Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի վիճելի պնդումները. «ԱրմենՏել»-ից մինչև ՀՕՊ համակարգեր. CivilNetCheck

Հունվար 30,2026 22:11

Շուշան Ստեփանյան, CivilNetCheck

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի մամուլի ասուլիսին մի շարք պնդումներ արեց «ԱրմենՏել» ընկերության վաճառքի և հակաօդային պաշտպանության համակարգը «Սու» կործանիչներով փոխարինելու և այլ հարցերի վերաբերյալ։ Նա նաև օրինակներ բերեց Ֆինլանդիայի վարչապետի՝ թմրամիջոցներ օգտագործելու հետ կապված քննադատությունից հետո ներկայացրած հրաժարականի և վրացի լրագրողի` Ռուսաստանի նախագահին հայհոյելու պատճառով ռուս-վրացական հարաբերությունների սրման մասին։

#CivilNetCheck-ը գնացել է Քոչարյանի պնդումների հետքերով։

«ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումը և բաժնետերերի փոփոխությունը

Լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ զղջում հանրային սեփականություն հանդիսացող գույքը՝ «ԱրմենՏել» ընկերությունը, «Անի» և «Արմենիա» հյուրանոցները օտարերկրացիներին վաճառելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է ամերիկյան «Մերի Լինչ» ընկերության միջոցով։ Անդրադառնալով «ԱրմենՏել»-ին՝ Քոչարյանը նշեց. ««ԱրմենՏել»-ն արդեն հունական էր, ուղղակի մենք ունեինք մի բաժնեմաս և այդ բաժնեմասն ենք վաճառել»։

1994-ին «Միջքաղաքային հեռախոսային ցանց» ձեռնարկության բազայի վրա ստեղծվել է «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը և հայ-ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը: Կար նաև Երևանի ցանցը, որն առանձին ձեռնարկություն էր: «ԱրմենՏելի» 51 տոկոսի բաժնետերը կառավարությունն էր, 49 տոկոսինը՝ Trans World Telecom Limited (TWT) օֆշորում գրանցված ամերիկյան ընկերությունը: Կառավարության որոշումներով 1997-ի օգոստոսին լուծարվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը և միացվեց «ԱրմենՏելին»: «ԱրմենՏելին» միացվեց նաև Երևանի հեռախոսային ցանցը:

Սեփականաշնորհման մասին օրենքով 1996-1997-ի ծրագրով Ազգային ժողովը որոշեց կառավարության 51 տոկոս բաժնեմասը «Մերի լինչ» կազմակերպության միջոցով հանել միջազգային աճուրդի։

Los Angeles Times-ի 1999-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ նախորդ տարի՝ 1998-ին, Trans World-ը իր 49 տոկոս բաժնեմասը վաճառել է հունական OTE (Hellenic Telecommunications Organization) ընկերությանը։

Կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը դեռ 1999-ին «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ընդունած օրենքով պետք է վաճառվեր պետական բաժնեմասն ամբողջությամբ, սակայն կառավարությունը վաճառել է 51 տոկոս բաժնեմասի 41 տոկոսը՝ պահելով 10 տոկոսը։

«Սա արվել է գնորդ կողմի խնդրանքով, որովհետեւ OTE-ն ուզում էր, որ կառավարությունը հանդես գա որպես գործընկեր»,- ասել էր Պողպատյանը։

ՀՕՊ-ի՝ Սու-30-երով փոխարինելու մասին հակասական պնդումներ

Քոչարյանը, անդրադառնալով զինված ուժերի սպառազինության դիվերսիֆիկացմանը, նշեց, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) այն միջոցները, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցել են ուկրաինական պատերազմում, առկա են եղել նաև Հայաստանի զինանոցում:

Սակայն, ըստ երկրորդ նախագահի, նախապես պատվիրված ՀՕՊ համակարգերը փոխարինվել են «Սու-30» կործանիչներով, որոնք «անգամ մեկ մարտական թռիչք չեն կատարել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում հերքել էր ՀՕՊ միջոցների պատվերը չեղարկելու մասին պնդումները։ Նա հայտարարել է, որ սպառազինության ձեռքբերման պլանով նախատեսված «Տոր» համակարգերը և «Օսա-ԱԿ» համակարգեր ձեռք բերվել են։

«Ես գիտեմ, որ չի փոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի (պլանը` խմբ.)…։ Ես համենայնդեպս նաև գրավոր այդ մասին տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այլ բան, որ բացի նշվածից, այլ ձեռքբերումներ էլ են եղել»,- ասել էր Փաշինյանը։

Ավելի վաղ՝ 2023-ի մարտին, սպառազինության պլանի այս փոփոխության մասին հայտնել էր նաև Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Սակայն ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Մամիջանյանը չեն հրապարակել ապացույցներ, իսկ բաց աղբյուրներով այս տեղեկությունը ստուգել հնարավոր չէ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031