«Մենք միշտ տարանջատում ենք քաղաքական խոսույթը, որտեղ մեր պահանջները շատ ավելի նվազ են, որովհետեւ քաղաքական խոսույթում, երբ խոսքը գնում է քաղաքական գործիչների, կուսակցությունների մասին, թույլատրելի շեմը շատ ավելի ցածր է: Այսինքն, կարող է քննադատություն լինել, նույնիսկ վիրավորանք, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում: Դա եվրոպական փորձն է, ինչը ճիշտ է: Եթե մտել ես քաղաքականության մեջ, պետք է պատրաստ լինես, որ կարող է քեզ գոտկատեղից ներքեւ խփեն»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով տեսալսողական մեդիայի մասին օրենքի նոր կարգավորումների, ատելության խոսքի տարբերակման վերաբերյալ լրագրողի հարցին:
«Այս օրենքներն ավելի շատ միտված են հետեւյալին՝ ընդհանրապես հասարակությունը պաշտպանել ատելության խոսքից, որովհետեւ եթե քաղաքական գործիչները 1000 հոգի են, ապա մեր բնակչությունը համարյա 3 մլն է: Մենք չենք պաշտպանում քաղաքական գործիչների շահերը, փորձում ենք պաշտպանել մեր հանրության հանգիստը, անդորրը եւ այլն:
Այն կարգավորումները, որ գործում էին հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, հիմա գործելու են նաեւ կաբելային ցանցերում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ»,-մանրամասնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Ի թիվս այլնի՝ Տիգրան Հակոբյանը հավելեց, որ ատելության խոսքը դիտարկելիս առաջնորդվում են սահմանումներով, որոնց մի մասը իրենք են մշակում. «Երբ այդ օրենքն ընդունվի, որոշ կարգավորումները լինելու են մեր հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով: Մի մասը քրեական օրենսդրության կամ վարչարարության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կա, իսկ մի մասը դեռ մշակված չի, չնայած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով մենք դրա պարտավորությունն ունենք… Փորձում ենք առաջնորդվել միջազգային սահմանումներով, որը բարձր է ազգային օրենսդրությունից: Ատելության խոսքի սահմանում դեռեւս չունենք, հուսով ենք, որ արդարադատության նախարարությունը դա կմշակի եւ կտրամադրի մեզ որպես գործիք մինչեւ այս օրենքը ուժի մեջ մտնելը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































