Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն այս աստիճանի հասել է, որովհետև մինչև հիմա մարսել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կենսական շահերի հանձնումը». Դերենիկ Մալխասյան

Մարտ 23,2026 22:22 Share

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երեկ Երևանի մետրոպոլիտենում 1993 թվականին զոհված Արցախյան պատերազմի հերոս դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինեի, վրա անչափահաս որդու աչքի առջև Նիկոլ Փաշինյանի գոռգոռալը և մատ թափ տալը, ասաց. «Շատ դժվար գործ է գնահատել մի բան, որն ավելի շատ ոչ թե քաղաքագետների կամ սոցիոլոգների խնդիրն է, այլ ավելի շատ՝ հոգեբանների։

Քաղաքականությունը դնենք մի կողմ և այս երևույթը վերլուծենք մարդկային, բարոյական տիրույթում։

Ինչպե՞ս դուք կգնահատեիք, եթե հանրային վայրում բազմաթիվ մարդկանց առկայությամբ հասուն տղամարդը հարձակվի, անպատվի, ագրեսիվ վերաբերմունք ցույց տա երիտասարդ կնոջ նկատմամբ, այն էլ՝ փոքր երեխայի ներկայությամբ։ Հայ հասարակությունը սրան ի՞նչ գնահատական է տալիս։ Ձեր վերաբերմունքը, ձեր գնահատականը ի՞նչ կլիներ։ Կարծում եմ՝ պարզ է։ Յուրաքանչյուր մարդ, ով ունի բարոյական նորմալ արժեհամակարգ, այս երևույթը նրա համար կլինի առնվազն անընդունելի, դատապարտելի։

Եթե սա քաղաքական կոնտեքստում նայենք, Նիկոլ Փաշինյանն այդ աստիճանի հասել է այն պատճառով, որ կարողացել է մինչև հիմա մարսել ոչ միայն Արցախի հանձնումը, այլև Հայաստանի կենսական շահերի հանձնումը։ Մարսել է և հիմա կարող է իրեն թույլ տալ մետրոներում գոռգոռալ մարդկանց վրա, ում ընտանիքը մեծ վաստակ է ունեցել նույն Արցախի ազատագրման հետ կապված։

Հիմա անդրադառնանք շանտաժին։ Եվ դա շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ մեծամասամբ կորցրել է հանրային աջակցությունը, որը ավելի քան բավարար չէ իշխանությանը մնալու, վերարտադրվելու համար, նստել, մտածել-մտածել-մտածել է, հավանաբար, Ալիևի հետ, հնարավոր է, որ Էրդողանն է հուշել, թե ինչ անել, որպեսզի շանտաժով, ժողովրդի մեջ վախի ներարկմամբ, հունիսի 7-ին թույլ շանս երևա իր վերարտադրության համար։ Եվ անցել են փորձված մեթոդի կիրառմանը։ Փորձված, որովհետև Նիկոլ Փաշինյանը շանտաժով, վախեցնելով հասել է, օրինակ, Տավուշում Ադրբեջանի պահանջների բավարարմանը։

Հիշում եք չէ՞, երբ Տավուշում սկսեցին, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Երբ կար ժողովրդի դժգոհություն, բողոք, ինքը գնաց այնտեղ և ասաց, որ եթե չանենք Ալիևի ասածը, ապա կստանանք պատերազմ։ Հետևաբար, պետք է հանձնենք, որ չստանանք պատերազմ։ Այսինքն՝ վախի գործոնով, շանտաժով Նիկոլ Փաշինյանը Տավուշում կատարեց Ալիևի պահանջները։ Տավուշում ոչ թե սահմանազատում և սահմանագծում էր, այլ Ալիևի պահանջների 100 տոկոսանոց բավարարում։ Այդպես եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ խոստացավ, որ այլևս սկսվելու են սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։ Հարգելի ժողովուրդ, գնացեք, հարց տվեք, թե դրանից հետո քանի սանտիմետր սահմանագծում և սահմանազատում է արել Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ։ Ես ձեզ ասեմ՝ զրո։

Այսինքն, Ալիևին պետք էր Տավուշից ինչ-որ հատվածներ՝ նա ստացավ այդ հատվածները։ Եվ Ալիևը խորապես թքած ունի այդ սահմանագծման և սահմանազատման վրա, Ալիևը խորապես թքած ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վրա։ Որովհետև, եթե խաղաղություն է հաստատվել, ապա, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր գոռգոռում, որ մենք հստակ թվով ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող Ալիևն էլ թվով ասի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չի անում։ Ուստի, Տավուշում այդ օպերացիան հաջողությամբ իրականացնելուց հետո ինքը հիմա արդեն պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին՝ ասելով՝ հայ ժողովուրդ, եթե ինձ չընտրեք, պատերազմ է լինելու»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031