Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Ժիրայր Անանյանն առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Փետրվար 01,2026 22:16

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշեց հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում /UNIFIL/։ Ժ.Անանյանը նաև նկատեց, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։

Ընդգծվեց, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։

Իր խոսքում, Ժ. Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։

ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728