«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք»
Նախորդ պատումը՝ այստեղ:
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։
Մահապատժից հինգ տարի. մի հետաքննության իրական գինը
Կարդացեք նաև
Գրասենյակի դուռը բացվեց եւ ներս մտավ բարձրահասակ, ինքնավստահ քայլվածքով մի տղամարդ։ Առաջին հայացքից պարզ էր՝ օտարերկրացի է, հավանաբար արաբական ծագումով։ Նման այցելու չէինք սպասում, հատկապես առանց նախնական պայմանավորվածության։ Ներկայացավ՝ Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի հարգարժան ու ազդեցիկ ընտանիքի ներկայացուցիչ էր։ Ճիշտ էինք կռահել ծագումը: Ասաց, որ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի կայքում տեսել է մեր բյուրոյի տվյալները, հետո՝ Google-ում բարձր գնահատականներն ու հաճախորդների արձագանքները։ Որոշել էր ժամանակ չկորցնել. նստել ինքնաթիռ եւ գալ Երեւան։ Ոչ հեռախոսազանգ, որ նամակագրություն։ Պարզապես եկել էր, որովհետեւ ժամանակ չուներ։
Նրա հարազատ եղբայրը իրենց երկրում սպանել էր մի երիտասարդ կնոջ՝ այն աղջկան, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ։ Սպանվածը օտարերկրացի էր՝ Ռուսաստանի քաղաքացի։ Խնդիրն իրոք ծանր էր ու զգայուն:
Մենք ակամա իրար նայեցինք։
-Ի՞նչ կապ ունի Հայաստանը այս պատմության հետ։ Եվ առավել եւս՝ մենք։
Նա խնդրեց չշտապել ու համբերատար լսել։
Եղբայրը մի քանի տարի առաջ ուսանել էր այդ աղջկա հայրենիքում։ Այնտեղ էին ծանոթացել։ Սկզբում սովորական ուսանողական շփում, հետո՝ սեր։ Մոտ, շատ մոտ հարաբերություններ։ Ընտանիքը տեղյակ էր, հարաբերությունները լուրջ էին, ծրագրում էին ամուսնություն։ Ուսումն ավարտելուց հետո եղբայրը վերադարձել էր հայրենիք եւ գրեթե անմիջապես սկսել կազմակերպել աղջկա տեղափոխումը։ Ամեն ինչ արվել էր արագ, անսովոր արագ։ Աղջիկը ժամանել էր։ Եվ նրա գալուց ընդամենը մի քանի օր անց տեղի էր ունեցել սպանությունը։
Առանց վեճի։ Առանց աղմուկի։ Առանց բացատրության։
Եղբայրը ձերբակալվել էր տեղում։ Այժմ գտնվում էր բանտում: Չի խոսում քննիչների հետ, չի փորձում արդարանալ, չի բացատրում ոչինչ, ուղղակի լռում է: Խնդիրը միայն ողբերգությունը չէր։
Այդ երկրի օրենքներով, եթե սպանության համար չլինեն մեղմացուցիչ հանգամանքներ, եթե չհաստատվեն նման արարքի մղող որոշակի արդարացնող գործոններ, ապա դատավճիռը մեկն է՝ մահապատիժ։ Եվ հենց այստեղ էր մեր դերակատարումը։
Նա եկել էր Հայաստան, որպեսզի մենք՝ որպես անկախ, փորձառու եւ միջազգային կապեր ունեցող դետեկտիվներ, ուսումնասիրենք սպանված աղջկա անցյալը նրա հայրենիքում։ Նրա կենսակերպը, շրջապատը, հնարավոր գաղտնիքները։ Այն ամենը, ինչը կարող էր բացատրել, թե ինչն էր մղել տարիներով հավասարակշռված, կրթված, բռնության հետ որեւէ կապ չունեցող տղամարդուն այդ քայլին։ Մեզ վստահելու խնդիրը կայանում էր նաեւ նրանում, որ մեր երկու ազգերի մշակույթը ընտանիքի, հարազատության ու պատվի հարցում համարյա միատեսակ է։ Վերցրեցինք տվյալներն ու սկսեցինք վերլուծել։
Աղջիկն իր հայրենի քաղաքում միջին դիրք ունեցող ընտանիքից էր, ծնողները տարբեր պետական կառույցների ծառայողներ էին։ Աղջկա շրջապատը սովորական էր այդ երկրի երիտասարդության համար՝ ինստիտուտ, ժամանցի վայրեր, սոցիալական ցանցերում նկարներ, հրապարակումներ եւ այլն։ Այդ աղջկա ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարի տակի մեկնաբանություններից մեկը գրավեց մեր ուշադրությունը. բարկացած սատանա էր, եռաժանիով։ Քիչ է հանդիպում նման էմոջի։ Էմոջին տեղադրողի օգտահաշիվը շատ խորհրդավոր էր, գրեթե ոչինչ չկար, իսկ անունը շատ տարօրինակ էր՝ «Հավատքի եղբայրության մագիստր»։
Պետք էր սկսել հենց սրանից։ Առաջնահերթ պետք էր պարզել՝ ով էր այդ մագիստրը, ինչ եղբայրություն է, եւ ինչ կապ ունի սպանվածը նրանց հետ։
Գործի դրվեցին հնարավոր բոլոր ռեսուրսները, միջազգային լավագույն OSINT մասնագետները։ Խաղասեղանին մարդու ճակատագիր էր, եւ պետք էր անել հնարավորը՝ գտնելու այդ տարօրինակ սպանության պատճառը։ Բավականին դժվարությամբ գտանք տեղեկատվություն միայն այդ եղբայրության մասին. շատ սուղ, գրեթե ոչինչ չասող։ Այլ ելք չկար, պետք էր մեկնել Ռուսաստան, սպանված աղջկա հայրենի քաղաք եւ տեղում հասկանալ՝ ինչն ինչոց է։ Համացանցով ու թվային հետքերով հետաքննությունը շատ լավ է, բայց կան դեպքեր, որ անհրաժեշտ է դիմել հին դետեկտիվական աշխատանքային մեթոդոլոգիային։
Տեղում ոչ ոքի գործընկերներից չզգուշացրեցի իմ այցի մասին, քանի որ աղջկա շրջապատի համար մեր հետաքննությունը պետք է լիներ մաքսիմալ գաղտնի։ Տեղավորվելով հյուրանոցում՝ արագ անցա քաղաքի փողոցները չափչփելուն։ Կա մի հին ասույթ՝ սոված գայլին ոտքերն են կերակրում։ Դա փոխակերպենք. փնտրող դետեկտիվին լավ տեղեկություն ոտքերն են բերելու։
Հարց ու փորձով գտա մի քանի այդպիսի աղանդավորական հավաքատեղիներ։ Այդ միջին չափերի քաղաքի համար բավական շատ էին։ Այդպիսի քաղաքներում, եւ ոչ միայն, լավագույն տեղեկատվական աղբյուրը շենքի շքամուտքի առջեւ նստած տատիկներն են։ Դու օտար ես, արդեն գրավել ես նրանց ուշադրությունը, եւ պետք է խաղալ դրա վրա։
Այդ աղջկա թաղամասում գտնվող հավատքի կենտրոնի մերձակայքում գտա տատիկներին։ Ներկայացա՝ Վրաստանից եմ, եկել եմ իրենց քաղաք աշխատանք որոնելու։ Եվ գնաց մտերմիկ զրույց՝ հուշեր սովետական ժամանակներից։ Զրույցի արանքում խոսք բացվեց հավատքից, եկեղեցուց, եւ մեղմորեն տատիկները սկսեցին անիծել մի թանկարժեք «Մերսեդեսի» ուղղությամբ։
Պարզվում է՝ դա այդ կենտրոնի հովիվն էր։
Մեքենայի միջոցով արագ նույնականացրեցինք այդ հովիվին, եւ ով զարմանք՝ նրա հեռախոսահամարի հետ աֆիլացված էր սատանայով էմոջի տեղադրող մագիստրի ֆեյսբուքյան էջը։ Մագիստրի անմիջական շրջանակում ուղիղ կապեր այդպես էլ չբացվեցին։ Նա աշխատում էր շատ զգույշ՝ առանց ուղի կապեր հաստատելու՝ հարաբերությունների փակ շղթաներ, կրոնական լեզվով քողարկված հարաբերություններ։ Միանշանակ ներսից մարդ է պետք։ Անհրաժեշտ էր մաքսիմալ տեղեկատվություն։ Այստեղից գործի մեջ մտան Պիտերից գործընկերներս՝ Դիման ու Իվանը, որոնք ճիշտ է՝ նեղացած էին, որ այցիս մասին իրենց չէի զգուշացրել, բայց սկսեցինք անդադար աշխատանքը՝ հյուրանոցի սենյակը վերածելով դետեկտիվների գաղտնի շտաբի։ Անընդհատ գաղտնի հանդիպումներ, վստահելի անձանց հետ շփումներ։ Սկսվեց այն, ինչ դրսից չի երեւում։
Դիման Պիտերի կապերով արագ գտավ այդ աղանդի գլխամասում դեռեւս քրեական հետախուզությունում աշխատանքի ժամանակ իրեն բազմիցս օգնած վստահելի անձի հեռախոսահամարը: Հաջորդիվ մեսենջերով ստացանք աղանդի գրանցամատյանի լուսանկարային պատճենը։ Սպանված աղջիկն ու մեր հաճախորդի եղբայրը «ամուսնացել» էին այդ աղանդի կանոններով: Նրանց ամուսնությունը գրանցվել էր այդ մատյանում։ Այդ ամուսնությունը հակասում էր մուսուլմանական օրենքներին։ Սակայն կար մի կարեւոր դետալ. տղայի ստորագրությունը մատյանում դրված էր անգլերեն։ Պետք էր հասկանալ՝ իրականում այդ տղան ինչպես էր ստորագրում։
Մատյանի պատճենը արագ ուղարկեցինք մեր հաճախորդին՝ ճշտելու, արդյոք դա եղբոր ստորագրությունն է։
Տարբեր աղբյուրներից ստացվեցին հիմնավոր տեղեկություններ։ Պատկերը սկսում էր հստականալ, մնում էր հասկանալ սպանության մոտիվացիան եւ ինչ կապ ուներ մագիստրը այս ամենի հետ։ Ստացանք հաճախորդի պատասխանը. դա իր եղբոր ստորագրությունը չէր։ Նա միշտ ստորագրել է արաբերեն։
Այստեղ արդեն ես հիշեցի, որ այդ քաղաքի բանկերից մեկի անվտանգության ծառայության ղեկավարը իմ բանկում անվտանգության վարչության պետ աշխատած ժամանակ մի խնդրով դիմել էր ինձ: Զանգահարեցի նրան ասացի, որ անձնական հարցերով իրենց քաղաքում եմ եւ իր օգնության կարիքն ունեմ: Իվանի հետ մեկ շիշ հայկական կոնյակով այցելեցինք մեր գործընկերոջը: Խնդրեցի աղանդի գրասենյակի մերձակայքում գտնվող բանկի տեսահսկման համակարգի այդ օրվա տեսագրությունները ուսումնասիրելու թույլտվություն։ Լեգենդը պատրաստ էր, Իվանի սիրած աղջիկն այդ փողոցում, ըստ մեր տեղեկատվության, հանդիպել էր մի տղայի: Մեզ տրամադրվեց մեր խնդրած հատվածի տեսախցիկների այդ օրվա արխիվը: Հաստատվեց մեր ենթադրությունները, որ սպանված աղջիկն ամուսնության գրանցման օրը միայնակ է եկել գրասենյակ, իսկ մեր հաճախորդի եղբայրը ընդհանրապես չի երեւացել։ Այդ օրվա խրոնոլոգիան վերականգնելու համար այցելեցինք հյուրանոց, որտեղ բնակվել էր մեր հաճախորդի եղբայրը։ Հյուրանոցի անվտանգության պատասխանատուն, ով նախկինում աշխատել էր քրեական հետախուզությունում, շատ արագ մտերմացավ մեր հետ: Մի քանի րոպե զրույց անցած օրերից, ծառայությունից ու արագ անցում մեր հարցմանը: Նա բավականին լավ հիշողություն ուներ եւ, նայելով լուսանկարը, հիշեց, որ մեր հաճախորդի եղբայրը այդ օրը հյուրանոցի լոբբի բարում բավականին շատ ալկոհոլ էր օգտագործել եւ նույնիսկ մի քանի անգամ փորձել էր վեճ սարքել տարբեր հաճախորդների հետ։ Ինքը մի կերպ նրան տարել էր համար, եւ նա այդ օրն այլեւս համարից դուրս չէր եկել։
Աղանդի գլխամասից ստացվեց հաջորդ կարեւոր տեղեկատվությունը, որը վերջնականապես հավաքեց պատկերը։ Սպանված աղջիկը մագիստրի սիրուհին էր ու ամենավստահելի անձը, աղանդի ակտիվ անդամ, «հավատքի քարոզիչ քույր»։
Փաստացի, այդ աղջիկը վարել էր երկակի կյանք՝ լինելով մագիստրի մտերմուհին եւ աղանդի կարկառուն ներկայացուցիչը, միաժամանակ սիրային կապեր հաստատել օտարերկրացի հարուստ երիտասարդի հետ։ Արդյունքներն ամփոփեցինք մի հրաշալի ռուսական ռեստորանում:
Փաստերի փաթեթով վերադարձա Երեւան, ուր անհամբեր ինձ էր սպասում հաճախորդս։ Նրա եղբոր փաստաբաններն արդեն ճշտել էին մեր տեղեկատվությունները այդ երիտասարդի հետ, եւ բացվել էր ամբողջ պատկերը։
Սպանված աղջիկն ու մագիստրը գծել էին շատ նենգ ծրագիր՝ հաճախորդի եղբորից գումարներ շորթելու համար։ Աղջիկը փորձել էր նրան ամուսնության փաստաթղթով շանտաժի ենթարկելու միջոցով գումարներ շորթել եւ հեռանալ նրանից։
Ինքը՝ անակնկալի գալով այդ փաստաթղթից եւ վախենալով մուսուլմանական ավանդույթների խախտմամբ ամուսնանալու փաստից, հոգեկան ծանր աֆեկտի վիճակում ատրճանակով սպանել էր աղջկան, թուղթն այրել ու հանձնվել ոստիկանություն։ Լռելու պատճառը վախն էր։
Մեր կողմից ձեռք բերված փաստերի փաթեթով հաճախորդը վերադարձավ հայրենիք։ Մենք էլ անցանք մեր առօրյային:
Երեք ամիս անց դուռը բացվեց, ու նորից գրասենյակ եկավ մեր արաբ բարեկամը՝ ձեռքին շատ թանկարժեք խմիչք ու արաբական քաղցրավենիքի տուփեր։ Նա հատուկ եկել էր շնորհակալություն հայտնելու։
Դատարանը վերլուծելով մեր կողմից տրամադրված հիմնավոր փաստարկները՝ սպանությունը դատարանի որոշմամբ ճանաչվել էր հոգեկան ծանր աֆեկտի ազդեցության ներքո կատարված հանցագործություն, եւ այդ հիմքով եղբորը դատապարտել էին հինգ տարվա ազատազրկման:
Երբ նա հեռացավ, մենք լուռ ժպիտով նայեցինք իրար։ Այդ լռությունը մենք լավ գիտենք։ Դա այն լռությունն է, երբ հասկանում ես՝ մեր ջանքերով մի մարդու կյանք էլ փրկվեց։ Դետեկտիվի աշխատանքում սա ամենաբարձր գնահատականն է։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2026


















































