Լրահոս
Օրվա լրահոսը

Նման որոշումները թուլացնում են պետությունը ներսից․ Վիտալի Մանգասարյանը՝ գնդերեցների գունդը լուծարելու՝ Սուրեն Պապիկյանի որոշման մասին

Հունվար 31,2026 20:23 Share

«Այս քայլը որեւէ կերպ չի կարելի դիտարկել «սովորական» որոշում, այն լիովին տեղավորվում է վերջին ամիսներին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող հետեւողական ճնշումների ընդհանուր տրամաբանության մեջ, որոնք ունեն ոչ միայն գաղափարական, այլեւ անվտանգային լուրջ ենթատեքստ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երեկվա հրամանագրին՝ գնդերեցների գունդը լուծարելու մասին։

Մեր զրուցակիցն առավել մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ ինչպես ժամկետային զինծառայության կրճատման դեպքում, այս որոշման պարագայում եւս հանրությանը չեն ներկայացվում հիմնավոր եւ ծանրակշիռ փաստարկներ․ «Եթե ծառայության կրճատման հարցում առնվազն փորձ էր արվում խոսել «բարեփոխումների» մասին, ապա այստեղ բացակայում է անգամ ձեւական բացատրությունը՝ ի՞նչ խնդիր է լուծում այս քայլը եւ ի՞նչ ռազմավարական նպատակի է ծառայում։ Բնական եւ տրամաբանական հարց է առաջանում․ այս որոշման արդյունքում բանակի մարտունակությունը, զինվորների եւ սպաների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաեւ ներքին կարգուկանոնը բարձրանալո՞ւ են, թե՞ հակառակը՝ նվազելու։ Իմ խորին համոզմամբ՝ նվազելու են»։

Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, տասնամյակներ շարունակ հոգեւորականները ամենաբարդ ու ճգնաժամային իրավիճակներում եղել են հայ զինվորի եւ սպայի կողքին՝ պատերազմում, ծառայության ընթացքում, կորստի պահերին․ «Առանց որեւէ հիմնավորման այդ ինստիտուտի փաստացի վերացումը ուղիղ հարված է բանակի բարոյահոգեբանական կայունությանը եւ, լայն իմաստով, մեր ազգային անվտանգությանը։ Նման որոշումները չեն ուժեղացնում պետությունը․ դրանք թուլացնում են այն ներսից»։

Հիշեցնենք, որ այս գնդի ստեղծման համար ՊՆ-ի եւ ՀԱԵ միջեւ ստորագրված փաստաթղթում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունն է։ Նա այժմ ՀԱԵ դեմ դուրս եկած եւ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների շարքում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031