Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր, «Վարչաբենդի» դիսկոտեկին մասնակցած ՔՊ-ական, նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։
– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Փաշինյանը որոշեց հարվածային գործիքների վրա նվագել։
– Յուրաքանչյուրս ինքնաիրացման խնդիր ունենք, մեկը բանաստեղծություններ է գրում, օրինակ՝ ես, մյուսն այլ բանով է զբաղվում։ Եթե երկրի ղեկավարը տիրապետում է երաժշտական գործիքի եւ կարողանում է երիտասարդներին երաժշտությամբ գրավել, հաճելի է։
– Նորմա՞լ է, որ մեր երկրում, որտեղ բազում խնդիրներ կան, վարչապետի պաշտոնում աշխատող մարդն այնքան պարապ ժամանակ ունի, որ նվագել է սովորում, ինքնիրացման խնդիրներ լուծում 50 տարեկանում։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարծում, որ որեւէ պաշտոնյա այնքան զբաղված է, որ ուրիշ բան չի կարող անել, եթե ժամանակդ ճիշտ տեղաբաշխես, ամեն ինչ էլ կարող ես անել։ Սթիվ Ջոբսի ասածին կողմ եմ, որ մարդը պետք է աշխատի գլխով, ոչ թե 24 ժամ։
– Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ՔՊ-ն ամենացածր վարկանիշն ունի երիտասարդության շրջանում, եւ ակնարկում էր, որ Փաշինյանը դրա համար է այդ «կապիկություններն անում», որ վարկանիշը բարձրացնի երիտասարդության մոտ։
– Դա իր կարծիքն է, եւ կարծում եմ, որ ինքը պրոյեկտում է իր անելիքը ՔՊ-ի վրա, ի՞նչ է նշանակում նման բառապաշարը։ Եթե ուրիշը կապիկություններ կանի, թող անի, ամեն մարդ մի կապիկություն է անում։ Ես կարծում եմ, որ երիտասարդները բազմաշերտ են, այո, կան խմբեր, որոնց գրավում է մեր քաղաքական ուժի կարծիքը, գործելակերպը, կլինեն խմբեր, որոնք չեն ընդունի։
– Իսկ վերջին համերգը ո՞րն է եղել, որին մասնակցել եք։
– Ջենիֆեր Լոպեսի համերգին ենք մասնակցել, հայտնի երգիչների համերգներին միշտ էլ հաճելի է մասնակցել, կամ եթե Վրաստանի վարչապետը գա՝ համերգ տալու, հաճելի չի՞ լինի։
– Մի խոսքով, մշակութասեր, համերգասեր պատգամավոր եք, ու մանդատի համար չէ, որ գնացել եք համերգ լսելու։
– Բայց մանդատն ի՞նչ կապ ունի։
– Գնում եք, աչք մտնում, ծափ տալիս վարչապետին, ձեր կուսակիցների աչքին էլ եք բարձրանում, թե ինչ հավատարիմ եք։
– Կուսակցության ղեկավար է, բնական է, որ պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Ծայրահեղության մեջ մի ընկեք, մարդկային վիճակ է համերգ տալը, մասնակցելը։
– Մարդիկ ձեզ քննադատում են՝ այսքան աղետ բերեցիք երկրի գլխին, հիմա տժժում եք` երգում, պարում։
– Կարծում եմ՝ սուբյեկտիվ կարծիք է՝ ով ինչ բերեց, բայց ի վերջո բոլորս էլ ցավեր ենք ունենում, չկա մարդ, որ ցավեր չունենա, ողբերգություն տեսած չլինի։ Ապրենք այդ ողբերգությա՞մբ, մենք պետք է իրար ապրեցնենք, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները, եթե մենակ վշտով ապրենք, կմնանք վշտի մեջ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































