Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշքին հավատացողը…

Հունվար 31,2026 12:00

Համազգային թատրոնը բացեց սեփական «տան դուռը»

«Մեր օրերի վատ նշաններից մեկն էլ այն է, որ ժամանակը դուրս է շպրտում ժողովրդի կյանքից թատրոնը… Վատ նշան է, որովհետեւ ճիշտ է՝ հացն է մեզ մարդ պահում, բայց հացը հոգու հետ է լինում, որովհետեւ հացը ոգեղեն սկիզբ ունի»,- սրանք Սոս Սարգսյանի խոսքերն են գրված 1991-ին՝ այն ժամանակ բավական հայտնի «Արվեստ» ամսագրում:

Եվ այդ հարցով մտահոգ՝ այդ նույն ժամանակահատվածում Սոս Սարգսյանը հիմնեց Համազգային թատրոնը։

1993-ի մայիսից թատրոնը սկսեց իր գործունեությունը Հայաստանի Գրողների միության դահլիճում: Խաղացանկում երկու ներկայացում էր՝ Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», որտեղ Սոս Սարգսյանը գլխավոր դերում էր, եւ Հայկ Հակոբյանի «Լեռնային կակաչները»:

Երկու ներկայացումն էլ դիտելուց հետո ես մեծ հոդված գրեցի, որ լույս տեսավ այն ժամանակ մշակութային «Անդրադարձ» թերթում. դա Գագիկ Մանասյանի թերթն էր, որի պատասխանատուն էր Զավեն Բոյաջյանը:

Մեկ օր հետո զանգահարեց Հրաչյա Գասպարյանը եւ ասաց, որ Սոս Սարգսյանն ուզում է ինձ տեսնել: Գնացի Գրողների միություն, հանդիպեցինք, շնորհակալություն հայտնեց, ասաց, որ իր թատրոնի մասին առաջին հոդվածն է, որ շատ լավ եմ գրել… հետո մենք երկար զրուցում էինք: Նա խոսում էր դանդաղ, ասես իր խոսքն արժեւորելով, խոսում էր թատրոնի դերի ու նշանակություն մասին, թատրոն ստեղծելու իր որոշման պատճառների մասին, ժամանակի դժվարությունների մասին: Եվ զարմանալիորեն այդ դժվար տարիներին, դժվար պայմաններում նա հավատում էր, վստահ էր, որ իր թատրոնն ապագա ունի:

Համազգային թատրոնն այն ժամանակ ուներ հրաշալի դերասանական կազմ՝ տաղանդաշատ, հանդիսատեսին լավ ծանոթ դեմքեր, որոնք հավաքվել էին Սոս Սարգսյանի շուրջը. Կարեն Ջանիբեկյան, Գալյա Նովենց, Մայիս Կարագյոզյան, Շահում Ղազարյան, Արա Դեղտրիկյան, Կարինե Ջանջուղազյան, Աննա Էլբակյան, Նելլի Խերանյան, Տիգրան Ներսիսյան, Դավիթ Հակոբյան, Ամիրան Գալստյան, Նոնա Պետրոսյան…

Այդ երկու, իրականում հրաշալի ներկայացումներին հաջորդեց 1994-ին Վիլյամ Սարոյանի «Մի պտղունց բարություն»-ը, որտեղ բեմում էին Կարեն Ջանիբեկյանը, Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Արթուր Մկրտչյանը, Դավիթ Հակոբյանը…

Ապա 1996-ին «Լիր արքա», որտեղ Սոս Սարգսյանը բեմադրիչն էր եւ գլխավոր դերակատարը:

«Հանդիսատեսը, որ ոտք է դնում թատրոն, ուզում է մաքուր տեսնել, ուզում է գեղեցիկ տեսնել իր շրջապատը: Մեր թատրոնը չունեցավ այդ հնարավորությունը: Փոսի մեջ ենք՝ խոնավ ու ցուրտ,- 1997-ին գրում է Սոս Սարգսյանը: – Այո, ես չեմ կարողանում իմ դերասաններին ծանրաբեռնել, որովհետեւ արդեն կես տարի է՝ ռոճիկ չեմ տվել, դրանից առաջ տվածս էլ մի բան չէր: Չես կարող այդ պայմաններում դերասանից պահանջել իր հնարավորությունների մաքսիմալ օգտագործում, դրսեւորում»… Առաջին հայացքից թվում է հիասթափված է, բայց հետո նույն թվականին գրում է. «Ես բնությունից ուժեղ մարդ եմ ծնվել ու անմռունչ աշխատող, ես շարունակելու եմ աշխատել, ինչ էլ որ լինի։ Ես հուսահատված չեմ…»:

Եվ միայն 90-ականներին Համազգային թատրոնն ունեցավ 15 նոր ներկայացում. դա աննախադեպ սկիզբ էր այդ ծանրագույն ու դաժան ժամանակներում:

Տարիներ են անցել, ծանր ու դժվար տարիներ մեր ժողովրդի համար, կորուստներով ու պայքարով լցված տարիներ, եւ այդ տարիների ընթացքում պայքարել, դիմացել ու ստեղծագործել է նաեւ Համազգային թատրոնը: Դիմացել է շնորհիվ նվիրյալների, շնորհիվ Սոս Սարգսյանից ժառանգած մեծ հավատի, շնորհիվ ստեղծագործելու ունակության ու ցանկության, աշխատասիրության ու նվիրվածության:

Եվ փաստորեն Սոս Սարգսյանը չէր սխալվում, որ հավատում էր…

Եվ այսօր արդեն, քսանից ավելի տարիներ հետո, Երեւան քաղաքում մենք ունենք Սոս Սարգսյանի անունը կրող Համազգային թատրոն՝ իր սեփական շենքով, իր հարուստ կենսագրությամբ, իր կայուն խաղացանկով, իր տաղանդաշատ ղեկավարով, իր հրաշալի դերասանական կազմով, հաջողված ներկայացումներով ու դերակատարումներով:

Այս օրերին Համազգային թատրոնի շենքի բացումն էր: Թատրոնը սկսեց Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումով:

Մ. Մետերլինկի այս պիեսը, որ գրվել է շուրջ մեկ դար առաջ, զարմանալիորեն արդիական է նաեւ այսօր: Պիեսը, որը իր ներքին շերտերում նաեւ սիմվոլիստական շեշտադրում ունի, բեմադրության լայն հնարավորություններ է տալիս, որից եւ կատարելապես օգտվել է բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը: Հետաքրքիր ու ինքնատիպ լուծումներով այս ներկայացումը նաեւ պիեսից բխող ենթատեքստ ունի. արդյո՞ք դերասանն է թատրոնում խամաճիկ, թե՞ ընդհանրապես մարդն ինքը… Բեմում կատարվածը բոլոր ժամանակների մասին է, նաեւ մեր մասին է… Մարդը խամաճիկ… «հրաշքին» անհաղորդ… «հրաշքը» մերժող…

Չեմ ուզում դերասաններից որեւէ մեկին առանձնացնել: Ես ունեմ իհարկե այդ թատրոնում իմ սիրելի դերասանները, ինչպես օրինակ՝ Տաթեւ Ղազարյանը, բայց այս անգամ չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ սա իրականում կուռ թիմային աշխատանք էր, այստեղ լավն էին բոլորը, նրանք միասին էին, նրանք նույն լեզվով էին խոսում, գովելի առանձնահատկություն, որ բնորոշ է այս թատրոնին եւ քիչ թատրոններում է նկատելի:

Եվ «հրաշքն» այսօր միայն պիեսի վերնագրում չէր, հրաշքն իրականություն էր՝ Համազգային թատրոնը սեփական շենքում, գունեղ ու հետաքրքիր ներկայացում… Եվ ուրախ էին բոլորը, ռեժիսորը, դերասանները, հանդիսատեսը, որովհետեւ դա տարիների համբերությունն էր, տարիների սպասումը, տարիների աշխատանքն ու վաստակած արդյունքը:

Այսօր թատրոնը ղեկավարում է դերասանական եւ ռեժիսորական շնորհներով օժտված Նարինե Գրիգորյանը, եւ իմ համակրանքը փոխանցելով՝ հավատում եմ, որ նա անպայման շարունակելու է թատրոնի նախանշած ուղին:

Նաեւ պետք է հարգանքի խոսքեր ասել այս երկար ու ձիգ սպասումի տարիներին թատրոնի բոլոր տնօրեններին ու գեղարվեստական ղեկավարներին՝ իրենց աշխատանքի, ջանքերի ու հավատի համար:

Ուզում եմ ավարտել դարձյալ Սոս Սարգսյանի խոսքով. «Հանդիսատեսը պիտի ապրի դերասանի հույզով: Եթե ես քեզ հեքիաթ եմ պատմում, ու դու չես հավատում էդ հեքիաթին, ուրեմն՝ չեմ կարողանում հեքիաթ պատմել: Հեքիաթ պատմողին հավատացող է պետք»…

Ուրեմն ցանկանանք, որ այսուհետ եւս Համազգային թատրոնի բոլոր «հեքիաթներին» մշտապես հավատացող լինի:

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
30.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031