«Կրիպտո տնտեսվարողների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ վերջին շրջանում սկսվել են համագործակցություններ Հայաստանի բանկային ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, արձանագրվում է, որ ոչ բոլոր բանկերն են ներկայումս պատրաստակամություն հայտնում սպասարկել կրիպտո ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։
«Կրիպտո տնտեսվարողների միություն»-ը կարևոր է համարում ընդգծել, որ կրիպտո ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը Հայաստանում ամբողջությամբ ձևավորված է․ ոլորտին առնչվող բոլոր հիմնական օրենքներն արդեն ընդունվել են, իսկ ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտել 2026 թ․ հունվարի 31-ից։
Մասնավորապես՝
- Լիցենզավորման գործընթաց
ՀՀ Կենտրոնական բանկը 2026 թվականից սկսելու է ընդունել կրիպտո ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների լիցենզավորման հայտերը։ Միաժամանակ, գործող օրենսդրության անցումային դրույթների համաձայն՝ այն ընկերությունները, որոնք գործել են մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը, իրավունք ունեն 2026 թվականի ընթացքում շարունակել իրենց գործունեությունը առանց լիցենզավորման և մինչև 2027 թվականը դիմել ՀՀ կենտրոնական բանկ՝ համապատասխան լիցենզիա ստանալու նպատակով։ - Անկանխիկ գործարքների պարտադիր պահանջ
2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կրիպտոարժույթների առուվաճառքի գործարքները, որոնք գերազանցում են 300,000 ՀՀ դրամը, պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ - Բանկերի համար սահմանված պայմանները
2024 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր առևտրային բանկերին ուղարկել է շրջաբերական, որով սահմանվել են այն պայմանները, որոնց պահպանման դեպքում բանկերը կարող են սպասարկել կրիպտոարժույթով գործարքներ իրականացնող ընկերություններին, ներառյալ՝ կրիպտո հաշիվների պահպանումը և գործարքների հետագծելիությունը։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն արձանագրում է, որ կրիպտո ոլորտի ընկերությունները արդեն այսօր պարտավոր են իրականացնել իրենց գործարքները անկանխիկ եղանակով, իսկ նրանց բանկային սպասարկման մասով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որևէ սահմանափակումներ ներկայումս առկա չեն։
Կարդացեք նաև
ՀԿ-ն հայտնում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բանկերի հետ և համատեղ քննարկելու այն հարցերն ու մտահոգությունները, որոնք որոշ բանկերի կողմից դիտարկվում են որպես խոչընդոտ` ոլորտի տնտեսվարողների սպասարկման գործընթացում։
ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը՝ նպաստելով ոլորտի օրինական, թափանցիկ և կայուն զարգացմանը, ինչպես նաև խթանելով կառուցողական երկխոսությունը բանկային համակարգի և կրիպտո տնտեսվարողների միջև։
Կրիպտո տնտեսվարողների միություն


















































