Սկիզբը՝ այստեղ:
Ռազմավարական գործընկերության հռչակումից մինչեւ փոխադարձ զգայունության փորձությունը
Տարածաշրջանային փոթորկի մեջ երկկողմ առանցքի կարեւորությունը
2025-ի վերջից եւ 2026-ի առաջին շաբաթներից ձեւավորվող Հայաստան-Իրան քաղաքական օրակարգը դուրս է գալիս դասական երկկողմ հարաբերությունների շրջանակից եւ դառնում է տարածաշրջանային ու նույնիսկ գլոբալ մրցակցության բաղադրիչ։ Սրվող ԱՄՆ-Իրան դիմակայությունը, Արեւմուտք–Ռուսաստան խորացող հակադրությունը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները Հայաստանը դնում են բարդ ընտրության առջեւ։ Այդ ֆոնին Երեւան-Թեհրան հարաբերությունների «ռազմավարական» մակարդակի բարձրացման հռչակումը դառնում է ոչ միայն դիվանագիտական ձեւակերպում, այլ նաեւ գործնական դիմադրողականության փորձություն։
Կարդացեք նաև
2025թ. դեկտեմբերի վերջին Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հավատարմագրերի հանձնումը նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ դեսպանի հրապարակային ուղերձը 2026թ.-ի շեմին հստակ քաղաքական ուղերձ էին պարունակում։ Թեհրանը ոչ միայն ընդգծում էր Հայաստանի հետ «բարեկամության ինստիտուցիոնալացման» անհրաժեշտությունը, այլ նաեւ բաց տեքստով խոսում էր համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման նպատակադրության մասին։
Դեսպանի հայտարարություններում առանձնակի շեշտադրվում էր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Այս շեշտադրումները ակնհայտորեն համահունչ էին Երեւանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
Երկկողմ հարաբերություններ, քաղաքական համաձայնություն
Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած շփումները փաստացի ամրագրեցին այդ քաղաքական ուղեգիծը։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հանդիպման ընթացքում կողմերը ոչ միայն բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ կրկին վերահաստատեցին դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։
Զուգահեռաբար ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում հնչեց առավել հստակ ձեւակերպում. Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները «ըստ էության ռազմավարական նշանակության են»։ Ընդ որում, հայտարարվեց, որ նախագահ Փեզեշքիանի եւ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությամբ 2026 թվականին այդ կարգավիճակը պետք է պաշտոնական ձեւակերպում ստանա։
Այսպիսով, հունվարի 8–9-ի քաղաքական խորհրդակցությունների առանցքային թեմաներից մեկը դարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Երեւանը կրկին ընդգծեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հաղորդակցությունների բացումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության պահպանման պայմաններում։
Այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվում է որպես Հայաստանի առաջարկած ներառական մոդել, որը պետք է համադրվի, բայց չներդաշնակվի արտաքին ուժերի նախաձեռնություններին։ Սակայն հենց այստեղ է առաջանում հիմնական հակասությունը։
Վաշինգտոնյան փուլ. ԹՐԻՓՓ-ը եւ հավասարակշռության հարցը
Հունվարի 13–14-ին Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն եւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի հրապարակումը էականորեն փոխեցին քաղաքական մթնոլորտը։ ԹՐԻՓՓ-ը նախատեսում է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ կապելով Ադրբեջանը Նախիջեւանի հետ եւ Հայաստանը դարձնելով Տրանս-Կասպյան երթուղու կենսական օղակ։
Թեեւ փաստաթուղթը ձեւակերպված է ինքնիշխանության եւ փոխադարձության սկզբունքներով, Իրանի համար այն օբյեկտիվորեն ընկալվում է որպես տարածաշրջանային վերադասավորումների արեւմտյան նախագծի մաս, որը կարող է շրջանցել կամ նվազեցնել Իրանի դերակատարումը։
Թեհրանի զգայուն արձագանքը, կամ՝ դիվանագիտությունը բախվում է ներքաղաքական նյարդին
Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը դարձավ հարաբերությունների ամենազգայուն պահերից մեկը։ Դեսպանի հայտարարությունը, թե Թեհրանում ձեւավորվում է պատկերացում, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն, հստակ ազդակ էր։
Դեսպանը հատուկ շեշտեց Իրանի դեսպանատան առջեւ շարունակվող բողոքի ակցիաները՝ դրանք կապելով ավելի լայն քաղաքական ընկալումների հետ եւ ակնարկելով, որ տեղի ունեցողը կարող է «մնալ իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ»։ Ավելին, նա բաց տեքստով հայտարարեց, որ Իրանում բողոքի շարժումների հաջողության դեպքում պարտվողներից մեկը կլինի նաեւ Հայաստանը։
Երեւանի արձագանքը՝ իրավական հավասարակշռության փորձ
ՀՀ ներքին գործերի նախարարության արձագանքը կառուցված էր իրավական եւ ինստիտուցիոնալ տրամաբանության վրա։ Երեւանը վերահաստատեց Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման պարտավորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի կարող սահմանափակել խաղաղ հավաքների ազատության իրավունքը։
Այս երկակի շեշտադրումը բացահայտում է Հայաստանի հիմնական դիլեման. ինչպես պահպանել ժողովրդավարական արժեքները՝ առանց ռազմավարական գործընկերոջ մոտ ձեւավորելու թշնամական ընկալում։
Հայաստան-Իրան առանցքի ռազմավարական պարադոքսը
Տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստան-Իրան հարաբերությունները մտնում են նոր փուլ, որտեղ քաղաքական հայտարարությունները բավարար չեն։ Ռազմավարական գործընկերությունը պահանջում է ոչ միայն տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերի զարգացում, այլեւ փոխադարձ ընկալումների նուրբ կառավարում՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։
Պարզ է, որ Թեհրանի զգայունությունը, զգուշավորությունը, կասկածամտությունը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի քայլերով, այլ նաեւ Իրանի շուրջ աճող արտաքին ճնշումներով։ Այդուհանդերձ, Երեւանը ստիպված է գործել բազմավեկտոր միջավայրում՝ փորձելով չհայտնվել հակադիր բեւեռների արանքում։
Կամուրջ՝ սրվող տարածաշրջանային մրցակցության պայմաններում
Այսպիսով, 2025-ի վերջից սկսած եւ մինչ այժմ ընթացող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են միաժամանակ հնարավորությունների եւ ռիսկերի փուլում։ Ռազմավարական գործընկերության հռչակումը կարող է դառնալ տարածաշրջանային կայունության կարեւոր հենասյուն, սակայն միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվի վստահության խորացմամբ։
Հայաստանի համար առանցքային խնդիրն է պահպանել արտաքին քաղաքական հավասարակշռությունը՝ մի կողմից խորացնելով արեւմտյան գործընկերությունը, մյուս կողմից՝ չթուլացնելով Իրանի հետ պատմական եւ աշխարհաքաղաքական կապերը։ Սա պահանջում է ոչ թե հռետորաբանություն, այլ մանրակրկիտ հաշվարկված դիվանագիտություն, որտեղ յուրաքանչյուր նախաձեռնություն դիտարկվում է ոչ միայն իր տնտեսական, այլ նաեւ անվտանգային համատեքստում։
Եթե պաշտոնական Երեւանը կարողանա այս բարդ հավասարակշռությունը պահպանել՝ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերությունը կարող է դառնալ ոչ թե հակադրությունների գիծ, այլ կամուրջ՝ սրվող տարածաշրջանային մրցակցության պայմաններում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2026


















































