Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին

Փետրվար 04,2026 17:50 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով. «Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»:

Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և հույս հայտնել՝ իրենց դրական տրամադրվածությունը կնպաստի, որպեսզի բարձր ցուցանիշներով վերադառնան:

Նախարարը զրուցել է նաև մարզվող երեխաների հետ՝ հետաքրքրվելով, թե որքան ժամանակ են զբաղվում դահուկավազքով, ինչպես են սովորում դպրոցում, ինչ այլ հետաքրքրություններ ունեն և այլն:

Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլլ հարցեր:

Նախարարն իրազեկել է նաև մարզագույքի տրամադրման պետական ծրագրի մասին և նշել՝ պետք է հասկանալ, թե, մասնավորապես, այս մարզաձևի համար գույքի ինչպիսի առաջնային կարիք կա:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներկայում քննարկվում է մարզերում մասնավոր լողավազաններում երեխաների պարապմունքների ֆինանսավորման համանմանությամբ այլ մարզաձևերով զբաղվելը ևս մասնավոր ենթակառուցվածքներում խրախուսելու ու ֆինանսավորելու հարցը: Այդ շրջանակում դիտարկվում է նաև դահուկային սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների մարզումների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ դահուկային սպորտի զարգացման համար՝ նպաստելով դրա մասսայականացմանը:

Նշենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728