Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է նաև խրախուսի և հետևողականորեն իրականացնի վստահության ամրապնդման այլ քայլեր, ներառյալ հայ պատանդների վերադարձը. Գարո Փայլան

Փետրվար 04,2026 15:15 Share

«Թրամփը ցանկանում է «խաղաղություն՝ կառուցման միջոցով»։ Կա մեկ վայր, որտեղ դա իրականում կարող է աշխատել», – Գարո Փայլանի հոդվածը՝ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի կայքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է ասել, թե ինքն ավարտում է պատերազմները։ Արդարացի լինելու համար պետք է նշել, որ 2025 թվականին ամերիկյան դիվանագիտությունն իսկապես նպաստեց մի շարք հակամարտությունների դադարեցմանը կամ սառեցմանը, որոնցից ամենանշանավորը՝ Գազայում, ինչպես նաև կանխեց այլ ճգնաժամերի հետագա սրացումը։ Սակայն այն 8 պատերազմներից շատերը, որոնց ավարտը Թրամփը վերագրում է իրեն, իրականում մնում են սառեցված հակամարտություններ։ Հրադադարները կանգնեցրել են փամփուշտները, բայց դեռ չեն բերել կայուն քաղաքական կարգավորումների կամ ամուր տարածաշրջանային համակարգերի։

Այս բացը լրացնելու համար Թրամփի նախընտրած լուծումը կարելի է կոչել «խաղաղություն՝ կառուցման միջոցով»․ գաղափար, ըստ որի՝ տնտեսական խթանները, ենթակառուցվածքները և բիզնես տրամաբանությունը կարող են հաջողել այնտեղ, որտեղ ավանդական դիվանագիտությունը փակուղի է մտել։

Սա խաղաղության խիստ թրամփյան տեսություն է՝ իրականացվող ոչ թե դիվանագետների և հաստատությունների, այլ բիզնես մտածողությամբ վստահված բանագնացների միջոցով, ինչպիսիք են Ջարեդ Քուշները, Սթիվեն Ուիթքոֆը և Թոմաս Բարաքը։ Այս գաղափարի տարբերակներ շրջանառվել են Գազայի, Ուկրաինայի և Սիրիայի համար։

Սակայն մինչ այժմ դրանք մնացել են փայլուն խոստումներ ու PowerPoint ներկայացումներ՝ պողոտաների, տվյալների կենտրոնների և օդանավակայանների պատկերներով։

Այնուամենայնիվ, կա մի վայր՝ Հարավային Կովկասը, որտեղ այս մոտեցումը կարող է իրականում աշխատել, և որտեղ ԱՄՆ-ի լծակները կարող են սառեցված հակամարտությունը վերածել կայուն խաղաղության։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հիմնված կառուցման և տարածաշրջանային կապակցվածության վրա, կարող է դառնալ Թրամփի տնտեսական խաղաղության տեսլականի միակ իրատեսական փորձադաշտը՝ անցում կատարելով կարգախոսից դեպի ժառանգություն։

Ինչու է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը տարբեր

Այն հակամարտությունների շարքում, որոնց ավարտը Թրամփը ներկայացնում է որպես հաջողություն, Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն առանձնանում է նրանով, որ հիմնական տարածքային վեճն արդեն ողբերգական կերպով լուծվել է։

2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության վերականգնումը, որն ուղեկցվեց հայկական բնակչության էթնիկ զտմամբ, փակեց մի գլուխ, որը տասնամյակներ շարունակ պատերազմի աղբյուր էր եղել։

Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը ավելի մոտ են ինստիտուցիոնալ խաղաղությանը, քան նոր պատերազմի։ Անցած տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը ստորագրեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ ընդունված հռչակագիր, որը  կողմերին Թրամփի մասնակցությամբ մոտեցրեց համապարփակ խաղաղության պայմանագրին։

Սա պատմական առաջընթաց էր․ երկու կառավարություններն էլ այժմ պաշտոնապես ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ խորհրդային շրջանի սահմանների հիման վրա, և պարտավորվում են հրաժարվել ուժի կիրառումից։ Մնացած հարցերը՝ սահմանների ճշգրտումը, կապուղիները և վստահության ամրապնդման մեխանիզմները, լուծելի են և կապված են արդեն համաձայնեցված ճանապարհային քարտեզների հետ։

Դիվանագիտական գործընթացը նույնպես դանդաղ, բայց առաջ է գնում։ Հայաստանը ցանկանում է շրջվել դեպի Արևմուտք, և արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին այցը Վաշինգտոն ընդգծեց Երևանի շարունակական հույսը ԱՄՆ-ի ներգրավվածության վրա։ Այցի ընթացքում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ խաղաղությունը կլինի «հիանալի Հայաստանի համար, հիանալի Միացյալ Նահանգների համար, հիանալի բոլոր ներգրավվածների համար և, վերջիվերջո, օրինակ՝ աշխարհի համար»։ Թերևս սա չափազանց համարձակ ձևակերպում է, բայց Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, ինչը վկայում է, որ տարածաշրջանը շարունակում է մնալ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։

Ռուսաստանը կորցրել է վստահությունը

Միջազգային միջավայրը ևս նպաստում է այս պահին։ Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի հեղինակությունը կտրուկ նվազել է 2020 թվականի պատերազմի և Ուկրաինայի դեմ իր հարձակման հետևանքով։ Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն ցանկանում, որ Մոսկվան վերականգնի իր ազդեցությունը, երբ այդ պատերազմն ավարտվի։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել հաշտեցմանը և հետկոնֆլիկտային զարգացմանը։ Թուրքիան, չնայած Ադրբեջանի հետ իր անսասան դաշինքին, աջակցում է խաղաղությանը և շահագրգռված է Հայաստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա՝ արևելք–արևմուտք առևտրային ուղիների վերագործարկմամբ։

Այն, ինչ այս պահը դարձնում է իսկապես առանձնահատուկ, այն է, որ Միացյալ Նահանգները հիմա հստակ տնտեսական և ռազմավարական շահ ունի այս գործընթացում։

Թրամփը ցանկանում է, որ կարևոր աշխարհագրական հանգույցներում լինեն ամերիկյան ընկերություններ, ոչ թե ամերիկյան զորքեր։ Նրա վարչակազմը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել ավանդական խաղաղապահության կամ բազմակողմ երաշխիքների նկատմամբ, բայց մեծ հետաքրքրություն՝ տեսանելիություն, ազդեցություն և եկամուտ խոստացող նախագծերի հանդեպ։

Այս տրամաբանությունն էլ հանգեցրել է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհի (TRIPP) գաղափարին, որը հիշատակվել է օգոստոսյան հռչակագրում։ Այդ երթուղին անցնում է Հայաստանի տարածքով՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի, ապա Թուրքիայի հետ։

TRIPP-ը բացահայտ թրամփյան է իր ոճով՝ գործարքային, բրենդավորմամբ հագեցած և անթաքույց կենտրոնացած ԱՄՆ-ի շահի վրա։ Սակայն, եթե հանենք մարքեթինգը, այն կարող է վերածվել իրական գեոտնտեսական շրջանակի, որը Հարավային Կովկասով՝ երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների միջոցով, Եվրոպան կկապի Կենտրոնական Ասիայի հետ։

Ի տարբերություն նախկին միջնորդական ջանքերի, որոնք կենտրոնացած էին միայն ճգնաժամերի կառավարման վրա, այս մոտեցումը խաղաղությունը ներդնում է տրանսպորտի և կապակցվածության մեջ։ Կայունությունը դառնում է ներդրումների և աճի պայման։ Խաղաղությունը Հայաստանին և Ադրբեջանին կտա գեոտնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակություն, որը նախկինում չեն ունեցել։ Վաշինգտոնի համար սա նշանակում է ազդեցություն՝ ինտեգրման, ոչ թե հարկադրանքի միջոցով։

Ինչու է սա կարևոր ԱՄՆ ռազմավարական շահերի համար

Հարավային Կովկասը գտնվում է ձևավորվող Միջին միջանցքի վրա, որը  Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի հետ։ Քանի որ Միացյալ Նահանգները փորձում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները՝ հեռանալով Չինաստանից և Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսների և կարևոր հանքանյութերի հասանելիությունն ավելի կարևոր է դառնում։ Սակայն այդ ռեսուրսները արժեք ունեն միայն այն դեպքում, եթե կարող են հասնել համաշխարհային շուկաներ՝ կայուն և կանխատեսելի ուղիներով։

Հայաստան–Ադրբեջան կայուն խաղաղությունը տարածաշրջանը կվերափոխի աշխարհաքաղաքական խցանումից դեպի տարանցիկ հանգույց։ Երկաթուղիները, ճանապարհները, խողովակաշարերը և թվային ցանցերը կարող են կապել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ առանց մշտական խափանումների վտանգի։

Այսպիսով՝ ԱՄՆ-ն ձեռք կբերի հուսալի արևելք–արևմուտք միջանցք, որը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը, կլրացնի Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման ջանքերը և Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի, վրա կդնի նոր տարածաշրջանային տնտեսական կարգի պաշտպանության դերը։

Սա հենց այն արդյունքն է, որը Թրամփը պնդում է, թե նախընտրում է՝ տնտեսական շահեր առանց մշտական ռազմական պարտավորությունների։

Թուրքիան՝ անփոխարինելի, բայց տատանվող գործընկեր

Թուրքիան առանցքային դեր ունի այս ամենը իրականություն դարձնելու համար, սակայն դեռ լիովին ներգրավված չէ։ Անկարայի և Բաքվի դաշինքը, որը կառուցված է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, եղել է նրա արտաքին և պաշտպանական քաղաքականության հիմնասյունը։ Անկարան հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը կբացի միայն այն դեպքում, երբ ստորագրվի Հայաստան–Ադրբեջան վերջնական խաղաղության պայմանագիր՝ սա դիտելով որպես բանակցային խաղաքարտ Բաքվի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ Վերջերս Էրդողանը խոստացել է «խորհրդանշական քայլեր» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ մարտին Թուրքիան սահմանը կբացի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։

Սակայն Թուրքիան ունի նաև սեփական շահերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Սահմանների բացումը և Հայաստանի տարածքով տարանցիկ ուղիների վերականգնումը կուժեղացնեն Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային առևտրի, էներգետիկայի և լոգիստիկայի հանգույցի։ Այստեղ կարող են օգտակար լինել Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները․ Թրամփը ցույց է տվել պատրաստակամություն՝ գործնական մոտեցմամբ աշխատելու Անկարայի հետ Սիրիայի և այլ տարածաշրջանային հարցերում։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է, որ այս խաղաղությունը կայուն լինի, պետք է Թուրքիային լիարժեք ներգրավել գործընթացում և հորդորել հնարավորինս շուտ լիովին բացել սահմանը։

Հայաստանի քաղաքական ժամանակը սեղմվում է

Միևնույն ժամանակ Հայաստանում ներքաղաքական ճնշումն աճում է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ՝ նախքան վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը հեշտ քայլ չէ որևէ ընտրված առաջնորդի համար։

Հայաստանը հունիսին խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու, և Փաշինյանն իր քաղաքական ապագան կապել է խաղաղության օրակարգի հետ։ Նա արդեն գնացել է ռիսկերի, որոնք տասնամյակ առաջ աներևակայելի կլինեին՝ ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ազգային նարատիվի վերաձևակերպումը և այն պնդումը, որ անվտանգությունը հարևանների հետ հարաբերությունների նորմալացման մեջ է, ոչ թե մշտական հակամարտության։

Սակայն խաղաղությունը պետք է արդյունք տա։ Ռուսամետ և «կոշտ գծի» ընդդիմադիր ուժերը մոբիլիզացվում են՝ գործընթացը ներկայացնելու որպես զիջում առանց փոխհատուցման։ Առանց տեսանելի տնտեսական և անվտանգային դիվիդենտների, Երևանում արագորեն կսահմանափակվի փոխզիջումների քաղաքական դաշտը։

Ինչ պետք է անի Վաշինգտոնը

Եթե Թրամփի վարչակազմը ցանկանում է իր խաղաղության հայտարարությունները վերածել ժառանգության, ապա 2026 թվականի սկիզբը վճռորոշ պատուհանն է։

Դիվանագիտական առաջընթացն արդեն տեղի է ունեցել, բայց Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների հիմնական ձախողումը սովորաբար սկսվում է համաձայնագրից հետո։ Այս օրինաչափությունը կոտրելու համար Վաշինգտոնը պետք է արագորեն ներկայացնի տարածաշրջանային տնտեսական համաձայնագրի գաղափարը՝ առևտրից մինչև համատեղ ձեռնարկություններ, տվյալների կենտրոններ, էներգետիկա և զբոսաշրջություն՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպես կայունության հիմնական շարժիչ։

Որպես առաջին քայլ՝ Միացյալ Նահանգները պետք է ստեղծի Հարավային Կովկասի կայունության հիմնադրամ, որը կմիավորի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Պարսից ծոցի երկրների ռեսուրսները՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին։ Այդպիսի հիմնադրամը կարող է համախմբել ֆինանսավորումը, համաժամեցնել (սինքրոնացնել) նախագծերը և ապահովել, որ խաղաղության օգուտները տեսանելի լինեն սովորական քաղաքացիների համար։

Միաժամանակ Վաշինգտոնը կարող է համակարգել Բաքվի, Երևանի և Անկարայի հետ խորհրդային շրջանի երկաթուղիների վերականգնումը՝ խթանելու սահմանային առևտուրն ու տրանսպորտը։

Նոր երկաթուղային նախագծերին տարիներ շարունակ սպասելու փոխարեն, ինչը կխաթարի խաղաղության գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, հնարավոր է վերագործարկել առկա գծերը և TRIPP-ը գործարկելի դարձնել արդեն 2027 թվականին։

Թրամփի վարչակազմը կարող է նաև ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն մինչև Հայաստանի հունիսյան ընտրությունները՝ ստեղծելով քաղաքական տարածք Թուրքիայի համար՝ սահմանը բացելու ուղղությամբ քայլեր անելու։

Թուրքիայի հետ նորմալացումը կուժեղացնի խաղաղության կողմնակիցներին Հայաստանում և հզոր ազդակ կուղարկի ողջ տարածաշրջանին, որ խաղաղությունը բերում է շոշափելի օգուտներ։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պետք է խրախուսի և հետևողականորեն իրականացնի վստահության ամրապնդման այլ քայլեր, ներառյալ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը և սահմանների հետևողական սահմանազատումը։

Այս քայլերը խորապես կարևոր են երկու կողմերում հասարակական կարծիքի համար և խաղաղությունը քաղաքականապես կայուն են դարձնում։

Հայտարարություններից դեպի ժառանգություն

Թրամփը ճիշտ է, որ պատերազմների դադարեցումը կարևոր է, սակայն նա դեռ չի ապացուցել, որ տնտեսական փոխկախվածությունը կարող է դառնալ աշխարհաքաղաքական թեժ կետերի կայունացման բանալին։

Այն հակամարտությունների շարքում, որոնց նա մատնանշում է, Հայաստան–Ադրբեջանն ամենահստակ դեպքն է, որտեղ համեստ, բայց շարունակական ամերիկյան ներգրավվածությունը կարող է որոշել վերջնական արդյունքը։

Պատերազմն ավարտված է։ Շրջանակը գոյություն ունի։ Խթանները համընկնում են Հարավային Կովկասում նոր տնտեսական կարգի ձևավորման համար։

Եթե «խաղաղություն՝ կառուցման միջոցով» իսկապես միջազգային հարաբերությունների նոր տեսություն է և կարող է նպաստել համաշխարհային խաղաղությանը, ապա Հարավային Կովկասը կարող է լինել այն վայրը, որտեղ այն իրեն կարդարացնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728