«Ապօրինի գործ է։ Շատ բան կարող եմ ենթադրել, բայց չհասկացա, թե ինչի՞ համար են կանչել։ Բռնաճնշումներ են, որոնց միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել եկեղեցուն։ Մայր Աթոռը որեւէ հակականոնական քայլ չի կատարել»,- Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողներին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Գործի մասին, որի շրջանակներում եպիսկոպոսներն այսօր կանչվել էին ՔԿ, սրբազանն ասաց, որ որեւէ բան չի կարող ասել, բայց հայտարարեց՝ տեղի ունեցողն ապօրինություն է։
Մինչ այդ, փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը․ «Այս ամենի իրական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է»։
Հիշեցնենք, այսօր Գերագույն Հոգեւոր Խորհրդի եպիսկոպոս անդամները մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել էին ՔԿ։ Նրանք մեղադրվում են «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:
Կարդացեք նաև
Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանն, ով նույնպես հարցաքննվել էր ՔԿ-ում, ևս մանրամասներ չփոխանցեց․ «Գործի մասին խոսել, արգելել են»։
Ի պատասխան լրագրողների հարցերի, սրբազանն ասաց․ «Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով։ Մենք ուխտը կնքել ենք Աստծու եւ Սուրբ Էջմիածնի հետ։ Մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդության՝ Ամենայն Հայոց Հայրապետին։ Մեր կարգավիճակը ուխտով է, և այն մենք կնքում ենք Աստծու հետ»։
Քիչ առաջ Քննչական կոմիտե հարցաքննության են եկել նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ՝ Նաթան Սրբազանը, Վահան Սրբազանը և Հայկազուն Սրբազանը։ Փաստաբանները ենթադրում են, որ նրանց նույնպես կարգելվի բացակայել երկրից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































