«Որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ազատ կարձակի Արշակ Սրբազանին կամ որևէ մեկ այլ Սրբազանի, որոնք շինծու գործերով գտնվում են կալանավայրերում, ես ոչ ակնկալիք, ոչ էլ հույս ունեմ»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։
«Ես համոզված եմ, որ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի միակ հույսը մնացել է իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ և այլն, որոնց ծառայեցնում է եկեղեցին կազմաքանդելու, հոգևորականներին բանտարկելու, հեղինակազրկելու և այլ գործառույթների համար։
Մենք բազմիցս նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսվեց այն բանից հետո, երբ Գարեգին Բ.-ն քննադատեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ նրան համարելով ռեվանշիստ, տարածաշրջանի իբր խաղաղությանը սպառնացող։ Դրանից հետո հրահանգի նման Նիկոլ Փաշինյանը լծվեց եկեղեցին կազմաքանդելու, հայկական ինքնության առանցքը ոչնչացնելու գործին։ Եվ մինչև հիմա փորձում է շարունակել։
Բայց նշեմ, որ նա չունի լեգիտիմություն, նրա հանրային լեգիտիմությունը զրոյական է։ Դա ցույց են տալիս տարբեր միջոցառումներ, որոնց անունը դրել են պատարագներ։ Բայց դրանք իրականում քաղաքական շոուներ են, իսկ այդ թափառաշրջիկ «պատարագիչներին» ավելի շատ նմանեցնում են բրեմենյան երաժիշտներին։ Մի նեղ խմբակ եկեղեցիներ է գրավում, կեղծ պատարագով կիրակի օրերին մի եկեղեցի է պղծում։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հենվել ոստիկանական սվինների վրա և դրանով ոչ միայն իշխանություն պահել, այլ նաև կազմաքանդել եկեղեցին։ Բայց ուզում եմ նշել՝ դա համաշխարհային պատմության փորձն է ցույց տալիս և եթե չեմ սխալվում, Նապոլեոնն է ասել, որ սվիններով կարելի է իշխանության գալ, բայց սվինների վրա նստած կառավարել հնարավոր չէ։
Քանի որ մոտենում ենք ընտրություններին, նշեմ, որ շատ շուտով նրանք քննիչների, դատախազների և այլ կադրային դեֆիցիտ են ունենալու, որովհետև չեն հասցնելու այդքան մեծ ծավալի քրեական գործեր կարել ընդդիմադիրների, ընդդիմախոսների, լրագրողների, այն մարդկանց նկատմամբ, որոնք իրական քննադատության են ենթարկում իշխանություններին։
Մի օր գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից կարող ենք լսել, որ շտապ պահանջվում են քննիչներ ու դատախազներ, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, այլ կարևոր է մի քիչ գրել-կարդալ իմանալ և պատրաստ լինել պատվերով քաղաքական գործեր կարել տարբեր հանրային, քաղաքական և հոգևոր գործիչների նկատմամբ»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































