«Թե որոշ գործերով խափանման միջոց կալանքը փոխվել է, բայց փոխարինվել է կալանքով, ինչը նույնքան ազատության սահմանափակում է ենթադրում։ Հետևաբար` այս մարդիկ շարունակում են մնալ քաղբանտարկյալի կարգավիճակում»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը՝ հայտարարեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա շարունակեց․ «7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Նրանց նկատմամբ նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն է կիրառվել։ Սրա մասին ուզում եմ խոսել այն տեսանկյունից, որ իրավունքի և իրավագիտության բոլոր նորմերի խախտումներ են տեղի ունենում։ Տեղի ունեցողը ոչ միայն իրավական, այլև բանական ձևակերպման մեջ չի տեղավորվում։ Պատկերացրեք՝ վարչապետը սմս-ով նախարարին պաշտոնից ազատում է, նախարարը դիմում է դատարան, դատարանը որոշում է կայացնում հայցի ապահովման միջոց կիրառել և չխոչընդոտել, որ նա իրականացնի իր պարտականությունը։ Դուք՝ որպես իրավաբան Ձեզ վիրավորված չե՞ք զգում այդ ամբողջ գործընթացից։ Չի կարելի այսքան իրավունքը ոտնահարել, աղավաղել»։
Ըստ Էլինար Վարդանյանի՝ այսքան քաղբանտարկյալների պարագայում խոսել ժողովրդավարության մասին՝ խայտառակություն է․ «Մարդուն իր արտահայտության համար կարող են կալանավորել ամենաանընդունելի տարբերակով։ Դիմակավորված մարդիկ անչափահաս երեխաներ ունեցող անձի տուն են ներխուժում այն պարագայում, երբ մարդը հաղորդման ընթացքում արել է այնպիսի արտահայտություն, որն ըստ իրավապահների՝ քրեաիրավական գնահատականի է արժանի, սակայն իրավունքի տեսանկյունից այդքան էլ չի տեղավորվում այդ հանցակազմի մեջ։ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, որոնք համապատասխանում են ԵԽԽՎ բանաձևով նախատեսված չափանիշներին։ Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































