«Ի՞նչ է ձեզ արել Փաշինյանը, որ այդքան էմոցիոնալ քննադատությամբ եք հանդես գալիս», – երբեմն հարցնում են ինձ ընթերցողները: Պատասխանում եմ՝ անձամբ ինձ ՀՀ վարչապետը ոչ մի վատ բան չի արել: Իսկ Արցախի կորուստը, որը տեղի է ունեցել նրա մեղքով, եւ եկեղեցու դեմ հարձակումը, որն իրականացվում է նրա նախաձեռնությամբ, ես, այո, շատ ծանր եմ տանում: Կարծում եմ, որ ցանկացած նորմալ հայ դա պետք է ծանր տանի:
Անձնապես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ: Ավելին ասեմ (գուցե շատերին դուր չգա), ինձ համար միանգամայն OK է, որ վարչապետը եւ նրա տիկինը ո՛չ եկեղեցով, ո՛չ զագսով ամուսնացած չեն. դա իրենց մասնավոր գործն է, եւ այդ ուղղությամբ քննադատությունը տեղին չեմ համարում: Ինձ չի հետաքրքրում նաեւ, թե ինչպես են հագնվում Փաշինյանի կինը կամ երեխաները: Ես նրանց հագուկապը, բնականաբար, չեմ տեսել, բայց ինչ-որ (դարձյալ, իմ կարծիքով, անհարկի) մեկնաբանություններ աչքովս ընկնում են:
Ինձ հետաքրքիր են իրադարձությունները, որոնք ունեն լուրջ հասարակական նշանակություն: Ինչպես է Փաշինյանը թմբուկ խփում՝ դա դարձյալ իր մասնավոր խնդիրն է: Բայց ահա՝ ովքեր են գնացել ու պարել նրա թմբուկի տակ, դա արդեն հասարակական խնդիր է: Որովհետեւ դա քաղաքական ռեժիմի, տվյալ դեպքում՝ կարծր ավտորիտարիզմի ցուցիչ է:
Բրեժնեւը կամ Թուրքմենբաշին գիրք էին գրում, Թուրքմենստանի հաջորդ նախագահը՝ Բերդիմուհամեդովը ռեփ էր երգում: Թվում է, թե՝ ի՞նչ կա դրա մեջ՝ թող իրենց համար գրեն կամ երգեն: Բայց երբ պալատականների կամ քծնողների մնացած զանգվածը գալիս էր այդ միջոցառումներին, եւ հորթային հրճվանք ցուցաբերում առաջնորդի «տաղանդների» հանդեպ, ապա դա երաժշտության կամ գրականության հետ որեւէ կապ չուներ: Դա ցույց էր տալիս, թե ինչպես, ինչ եղանակներով են մարդիկ բարձրանում պաշտոնական եւ սոցիալական (նյութական) վերելակներով: Վարչապետի թմբուկ խփելը հենց այդ սերիայից է: Վստահ եմ՝ եթե Փաշինյանը հրամայեր, տիրադավ եպիսկոպոսները կմիանային այդ պարին:
Կարդացեք նաև
Ճիշտ նույն ձեւով կրթվելը, գիրք կարդալը հրաշալի է: Ես ինքս իմ համեստ հնարավորությունների շրջանակներում փորձում եմ դա քարոզել: Բայց երբ դա ձեռք է բերում քաղաքական PR արշավի բնույթ, դրան մասնակցելը հետապնդում է կրթությունից շատ հեռու նպատակներ՝ օրինակ, քաղաքական կարիերա անելու կամ ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































․․․անձամբ ինձ ՀՀ վարչապետը ոչ մի վատ բան չի արել:
Բարեկամներ չունե՞ք, որոնց հետ գժտվել եք։ Ընկերներ չունե՞ք, որոնցից հեռացել եք կամ իրենք են Ձեզնից հեռացել։ Խղճի խայթեր չե՞ք ունենում, որ չարեցիք այն ամենն, ինչ կարող էիք՝ պատուհասը կանգնեցնելու համար։ Ինձ մոտ բոլորն առկա են։ Կարողանու՞մ եք Ձեր հոգեկան հավասարակշռությունը պահել դրա ծղրտոցը լսելիս կամ իրեն տեսնելիս։ Ես չեմ կարողանում։
Անձամբ ինձ՝ ինքը շատ վան բաներ է արել։ Համոզված եմ՝ Ձեզ էլ։