծրագրերում, ինչն էլ կբերի իրական անվտանգություն․ «Իրական անվտանգություն կարող է լինել, եթե դու Զելենսկի չես դառնում, Սահակաշվիլի չես դառնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031