Fip.am-ը փորձել է պարզել՝ ի՞նչ են եղել հայաստանյան իրականության մասին կեղծիք տարածած կայքերը, արդյոք շարունակո՞ւմ են գործել։
courrierfrance24.fr՝ Ֆրանսիայի միջուկային թափոնները ՀՀ-ում պահելու կեղծ լուրի հեղինակը
Նախորդ տարի ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» հոդվածը։
Դրան հավատացին անգամ հայաստանյան որոշակի հեղինակություն ունեցող լրատվամիջոցներ։ Լուրը հերքվեց, իսկ այդ դոմեյնով կայքն այսօր գոյություն չունի։
Լուսանկարում՝ անհետացած courrierfrance24.fr-ը։
Կարդացեք նաև
EUleaks.eu․ դոմեյնը հանված է վաճառքի
EUleaks.eu կայքը տարածում էր լուր, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել՝ վատնելով 3.4 մլն դոլար քաղցկեղով տառապող երեխաների աջակցության «City of smile/Ժպիտների քաղաքը» հիմնադրամի միջոցներից»։
The Times of Canada․ Փաշինյանների՝ Օնտարիայում շքեղ առանձնատան կեղծ լուրը
Կանադայում գրանցված նորաբաց The Times of Canada-ն գրել էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։ FIP.am-ը բացահայտել էր՝ խնդրո առարկա առանձնատունն այլ մարդու է պատկանում։
Այս կայքը կեղծ լուրը տարածելուց հետո ևս փակվել է։
infofrancaisedujour.fr․ Փաշինյանի առանձնատունն այս անգամ Մարսելում
Հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր նաև infofrancaisedujour.f-ի լուրը, համաձայն որի՝ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։
Հատկանշական է, որ այս լուրերը, որոնք վերահրապարակվել էին նաև հայաստանյան ԶԼՄ-ներում, շարունակում են պահպանված մնալ (1, 2, 3, 4)։
Չնայած տեղական ԶԼՄ-ների սկանադալային լուրերի աղբյուրները անհետացել են, այդուհանդերձ, դրանց որոշակի մասը չի հեռացրել իրենց վստահությանն արժանացած կեղծ կայքերի հրապարակումները։
Նանե Մանասյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































