Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի «Գայանեն»՝ երգեհոնով ու 4 ձեռքով. Լյուդմիլա Գոլուբի եւ Վալերիա Անֆինոգենովայի բացառիկ ծրագիրը

Փետրվար 01,2026 19:27

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Բալետային մոգություն» խորագրով երգեհոնային երաժշտության  համերգը բացառիկներից էր: Լյուդմիլա Գոլուբի եւ Վալերիա Անֆինոգենովայի՝ չորս ձեռքի համար այս անսովոր համերգային ծրագիրն արդեն  հաջողությամբ ներկայացվել է եվրոպական երաժշտական փառատոններում, ինչպես նաեւ Ռուսաստանում: «Բալետային մոգություն» նախագիծը կազմված է անվանի կոմպոզիտորների ամենահայտնի բալետներից:

Երեւանյան համերգի ծրագրում էին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլայից», Չայկովսկու «Մարդուկ – ջարդուկից», Գլազունովի «Ռայմոնդայից», Պրոկոֆեւի «Ռոմեո և Ջուլիետից», Շոստակովիչի «Բոլտից», Ստրավինսկու «Պետրուշկայից», Գավրիլինի «Անյուտայից» եւ  Խաչատրյանի «Գայանեից»  հատվածներ:

Վալերիա Անֆինոգենովան ամեն ստեղծագործությունը կատարելուց առաջ պատկերավոր ներկայացնում էր կոմպոզիտորին, տվյալ գործի ստեղծման պատմությունը, խոսում ստեղծագործության առանձնահատկության մասին: «Երեւի ձեզանից շատերը զարմացան, թե ինչու կայացած «Բալետային մոգություն» խորագրով համերգը բացվեց  Միխայիլ Գլինկայի ստեղծագործությամբ, որը ոչ մի բալետ չի գրել…

Գլինկան համարվում է ռուսական օպերայի հիմնադիրը, բայց նրա  «Ռուսլան և Լյուդմիլա» եւ «Իվան Սուսանին» օպերաներում կան  պարային տեսարաններ…Այսպիսով  Գլինկան ցանել է այն սերմերը, որոնցից  հետո ծլարձակեցին Չայկովսկու, Պրոկոֆեւի, Գլազունովի եւ Խաչարտյանի բալետները»,-ասաց Անֆինոգենովան: Ապա կատակեց հաջորդ ստեղծագործությունը ներկայացնելիս. «Մենք նկատեցինք, որ Երեւանում Նոր տարին դեռեւս չի ավարտվել, ձյուն է գալիս, ամեն ինչ գեղեցիկ զարդարված է, հետեւաբար կշարունակենք Ամանորի թեման, ու կհնչի Չայկովսկու ամենաամանորյա բալետի՝ «Մարդուկ – ջարդուկի» երաժշտությունը»:

Հերթով ներկայացնելով բոլոր ստեղծագործությունները՝ Անֆինոգենովան Արամ Խաչատրյանին էլ անդրադարձավ, ասաց, որ շատ են մտածել՝ ինչպես ներկայացնել մեծանուն կոմպոզիտորին, որի ստեղծագործությունների ամենատարբեր մեկնաբանություններ եղել են  աշխարհով մեկ՝ ամենահեղինակավոր դահլիճներում: «Մենք Հայաստանում ենք, եւ հյուրընկալությունն էլ չեղարկված չէ, որովհետեւ, եթե Խաչատրյան չկատարենք, գուցե մարդիկ ասեն՝ եկել են ու անգամ Խաչատրյան չեն կատարում…Այնպես որ, կատարենք»,-ժպտալով ասաց երաժիշտը: Ապա հավելեց. «Այն ստեղծագործությունը («Գայանե» բալետը ), որը այժմ կհնչի, հավանաբար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կատարումների թվով, ինչ ասես, որ չենք տեսել ու լսել, ու թող երգեհոնն այս տարբերակին էլ դիմանա »:

Նշենք, որ համերգը հրաշալի անցավ, երաժիշտները վաստակեցին բուռն ծափարահություններ: Թեեւ երգեհոնով ընդունված է մատուցել հիմնականում հոգեւոր,  բարոկկո եւ այլ  բնույթի երաժշտություն, սակայն երգեհոնով ներկայացված բալետային կտրոները եւս հետաքրքիր էին հնչում, ու պարզ էր, թե որքան բարդ է եղել դրանք երգեհոնով նվագելը, հատկապես հաշվի առնելով՝ դրանց  երգեհոնային «բնույթ» չունենալը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728