«Օրենքով սահմանված կարգով մենք որոշումը կկայացնենք, մեր կանոնադրությամբ նոր փոփոխություններ ենք իրականացրել, որի շրջանակներում մեր համաժողովը չի տեւելու մեկ օր, դա բավականին երկար գործընթաց է լինելու, եւ ամեն փուլի մասին պատշաճ կտեղեկացնենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակի ձեւավորման հարցին։
Նա նշեց, որ քաղաքական ուժերը պետք է թափանցիկ լինեն նաեւ իրենց ներքին գործընթացներում, ինչպես ՔՊ-ն է թափանցիկ։ «Դուք կարող եք հիմա էլ ականատես լինել, որ առաջադրված թեկնածուները հրապարակային հայտնում են իրենց առաջադրման մասին, ակնկալում են նաեւ իրենց կուսակից ընկերների քվեն, ինչը շատ առողջ գործընթաց է։ Եվ այդ տրամաբանության շրջանակներում մենք շարունակելու ենք՝ մինչեւ ԿԸՀ ներկայացնելը»,- ասաց նա։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ համաժողովում վերջնական պաշտոնական որոշումը կընդունվի, բայց մինչ այդ կան գործընթացներ, որոնք ընթանում են։
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտ 300 հոգու թեկնածություն։ Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու ցուցակը, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Այո, մոտ 300 հոգու մասին է խոսքը, բայց այդ թիվը կարող է փոխվել դեպի նվազում, որովհետեւ կարող են լինել ինքնաբացարկներ եւ այլ պատճառներով դուրս մնալ՝ ընտրագրավից հրաժարում եւ այլն։ Տարբեր փուլերով լինելու է ռեյտինգավորում եւ քվեարկություն, ամեն փուլի վերաբերյալ պատշաճ կտեղեկացնենք։ Այն, ըստ էության, լինելու է խիստ ժողովրդավար եւ կուսակցության պատվիրակների կողմից ընտրված ցուցակ՝ որոշակի կարգավորումներով, որովհետեւ շատ դժվար է միանգամից 300-ին դասավորել։ Նաեւ կարծում եմ՝ եւ նախնական, եւ վերջնական ցանկը կհրապարակենք, երբ հաստատումը լինի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի»


















































