Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղի, այն կանխարգելող վաղ հետազոտությունների ու այն գրքի մասին, որը հիշեցնում է՝ թանկ է ապրված և ամեն մի օրը

Փետրվար 04,2026 09:30 Share

«Եթե չլիներ ցավը, մենք չէինք իմանա, թե ինչ է իսկական ուրախությունը․․․»

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպն իմ կարդացած ամենածանր գրքերից մեկն է․ այն պատմություն է քաղցկեղով հիվանդ դեռահասների մասին, որոնք փորձում են ապրել իրենց տրված հաշված օրերն ու վերջապես իմանալ՝ ինչպիսի՞ն է լինելու իրենց սիրելի գրքի՝ իրենց կյանքի գրքի ավարտը․․․ Կյանքի ու մահվան միջակայքում էլ ծնվում է սերը՝ մաքուր, գեղեցիկ ու իրական․ սերը, «որն ամեն բանի հանդեպ հույս ունի, որ ամեն բանի համբերում է․․․»։  Ցավի ու անարդարության զգացումը, որն այդ պայծառ երեխաների կենսակերպն է դարձել, փոխանցվում է նաև ընթերցողին ու շատ երկար է մնում նրա հետ, քանի որ հարցերը, որոնք հուզում էին այդ երեխաներին, համամարդկային են․ «իսկ ինչո՞ւ հենց ես», «իսկ ինձ կհիշե՞ն հետո», «իսկ ի՞նչ կմնա ինձանից հետո․․․»։

Հեղինակը վեպի մասին խոսելիս ընթերցողին զգուշացնում է, որ այս գիրքը գեղարվեստական գործ է՝ հնարովի պատմություն, ու այստեղ ես սկսում եմ հիշել իրական պատմություններ, տասնյակ, հարյուրավոր դեպքեր, որոնք փաստում են՝ քաղցկեղը վերջին խոսքը չէ՝ դրանից հետո կա կյանք, կան ծնվող երեխաներ, կան ապրված երկար ու երջանիկ տարիներ․․․

Ուստի այսօր՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, առաջարկում եմ ընթերցել մի քանի փաստեր այս հիվանդության մասին ու վերհիշել ռիսկի հիմնական գործոնները, որոնցից շատերը կառավարելի են մեր կողմից․ չէ՞ որ տեղեկացված լինելն ու սառը ուղեղով դատելը այս հիվանդության դեմ պայքարող կարևոր գործիքներ են։

Այս նյութը պատրաստելիս հիմնական աղբյուր ենք դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

ԱՀԿ-ն քաղցկեղի ամենատարածված տեսակներ է համարում

  • կրծքագեղձի,
  • թոքերի,
  • հաստ և ուղիղ աղիքի,
  • շագանակագեղձի քաղցկեղները։

Ինչպես հայտնի է, քաղցկեղն առաջանում է նորմալ բջիջների բազմափուլ փոփոխությունների հետևանքով։ Այդ փոփոխությունները պայմանավորված են գենետիկական գործոնների և արտաքին ազդեցությունների փոխազդեցությամբ, որոնք ներառում են՝

  • ֆիզիկական քաղցկեղածիններ՝ ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթում,
  • քիմիական քաղցկեղածիններ՝ ասբեստ, ծխախոտի ծխի բաղադրիչներ, ալկոհոլ, աֆլատոքսին (սննդային աղտոտիչ) և մկնդեղ (խմելու ջրի աղտոտիչ),
  •  կենսաբանական քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են որոշակի վիրուսներից, մանրէներից կամ մակաբույծներից առաջացող վարակները։

Քաղցկեղի առաջացման հաճախականությունը զգալիորեն աճում է տարիքին զուգընթաց, ինչը կապված է ռիսկերի կուտակման և բջջային վերականգնման մեխանիզմների թուլացման հետ։

Ռիսկի գործոններ են համարվում ծխախոտի օգտագործումը, ալկոհոլը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական պասիվությունը և օդի աղտոտվածությունը։

Որոշ քրոնիկական վարակներ նույնպես քաղցկեղի ռիսկ են ներկայացնում, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ 2018 թվականին ամբողջ աշխարհում քաղցկեղի մոտ 13%-ը վերագրվում էր քաղցկեղածին վարակներին՝ ներառյալ Հելիկոբակտեր պիլորին, Մարդու պապիլոմավիրուսը (HPV), հեպատիտ B և C վիրուսները, Էպշտեյն–Բարի վիրուսը։

Հեպատիտ B և C վիրուսները բարձրացնում են լյարդի քաղցկեղի, իսկ Մարդու պապիլոմավիրուսի որոշ տեսակներ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի ռիսկը։

Քաղցկեղի ռիսկը կարելի է նվազեցնել՝

  • չօգտագործելով ծխախոտ,
  • պահպանելով մարմնի առողջ քաշ,
  • սնվելով առողջ,
  • պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելով,
  • սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը,
  • պատվաստվելով HPV-ի և հեպատիտ B-ի դեմ (եթե խորհուրդ է տրվում),
  • խուսափելով ուլտրամանուշակագույն ճառագայթումից,
  • ապահով օգտագործելով բժշկական ճառագայթումը,
  • նվազեցնելով մասնագիտական և կենցաղային ճառագայթման ու օդի աղտոտվածության ազդեցությունը։

Քաղցկեղի շատ տեսակներ բուժելի են, եթե հայտնաբերվում են վաղ փուլում և բուժվում են արդյունավետորեն։ Քաղցկեղի դեպքերի 30–50%-ը հնարավոր է կանխել՝ խուսափելով ռիսկի գործոններից և կիրառելով ապացույցների վրա հիմնված կանխարգելիչ ռազմավարություններ։

Հիվանդության վաղ հայտնաբերման համար շատ կարևոր դեր ունեն սքրինինգային հետազոտությունները։

Սքրինինգը նպատակ ունի հայտնաբերել քաղցկեղի կամ նախաքաղցկեղային նշաններ՝ մինչև ախտանիշների ի հայտ գալը։

Մելինե Նավասարդյան

Բժիշկ-ճառագայթաբան Մելինե Նավասարդյանը մեզ հետ զրույցում առանձնացրել է այն կարևոր սքրինինգային հետազոտությունները, որոնց գրագետ, ճիշտ ժամանակին իրականացումը մարդու համար կարող է կենսական նշանակություն ունենալ։ Բժշկուհին նշում է․

«Քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդությունները երիտասարդացել են, տղամարդկանց խորհուրդ է տրվում 40-45 տարեկանից սկսած 3-5 տարին մեկ հաճախականությամբ անցնել հետևյալ հետազոտությունները՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի քանակը որոշող PSA թեստ, շագանակագեղձի ՈՒՁՀ, և ըստ անհրաժեշտության, վերջնական ախտորոշման համար՝ շագանակագեղձի ՄՌՏ հետազոտություն, ինչպես նաև բիոպսիա (կենսազննում)․ սրանք այն առանցքային միջոցառումներն են, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։

Հիմնականում տղամարդկանց շրջանում կարևորում ենք նաև 45-55 տարեկանից սկսած հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգը, որն իրականացվում է կոլոնոսկոպիայի միջոցով՝ ադենոմաների վաղ հայտնաբերման նպատակով։

Կարևորում ենք նաև վահանաձև գեղձի խնդիրների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային հետազոտությունները։ Ըստ ամերիկյան թիրեոիդոլոգիայի ասոցիացիայի, վահանագեղձի սքրինինգային հետազոտությունները պետք է իրականացնել 35 տարեկանից սկսած՝ 3-5 տարին մեկ հաճախականությամբ։ Վահանաձև գեղձի սոնոգրաֆիան և թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակը որոշող անալիզը վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման հնարավորություն են ստեղծում։

Ողջունելի կլինի, եթե Հայաստանի պոլիկլինիկաներում անցկացվող 14-15 տարեկանների համար նախատեսված սքրինինգային ծրագրում, երբ հետազոտվում է որովայնն ու փոքր կոնքի խոռոչը, ներառվի վահանաձև գեղձի հետազոտությունը։ Հասկանալի է, որ այդ ծրագիրը բավականին ծախսատար է լինելու, բայց դա կարևոր քայլ կլինի վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու հետագա բարդությունների կանխարգելման ուղղությամբ։

Վահանաձև գեղձի հետազոտությանը զուգահեռ նպատակահարմար ենք համարում կրծքագեղձի և փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը։ Հայտնի է, որ աշխարհումը տարեկան մոտ 1 միլիոն մարդ հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով, և դա ևս մեկ մարտահրավեր է։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտությունները կարելի է սկսել սոնոգրաֆիայի միջոցով, թեև սքրինինգային հետազոտություն է համարվում մամոգրաֆիան, որը ցուցված է 38-40 տարեկանից, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, եթե կինը որոշում է արտամարմնային բեղմնավորման գնալ և այլ դեպքերում։ 40-44 տարեկանից կանանց խորհուրդ է տրվում 2 տարին մեկ անցնել մամոգրաֆիա, տարին մեկ՝ սոնոգրաֆիա, 45-55 տարեկանից ՝ տարին մեկ մամոգրաֆիա, տարին 1-2 անգամ՝ սոնոգրաֆիա։ Իհարկե, այստեղ չենք խոսում անհատական դեպքերի մասին, քանի որ յուրաքանչյուր դեպք իր մոտեցումն է պահանջում, ինչպես նաև լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է կոնկրետ խնդրով»։

Կանխարգելիչ միջոցառումներ շրջանակներում կարևորվում է նաև արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։

Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդով արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ միջացառումների թվում է պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը, որը հասանելի է Հայաստանում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի շապիկն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728