ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հունվարի 30-ին այցելել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն և հետևել ցուցադրական վարժանքին:
Ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հրշեջ-փրկարարական սարքավորումների և տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին, իսկ ինժեներասակրավորային և վթարա-փրկարարական պատրաստության լսարաններում ծանոթացել են կրթական հնարավորություններին:
Սցենարային վերապատրաստումների ընթացքում ցուցադրվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ հրդեհ, պայթյուն, քարաթափում, արգելափակված և տուժած քաղաքացիներ: Փրկարար ջոկատները օպերատիվ արձագանքել են յուրաքանչյուր սցենարի՝ օգնություն ցուցաբերել տուժածներին, մարել հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել արգելապատնեշները:
Կարդացեք նաև
Առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, խնդիրները՝ հաջողությամբ լուծվել:
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստավածությունն ու մասնագիտական կարողությունները:
Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը:
Ավարտին Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































