ԿՅԱՆՔ ՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Ֆիզիկոս նախագահ Արմեն Սարգսյանի կյանքի ուշագրավ պատմությունը
Հայկական բարեգործական ընդհանուր միության AGBU Magazine ամսագրի «Կյանք ու ճակատագիր» հոդվածն անդրադարձ է մասնագիտությամբ ֆիզիկոս Արմեն Սարգսյանի կյանքի պատմությանը՝ գիտությունից մինչև դիվանագիտություն, պետական ծառայությունից մինչև գործարարություն անցած ճանապարհի, առաջնորդության, պարտքի ու պարտականության, փոփոխվող աշխարհի և փոքր պետությունների առջև ծառացած մարտահրավերների մասին։
Կարդացեք նաև
Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.
Ի՞նչ կլիներ, եթե մարդն իր կյանքի ընթացքում հասցներ ապրել միանգամից մի քանի նշանավոր մարդկանց կյանքով։ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես, հասցրել է անցնել այդ անհավանական ուղին. ֆիզիկայի բարդ ու խրթին աշխարհից մինչև միջազգային դիվանագիտություն, ռիսկերով լի ձեռնարկատիրությունից մինչև պետական գործչին բնորոշ լուռ ու զուսպ գործունեություն։ Կյանքի այս տարբեր, սակայն իրար լրացնող շրջափուլերում Սարգսյանի համար հաստատուն են մնացել երկու բան՝ անսպառ հետաքրքրասիրությունն ու պարտքի խոր զգացումը։
«Ինձ թվում է՝ ես մի քանի կյանք եմ ունեցել, և ամեն անգամ անցումը մի կյանքից մյուսին ասես Աստծո գործն է եղել․․․. Ես երբեք չեմ ծրագրել, որ լինի այնպես, ինչպես եղել է։ Ամեն բան այսպես դասավորվեց, քանի որ աշխարհը, որում ապրում էի, դառնում էր ավելի ու ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Եվ առաջին այսպես ասած «Մեծ պայթյունը» Խորհրդային Միության փլուզումն էր»,- պատմում է նա։
Արմեն Սարգսյանի ծնողները 1946 թվականին սփյուռքից վերադարձել էին Հայաստան՝ հետևում թողնելով արտասահմանի հնարավորությունները։ «Ծնողներս կարող էին պատերազմից հետո գնալ ու ապրել Եվրոպայում կամ Ամերիկայում, սակայն որոշեցին վերադառնալ Հայաստան»,- ասում է նա։ Սարգսյանը հիշում է երջանկահիշատակ մոր՝ կյանքի վերջին օրերին հաճախ հնչող խոսքերը. «Երբ մահանամ, քեզ ժառանգություն թողնելու ոչինչ չեմ ունենա…. Միակ բանը, որ քեզ կարող եմ տալ, Հայաստանն է»։
Հանրային ծառայության մեջ Արմեն Սարգսյանն առաջնորդվում էր մի սկզբունքով, որը շատ պարզ, բայց միևնույն ժամանակ խորն է. պարտքի զգացում։ «Դու պետք է հավատաս արածիդ և երբեք չստես ինքդ քեզ»,- նշում է նա։
Սարգսյանի համոզմամբ՝ առաջնորդությունից անբաժան պետք է լինեն համեստությունն ու սովորելու պատրաստակամությունը։ Կարևոր չէ, թե ինչ բարձունքների ես հասել, առավել կարևոր է լսելու, սովորելու ու մյուսներին հարգելու կարողությունն ունենալը։ «Կարևոր չէ, թե ով ես՝ վարչապետ, նախագահ, թե դեսպան. դու պետք է ամեն օր սովորես, խորհուրդներ լսես, հաշվի առնես այլ կարծիքներ՝ գտնելու ճշմարտությունն ու ճիշտ լուծումները»,- ասում է Արմեն Սարգսյանը։
Խոսելով հանրային ծառայության մասին՝ նա նշում է, որ դա ավելին է, քան պարզապես աշխատանքը. հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձ՝ հասարակ աշխատողից մինչև նախարար, պետք է աշխատանքի հանդեպ ունենա զինվորին հատուկ նվիրում։
«Քաղաքացիական ծառայությունը պետք է ապաքաղաքական լինի»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հավատարմությունը պետք է լինի երկրի, այլ ոչ թե կուսակցության կամ գաղափարախոսության նկատմամբ։
Անցյալում կայացրած որոշումներին անդրադառնալիս Սարգսյանը չի կենտրոնանում զղջումների վրա. «Օգտակար գործ չէ հետ գնալն ու ասելը․ «Եթե այսպես անեի….»։ Ավելի առողջ մոտեցում է վերլուծելը, թե ինչն ես ճիշտ կամ սխալ արել ու դրանից դասեր քաղելը։ Ցանկացած որոշում կայացնելիս փորձել եմ ազնիվ լինել ինքս իմ ու սկզբունքներիս հանդեպ»։
Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցումից հետո Սարգսյանն ընդունեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ ակնկալելով, որ ավելի լայն լիազորություններ կունենա արտաքին տնտեսական հարաբերությունների, ներդրումների, կրթության ու գիտության ոլորտներում։
Հավատարիմ մնալով ազնիվ ծառայության սկզբունքին՝ նա իր աշխատավարձը նվիրաբերեց մի շարք բարեգործական նախաձեռնությունների ու շարունակեց ապրել իր տանը։
Արմեն Սարգսյանի գլխավորությամբ 2019 թվականից մինչև նրա պաշտոնավարման ավարտը Հայաստանում կազմակերպվում էր ամենամյա համաժողով, որը Դիլիջան քաղաքն ամեն տարի վերածում էր Կովկասի Դավոսի՝ Հայաստան բերելով միջազգային բիզնես առաջնորդների, դիվանագետների, քաղաքական գործիչների, հեղինակների, գիտնականների ու մտավորականների։ 2021 թվականին Սարգսյանը մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ և երկրի դե ֆակտո ղեկավար Մուհամեդ բեն Սալմանը։ Այս այցը հատկանշական էր, քանի որ Հայաստանն այդ պահին Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ։ Ինչպես այդ ժամանակ գրել էր Spectator-ը՝ «սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Սարգսյանն օգտագործում մասնավոր գործարար եղած ժամանակ ստեղծած անձնական լայն կապերն ի շահ դժվար վիճակում հայտնված իր երկրի»։
Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ դժվար էր Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը. «Ասել՝ ոչ, ես այլևս չեմ ցանկանում շարունակել պաշտոնավարել, հարյուր անգամ ավելի դժվար էր, քան շարունակելը»։ Պատմում է, որ որոշման կայացման հարցում շրջադարձային եղավ այն, որ փորձեց անկեղծորեն հասկանալ, թե որքանով է արդյունավետ իր պաշտոնավարումը. արդյոք ինքն ունի իրական ազդեցություն գործընթացների վրա։ Պատասխանը բացասական էր։ Զգալով, որ իր փորձառությունն ու խորհուրդները լսելի չեն՝ հասկացավ, որ պաշտոնին մնալը ձևական բնույթ էր կրում։ Ի վերջո, հրաժարական տալը իր սկզբունքներին հավատարիմ մնալու միակ ճանապարհը թվաց։
Խորհելով ապագայի մասին՝ Սարգսյանը հավատում է, որ գալիք սերնդի առաջնորդներին շատ տարբեր աշխարհ է սպասում. «Նոր աշխարհը տեխնոլոգիաների, արագ որոշումների, կապերի հաստատման ու հաջողակ լինելու աշխարհ է։ Նման միջավայրում ազնվությունը շարունակում է կարևոր հատկանիշ մնալ, սակայն հարկավոր են նաև նոր որակներ»։ Նրա խոսքով՝ առաջնորդները պետք է լինեն խելացի, հասկանան տեխնոլոգիաներից ու դրանց կիրառման ձևերից։
Հատկապես փոքր երկրները դինամիկ առաջնորդության կարիք ունեն։ Սա բացատրելու համար Արմեն Սարգսյանը դիմում է փոխաբերության. «Եթե դու ծով ես կամ օվկիանոս, քեզ ակտիվություն հարկավոր չէ, քանի որ կան հոսանքներ, քամիներ, ջուրը մշտական շարժման մեջ է։ Սակայն եթե դու լիճ ես, և քո մեջ նոր ջուր չի լցվում, իսկ հինն էլ դուրս չի գալիս, չկան անձրևներ ու դինամիկ գործընթացներ, ապա այդ լիճը որոշ ժամանակ անց վերածվելու է ճահճի։ Այսինքն, եթե դու փոքր ես, դու պետք է ավելի դինամիկ լինես»։
Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ իրական առաջնորդությունը պահանջում է գիտելիքներ և առաքելության զգացում և, ինչպես նա է անվանում, «խելացի ուժ», որի շնորհիվ կարող ես առաջնորդել քո օրինակով, այլ ոչ թե ճնշելով։ Նա նկատում է, որ հանրային կյանքը հաճախ է զոհաբերություններ պահանջում ու հազվադեպ՝ պարգևատրում։ Այդ իսկ պատճառով դրանով պետք է զբաղվեն միայն նրանք, ովքեր իրական կոչում ունեն։ «Պետք է առաքելություն ունենաս, այլապես պարզապես վատնում ես ժամանակդ»,- ասում է Հայաստանի չորրորդ նախագահը։
Հարցին, թե տասնյակ տարիներ հանրային ծառայության մեջ լինելուց հետո ինչն է այսօր իրեն ոգևորում՝ Սարգսյանը պատասխանում է առանց երկմտելու՝ հետաքրքրասիրությունը։ «Ես ապրում եմ մի կյանքով, որտեղ ամեն օր մի նոր բան եմ սովորում»,- ասում է նա։ 2022 թվականին հեռանալով Հայաստանի քաղաքական դաշտից՝ նա այսօր զբաղվում է նախագծերով, որոնք համատեղում են իր գլոբալ տեսլականը գիտության ու նորարարության հետ։ «Ես որոշում եմ կայացրել չխառնվել քաղաքական կյանքին։ Սակայն եթե Հայաստանին օգնելու կարիք լինի, ես ցանկացած պահի պատրաստ եմ օգնելու. պարզապես դիմեք, ես այստեղ եմ»,- ասում է նա։
Սարգսյանի ուշադրության կենտրոնում փոքր պետություններն են, որի արդյունքում հեղինակել է The Small States Club: How Small Smart States Can Save the World («Փոքր պետությունների ակումբ. ինչպես կարող են փոքր պետությունները փրկել աշխարհը») գիրքը։ Գիրքը պատմում է տասը երկրի պատմություն՝ ընդգծելով նրանց համաշխարհային ապշեցուցիչ ազդեցությունը։ «Եթե վերցնեք նորարարությունների ինդեքսը, ապա կտեսնեք, որ ցուցակի առաջին տասը երկրները փոքր պետություններ են։ Եթե ուսումնասիրեք էլեկտրոնային կառավարման ինդեքսը, կրկին, լավագույն տասնյակում փոքր պետություններն են»,- նշում է Արմեն Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ սա ապացույց է, որ ժամանակակից աշխարհում հաջողության գործակիցն այլ կերպ է չափվում, քան նախկինում, և որ շատ հաճախ հնարամտությունն ավելի կարևոր է, քան տարածքի մեծությունը։ Արմեն Սարգսյանն այսօր մեկ այլ նախաձեռնության վրա է աշխատում, որի նպատակն է ստեղծել միջազգային մի հարթակ, ինչպես նա է անվանում՝ «S20»-ը, որը կվերածվի աշխարհի ամենանորարար և հաջողակ փոքր պետությունների ակումբի։
Մշտապես զբաղված լինելով գլոբալ նախագծերով ՝ Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ ամենաբարդը հայաստանյան քաղաքականության վերաբերյալ լռություն պահպանելն է. «Կան ժամանակներ, երբ ավելի լավ է չխոսել: Նախագահ և վարչապետ եղած ժամանակ արել եմ այն, ինչ կարող էի և հնարավոր էր։ Հիմա խոսելը շատ չի օգնի, եթե, իհարկե, ինձ չեն խնդրում, որ խոսեմ»:
Այդուհանդերձ, նա իր գաղափարները պարբերաբար ներկայացնում է հոդվածների միջոցով, որոնք հրապարակվում են աշխարհի առաջատար թերթերում ու պարբերականներում, այդ թվում՝ Wall Street Journal-ում, Daily Telegraph-ում և Time-ում։
Նա նաև ելույթներ է ունենում միջազգային համաժողովներում ու համալսարաններում, քաղաքականության և բիզնեսի մի շարք ականավոր առաջնորդներ ու որոշում կայացնող անձինք հաճախ են խորհրդի համար դիմում Արմեն Սարգսյանին։ Եվ այնուամենայնիվ, Սարգսյանի նվիրվածությունը շարունակում է խոր անձնական մակարդակի վրա մնալ. «Ես կարող եմ խոսել շատ փոքր պետությունների մասին, սակայն իմ սիրտը պատկանում է միայն մեկին՝ Հայաստանին»։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ



















































