ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի՞նչ կարող է անել ընդդիմությունն այսօր. իմպիչմենտ փողոցի ճնշմամբ կամ նախընտրական փրայմերիզ՝ մեկ միասնական ընդդիմադիր ցուցակ կազմելու ու այդ ցուցակով ընտրության գնալու նպատակով
ԱՌԱՋԻՆ
Բոլոր այն ուժերը, հանրային դեմքերն ու անհատները, ովքեր Նիկոլի իշխանազրկումը համարում են գերխնդիր ու նախապայման, առանց որի անհնար է կանխել Հայաստանի հետագա անկումը, հայտարարում են համազգային եռօրյա հանրահավաք-մոբիլիզացիա՝ նախապես լավ մշակված սցենարով ու ճիշտ ժամանակացույցով: Մեկ պարզ ու չափելի նպատակով՝ մաքուր սահմանադրական եղանակով փողոցային հանրային ճնշում գործադրելու ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու նախագծին:
Կարդացեք նաև
Հեքիաթներ չպատմենք՝ նախորդ 5 տարիներին չի եղել միասնական փողոց նման պարզ ու խիստ չափելի նպատակով: Առասպելներ չպատմենք՝ ՔՊ պատգամավորներներից շատերն այլմոլորակային չեն, շատերը, հասկանում ենք, հանգամանքների թելադրանքով Փաշինյանի պատանդի դերում հայտնված մարդիկ են: Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչի տակ են մտել, ու Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծին միանալը ամենաշատը հենց նրանց է պետք՝ ազատվելու պատանդի կարգավիճակից ու պատմական խարանից: Նրանք շատ լավ հասկանում են, որ դա իրենց գուցե վերջին փրկօղակն է:
ԵՐԿՐՈՐԴ
– Քանի որ առկա իրողություններում Նիկոլը, ցավոք, հաղթում է գալիք ընտրություններում, չնայած որ ժողովրդի 80 տոկոսն անհաշտ է կամ ատում է այս իշխանությանը (ովքեր պնդում են հակառակը կամ ընդդիմադիր դիրքերից հերթական անգամ լծված են Նիկոլի վերարտադրության աղետաբեր գործին, ինչն ավելի անբարոյական է, քան Նիկոլի արածը, կամ քինախնդրությունից ու չարությունից կուրացած կամակոր երեխաներ հիշեցնող քաղաքական տգետներ են),
– զուգահեռ չկա այն առաջնորդը կամ ուժը, որը կմիավորեր ժողովրդի ընդդիմադիր 80 տոկոսին ու կտաներ իր հետևից ընտրական տեղամասեր՝ իշխանազրկելու Նիկոլին,
– մինչդեռ ժողովուրդն ընդդիմությունից հստակ ու պարզ պահանջում է միասնություն՝ բազմիցս արձանագրելով, որ ատելով հանդերձ Փաշինյանին ու ՔՊ-ին, այդուհանդերձ որևէ դեպքում իշխանությունն իր ձեռքով չի հանձնի Ռոբերտ Քոչարյանին, ով նախկին նախագահներից միակն է, ով հավակնում է իշխանության (մյուս նախագահները հայտարարել են, որ իշխանության չեն հավակնում):
Առանց ժամանակ կորցնելու, աշխարհում գոյություն ունեցող լավագույն փորձի ու տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվում է նախընտրական փրայմերիզ՝ ընդդիմության մեկ միասնական ցուցակ կազմելու ու ընդդիմադիր այդ ցուցակով ընտրություններին մասնակցելու համար:
Ժողովուրդը թող մինչև ընտրությունները ընդդիմադիրների շարքից հենց իր քվեարկությամբ ու հենց իր կամքով կազմի պայմանական այդ 150-200 հոգանոց միասնական ցուցակը: Պարզ տրամաբանությամբ միասնական ցուցակի տեղերն էլ՝ վերից վար, թող ժողովուրդն ինքը բաշխի՝ ըստ իր տված քվեների քանակի: Ամենաշատ քվեն ստացածը թող առաջնորդի այդ ցուցակը ու այդպես մինչև ցուցակի վերջին տեղը:
Կասկած կա՞, որ այս պարագայում ընդդիմությունը կփոխի այսօրվա մռայլ քաղաքական իրավիճակն ու Փաշինյանին կհաղթի դեռ մինչև ընտրությունները: Կասկած կա՞, որ այս դեպքում ժողովրդի այդ 80 տոկոսը ոչ միայն կգնա տեղամասեր ու կքվեարկի միասնական ընդդիմության օգտին, այլև ընտրության արդյունքները կեղծելու դեպքում հենց փողոցում կսրբի կտանի իր ընտրության արդյունքները կեղծած Նիկոլի իշխանությունը:
Նոր հեքիաթներ չպատմենք՝ ընդդիմադիր այս կամ այն առաջնորդը, այս կամ այն քաղաքական ուժը այս մեկի հետ գաղափարական տարբեր ճամբարներում է, անհամատեղելի է և այլն: Կներեք, բայց բոլոր ընդդիմադիրներն ասում են նույն բանը չէ՞, որ Նիկոլը կործանում է Հայաստանը, ու եթե վերընտրվեց՝ կործանելու է այն: Հիմա եթե կշեռքին Հայաստանի կործանումը կանխելն է, ի՞նչ գաղափար ու գաղափարախոսություն, ո՞ւմ պետքն է որևէ տարակարծություն ու անհամատեղելիություն, հնից ու նորից եկած վախեր ու ատելություն: Ո՞ւմ:
Ես ընդդիմադիր եմ, ամեն գնով ցանկանում եմ, որ իմ երկիրը չկործանվի, և պատրաստ եմ նման ցուցակի հետևից անմնացորդ գնալու: Վստահ եմ, որ այսպես է մտածում ժողովրդի ընդդիմադիր մեծամասնությունը՝ 80 տոկոսը:
Առողջ բնազդն անգամ հուշում է, եթե ընդդիմությունը չգնաց մատնանշված այս երկու ճանապարհներից մեկով, որոնցից յուրաքանչյուրը հաղթական արդյունք է երաշխավորում, ու ամեն բան մնաց այնպես, ինչպես այսօր է, Նիկոլը ոչ միայն վստահորեն հաղթելու է գալիք ընտրություններում, այլև այդ հաղթանակով քաղաքական դաշտից ցախավելով մաքրելու է Երրորդ Հանրապետությունն ու նրա հետ մտազուգորդվող ամեն բան՝ անձինք, գաղափարներ և այլն: Մեր մեծ մասին, ընդ որում, լցնելով բանտերը: Բայց արդեն հանրային զրո դիմադրության ու անգամ կարեկցանքի բացակայության պայմաններում:


















































