Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։
Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և հետպատերազմական փորձությունների ընթացքում։ Այս քայլը հարված է զինվորի հոգևոր ապահովությանը և հանգեցնելու է բանակի ներսում հոգևոր-բարոյական միջավայրի թուլացմանը։
Միևնույն ժամանակ խիստ դատապարտելի ենք համարում արհեստականորեն հարուցված քրեական գործերը, որոնց ակնհայտ նպատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ազատ տեղաշարժը սահմանափակելն է և նրանց մասնակցությունը Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովին կանխելը։ Սա բացահայտ միջամտություն է Եկեղեցու ներքին կառավարմանը և նրա կանոնական կյանքին։
Այս ամենը տեղավորվում է վարչապետի աթոռը ապօրինի զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող Եկեղեցու դեմ ուղղված ավելի լայն քաղաքականության շրջանակում, որը քողարկվում է «եկեղեցու բարենորոգման» լոզունգներով, սակայն իրականում նպատակ ունի Եկեղեցին զրկել իր ինքնուրույնությունից, հեղինակությունից և ազգային առաքելությունից՝ այն վերածելով իշխանությանը ենթակա, «գրպանային» կառույցի։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրված է Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։ Պետությունը իրավասու չէ միջամտել Եկեղեցու կառավարման, ներքին կարգապահության և հոգևոր կյանքի հարցերին։ Ներկայիս գործողությունները հանդիսանում են ՀՀ Սահմանադրության և հավատքի ազատության ու դրա գործադրման մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված սկզբունքների կոպտագույն խախտում։
Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված այս քայլերը օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ և ծառայում են այն ուժերին, որոնք շահագրգռված են հայկական ինքնության հիմնասյուների քայքայմամբ։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության, դիմադրության և ինքնության առանցքային կառույցը, և նրա դեմ ցանկացած հարձակում հարված է ամբողջ ազգին։
Կոչ ենք անում քաղաքացիական կառույցներին և միջազգային գործընկերներին չլռել և հստակ գնահատական տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությանը։
Հայ հասարակությունը պետք է արթուն մնա առկա վտանգներին դեմ հանդիման և շարունակի հավատարիմ մնալ Առաքելական Եկեղեցուն և նրա առաջնորդությանը։
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ


















































