Հայաստանում փոխել են ընտանիքների անապահովության գնահատման կարգը։ «Փարոս» անունով հայտնի նախկին համակարգը, որը գործում էր 90-ականներից եւ քանիցս փոփոխություններ է կրել, հիմա էլ փոխարինվում է նոր՝ թվային մոդելով։ 2025 թվականի մարտի 17-ից գնահատման նոր համակարգը փորձնական (պիլոտային) եղանակով գործարկվել է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություն է սա, որն է նպատակը, եւ արդյո՞ք վերոնշյալ պահանջները, ասենք՝ կրթությունից դուրս մնացած երեխա ունենալու հանգամանքը, կապ ունեն անապահով լինելու հետ:
Առաքելյանը, անդրադառնալով թեմային, ասաց. «Ժամանակին, երբ ես նախարար էի, ցանկանում էինք իմանալ, թե որոնք են աղքատության պատճառներն ու հետեւանքները: Օրինակ` եթե մարդը կացարանային խնդիրներ ունի` տաք ջրի, ջեռուցման խնդիր եւ այլն, եւ պետությունից ստանում է 50 հազար դրամ նպաստ, դա չի նշանակում է, որ նրա տաք ջրի հարցը լուծվեց, փոխվեց բարեկեցությունը: Գուցե դրանով մարդը կարողացավ իր սննդի հարցերը լուծել, բայց, մեծ հաշվով, իր խնդիրները չեն լուծվում: Այսինքն` շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ կոնկրետ խնդիրներ են առկա, եւ նպաստել, որ մարդիկ դուրս գան այդ վիճակից, այլ ոչ թե իքս գումարներ ստանան, ու վերջ: Օրինակներ շատ կան նաեւ, որ մարդիկ տարիներով նպաստներ են ստացել, սակայն դրա կարիքը չեն ունեցել, անշարժ եւ շարժական գույքը բարեկամների անունով էին գրանցում, անասունները հարեւանների բակում էին մորթում եւ աղքատ ներկայանում: Այս մտահոգությունը միշտ ակտուալ է, թեպետ գույքի առկայությունը մյուս կողմից չի երաշխավորում, որ մարդն աղքատ չէ: Մարդը կարող է ունենալ մեքենա, դաշտից տուն տեղափոխվելու համար, սակայն լինել աղքատ: Ինչու եմ այս մասին խոսում հիմա․ որովհետեւ պետության ֆունկցիան ոչ թե այն է, որ աղքատ մարդիկ պետությունից գումար չստանան, այլ այնպես անի, որ աղքատ մարդիկ համակարգից դուրս չմնան: Երբ դնում ես նպատակ, որ մարդկանց ուղղակի պետք է համակարգից դուրս թողնես, որովհետեւ նրանք լավ են ապրում, նշանակում է՝ դու, որպես պետության ղեկավար, համակարգը չես կարողանում աշխատեցնել, քանի որ համակարգի նպատակը մարդկանց օգնելն է, ոչ թե մարդկանց հաշվին գումարներ խնայելը: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի համակարգից որեւէ կարիքավոր մարդ դուրս չմնա»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































