«Բնական է, որ ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել քո հյուրի բովանդակությունը, այստեղ արդեն լրագրողները պետք է պատրաստված լինեն: Եվ մեր օրենսդրությունը, եւ նորմատիվ ակտերը պահանջում են, որ այդ ժամանակ կա՛մ վարողը կանգնեցնի եթերը, առաջին անգամ նկատողություն անի, եթե հյուրը չլսի եւ շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը դրանով ավարտի:
Եթե դրա հնարավորությունը չկա, ապա կարճ ժամկետներում նույն հաղորդման եթերում պետք է վարողը, հեռուստաընկերությունը ներողություն խնդրեն՝ բացատրելով, որ դա ուղիղ եթերում է եղել եւ հավաստիացնեն, որ չի կրկնվի»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, եթե ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ հյուրը հայտարարություն է անում, որի բովանդակությունն արգելված է օրենքով, արդյոք մեդիա՞ն է պատասխանատու, եւ արդյոք Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններով իշխանության համար հնարավորություն չի՞ ստեղծվում սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:
«Եթե դա դառնում է տվյալ խմբագրության խմբագրական քաղաքականության բաղադրիչը, ինքը ինչ-որ քաղաքական դեր է կատարում, այդ ժամանակ խնդիր են ունենում: Նույնը վերաբերում է վերահաղորդվող օտար ծրագրերին: Այժմ մեր իրավաբանական վարչությունը զբաղվում է իրավական ապահովմամբ, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարգեր պետք է ընդունենք: Հավատացնում եմ ձեզ, որեւէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել: Մեր կարեւորագույն առաքելությունը համարում ենք առաջին հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը եւ ցանկացած երկիմաստություն օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների»,-ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Տիգրան Հակոբյանն ասաց, որ ամենադժվարն այն է, թե ինչպես է տարանջատվելու՝ օտարերկրյա հաղորդման ժամանակ հնչածը կարծի՞ք է, թե՞ միջամտություն. «Դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը: Շատ իրավական կառույցներ, օրինակ` Արդարադատության նախարարությունը կամ ԱԺ մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում՝ ինչ բան է ներքին քաղաքական միջամտությունը: Ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածն օրենքից հանվի: Իսկ եթե չհանվի, պետք է բոլորս մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա հետո տարընթերցում չպարունակի եւ չտա մեզ այն գործիքները, որով կարողանանք փակել մեզ դուր չեկած որեւէ հեռուստաընկերություն: Սա դեռեւս լուծված խնդիր չէ: Միջազգային պրակտիկայում էլ դժվար ենք գտնում այդ ձեւակերպումը՝ ներքին գործերի մեջ խառնվելը»:
Կարդացեք նաև
Արդյոք խախտում կհամարվի՞, երբ եթերում բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքում են օտարերկրյա չինովնիկների կարծիքներին կամ բռնության կոչերին, կամ երբ Իլհամ Ալիեւը խոսում է Երեւան մտնելու եւ Արեւմտյան Ադրբեջանի մասին, դրա լուսաբանումը լրատվամիջոցներում խախտում կհամարվի՞, այս հարցերի վերաբերյալ էլ Տիգրան Հակոբյանը հետեւյալը նշեց. «Դուք մասնագիտական հարցեր եք տալիս, որոնց պատրաստ չեմ պատասխանել, բայց կպատասխանեմ զուտ տրամաբանությամբ եւ նախադեպերով: Եթե դուք դա որպես նորություն եք ասում՝ առանց որեւէ մեկնաբանության կամ ոչ վերբալ ձեր դեմքով, նույնիսկ ժպիտով, որ դրա հետ համաձայն եք, բնականաբար դա կարելի է դիտել խախտում, բայց ավելի շատ էթիկական նորմերի:
Բայց եթե այդ ինֆորմացիան տալիս եք, որպեսզի ինչ-որ ձեւով նվազեցնեք դրա ազդեցությունը, հերքեք, դժգոհություն համարեք, խոսեք Արեւմտյան Ադրբեջանի սին լինելու մասին, ամեն ինչը ՕԿ է»:
Ինչ վերաբերվում է պաշտոնյաների արձագանքի վերաբերյալ հարցին, Տիգրան Հակոբյանը հավելեց, որ մանիպուլյացիաների տեղիք չտալու համար պետք է նշվի սկզբնաղբյուրը. «Շատ հաճախ ասում են այսպես պատասխանեց, պորտը տեղը դրեց՝ չասելով ինչ է ասել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































