«ռեԱրմենիա» ակադեմիայի նպատակն է Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում Հայաստանի վերափոխման մեջ ներդրում ունենալ 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
Ուղղությունները ներկայացվեցին ակադեմիայի՝ ԱԲ գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպման շրջանակում։
«ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը մասնակիցների հետ կիսվեց ԱԲ ոլորտի համաշխարհային ուսումնասիրություններով, որոնց համաձայն ԱԲ կիրառման ոլորտում գնալով աճում է անջրպետը զարգացած և մյուս երկրների միջև։ Հակոբյանի խոսքով՝ ստացվում է, որ զարգացող երկրները զարգացածների համար պարզապես հումքի՝ տվյալների մատակարար են՝ ավելի զորացնելով նրանց։
Կարդացեք նաև
Հայաստանն այս սանդղակում առայժմ միջին դիրքերում է։ «Եթե մենք հիմա առավել ուշադիր լինենք, կարող ենք թռիչքային աճ ապահովել, գտնել մեր յուրահատուկ տեղն ու այդ ուղղությամբ զարգանալ։ Բայց եթե հապաղենք ու անհատական, համայնքային և հաստատությունների մակարդակով այդ տրանսֆորմացիան արագ չանենք, կարող ենք կորցնել պահը ու հետընթաց ապրել»։
«ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարել է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար։ Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։
«Մեզ վստահված ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է աշխարհում ընկալվել որպես AI տրանսֆորմացիայի և կրթության ոլորտում արագ զարգացող հուսալի հարթակ», – նշում է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Թիմը AI-ի ոլորտում վերապատրաստելու համար Ամերիաբանկը ևս համագործակցում է «ռեԱրմենիա» ակադեմիայի հետ։ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը միջոցառման ընթացքում կիսվեց աշխատակիցներին կրթական գործընթացում ակտիվ ներգրավելու իրենց փորձով. ««ռեԱրմենիա» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում մենք հաջողությամբ գործարկել ենք մեր աշխատակիցների վերապատրաստման արդեն երրորդ խումբը՝ յուրաքանչյուրում 100 մասնակից»։ Նրա խոսքով՝ ցանկացած տեխնոլոգիական նորարարություն ուղեկցվում է վախերով, և Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տեսանկյունից կարևոր է այս ճանապարհը թիմակիցների հետ միասին անցնելը, վախերը հաղթահարելու հարցում նրանց աջակցելն ու ԱԲ-ի հետ անմիջական կապը ստեղծելուն նպաստելը։
«ռեԱրմենիա» ակադեմիայի ԱԲ գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպման շրջանակում կայացավ նաև պանելային քննարկում, որի մասնակիցներն այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում ԱԲ-ի հետ համընթաց քայլելու առումով կարևորեցին հետաքրքրասեր լինելը, հստակ նպատակներ սահմանելը, ինչպես նաև ԱԲ-ի զարգացմանը համընթաց գործելը՝ այն դարձնելով գործընկեր, բայց երբեք ոչ ղեկավար։
Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։ Ակադեմիայի գործընկերն է Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը՝ Bharatiya Vidya Bhavan-ը (BVB) և #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնությունը՝ BVB-ի Պատվավոր հրավիրված պրոֆեսոր Ռոհիտ Բանսալի ղեկավարությամբ։
Այս նախագծի շրջանակում 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ BVB-ին կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը հինդիով և անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։
«Ամերիաբանկ»























































