«2025-ին նախարարության բյուջեն կազմել է 293 մլրդ դրամ, ինչն էականորեն ավել է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ կատարողականը կազմել է 92,3 տոկոս»,- ամփոփիչ ասուլիսում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանը։
Անդրադառնալով պետական համաֆինանասավորման ծրագրին՝ սուբվենցիոն աշխատանքներին, նա նշեց, որ դա իրենց հիմնական գործիքն է Հայաստանի Հանրապետության համայնքներում տարբեր ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ իրականացնելու համար:
«2025թ ընդհանուր առմամբ իրականացվել է 61 մլրդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է, պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33,2 մլրդով: Աշխատանքները հիմնականում իրականացվել են ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների, ջրագծերի, համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների մասով: Պլանավորում ենք 2026-ին համաֆինանսավորման ծավալը էականորեն ավելացնել»,-ասաց Խուդաթյանը:
Ի թիվս այլնի՝ նա խոսեց նաեւ հրատապ անհրաժեշտության ծրագրերից, նշեց, որ անցյալ տարի 2,6 մլրդ դրամի նման աշխատանքներ են իրականացվել հանրապետության 17 համայնքներում:
Կարդացեք նաև
Նախարարը հավելեց, որ ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից 2025-ին կառուցվել, նորոգվել, հիմնանորոգվել է 504,5 կմ ճանապարհ, բացի դրանից` 30 կմ կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին, 30 կմ գրունտային ճանապարհներ են կառուցվել՝ հիմնականում Հյուսիս-Հարավին զուգահեռ: Ասաց նաեւ, որ տարվա ընթացքում 10 կամրջի եւ 2 տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներ են իրականացվել:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































