Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիդանի մոտ ողջույն էր ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ բռնության կոչ էր»․ Տիգրան Հակոբյան

Փետրվար 03,2026 16:41 Share

«Մենք ասում ենք՝ Սոլովյովի հայտարարությունը խնդրահարույց է, միջամտության փորձ է, ռազմական ագրեսիայի կոչ է։ Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտություն է, երբ Հաքան Ֆիդանն ասում է, որ «Հայաստանում գործող կառավարությունը խաղաղության օրակարգն է առաջ մղում, մենք ողջունում ենք դա»։ Դուք ասեք՝ Ֆիդանի, Սոլովյովի հայտարարություններից ո՞նց եք տարբերելու՝ որն է միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, որն է աջակցություն, որը դիվանագիտություն»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Տիգրան Հակոբյանն ի պատասխան ասաց․ «Քննության ժամանակ, որ հարց են տալիս, որ կտրեն, այ մոտավորապես սա տենց հարց է, շատ դժվար է ու բազմազան»։

«Ֆիդանի մոտ ողջույն էր ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնության կոչ, որպեսզի ինչ-որ օտար երկիր ինտերվենցիա կատարի Հայաստանի ներքին գործերին։ Եթե նույն Սոլովյովը ողջուներ ընդդիմության քայլը, որն ուզում է մասնակցել ընտրություններին, Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել, որեւէ բռնության կոչ չկա այնտեղ, դա ողջույն է։ Էս վերջերս նույն Ռուսաստանի արտգործնախարարն ասել է՝ իմ կարծիքով Հայաստանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ եվրոպացիները սին խոստումներ են տալիս։ Այստեղ խնդիր չկա, մենք չենք կարող արգելել։ Այսինքն՝ մենք խոսում ենք նրա մասին, ինչն արգելված է օրենքով»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Նա նշեց, որ Սոլովյովի հաղորդումներն արգելված են հանրային մուլտիպլեքսում, դա ԲՏԱ նախարարության տիրույթում է։ «Ինչ վերաբերում է ցանցային օպերատորներին, ապա այնտեղ շարունակվում է Սոլովյովը, որովհետեւ Սոլովյովը ոչ միայն ռուսական պետական հեռուստաալիքում է ելույթ ունենում, այլ նաեւ «Ռոսսիա 24» քարոզչական ալիքով, որի հանդեպ որեւէ կարգավորում նախարարությունն ու մենք չունենք։ Այսօրվա փոփոխություններով մենք ստանում ենք այդ իրավունքը, որպեսզի մշտադիտարկենք եւ իրավասու լինել արգելել, կասեցնել, ինչ-որ բաներ շտկել»,- հավելեց Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ԱԺ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով, ի թիվս այլ կարգավորումների, կդադարեցվի այն օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերահաղորդումը, որոնք ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակություն ունեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Թագուհի Ղազարյանի համար ճշմարտությունը քաղաքական վերևներին ծառայելն ա։ Իրանց վերևների համար ճշմարտությունը քաղաքական անհարմարություն ա։ Երբ ազդի դահիճները ժխտում են հայ ժողովրդի կազմաքանդման պատմական փաստերը, ներկա փորձերը, Թագուհի Ղազարյանի նմանները ինքնության ճգնաժամի մեջ ընտրում են աթոռը, քաղաքական հարմարությունը, խղճի ճնշումը, հայերի ճակատագրի ու իրավունքների անտեսումը։ Թագուհի Ղազարյանի նմաններին ողջունում են Թուրքիայում, բա ինչ պետք ա անեն։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728