Փետրվարի 4, Աբու Դաբի – Հայաստանի ֆոնդային բորսան (AMX)՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին թվային բորսայական ցանցի՝ «Tabadul Hub»-ի հյուրընկալությամբ կազմակերպեց «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ներդրումային ֆորումը։
Միջոցառումը, որը կայացավ Աբու Դաբիի բորսայում (ADX), կարևոր փուլ դարձավ AMX-ի շարունակվող ջանքերում՝ Հայաստանի կապիտալի շուկան տարածաշրջանային և միջազգային ներդրումային էկոհամակարգի հետ ինտեգրելու գործում։
Ֆորումը ծառայեց որպես բացառիկ հարթակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և Մերձավոր Արևելքի ինստիտուցիոնալ ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը։ Պատվիրակությունը շեշտադրել էր «Tabadul Hub»-ի միջոցով երկու շուկաների միջև ստեղծված այն «կամուրջը», որը հնարավորություն է տալու իրականացնել անխափան առևտուր ֆինանսական գործիքների լայն շրջանակով, այդ թվում՝ պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկաներում։
Ֆորումի ընթացքում փորձագիտական ելույթներով հանդես եկան Հայաստանի ֆինանսական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա վիճակը՝ անդրադառնալով շուկայի զարգացման միտումներին, առկա լայն հնարավորություններին և վերջին տարիներին արձանագրված փոփոխություններին, որոնք պայմանավորված են եղել տարբեր արտաքին տնտեսական գործոններով:
Մասնակիցների թվում էին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան բրոքերային ընկերություններից, այդ թվում՝ «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն, «Կուբ Ինվեստ» ՓԲԸ-ն և «Վիլկո» ՍՊԸ-ն, որոնք ակտիվորեն ներգրավված էին քննարկումներին՝ ներկայացնելով կոնկրետ ներդրումային հնարավորություններ և տրամադրելով տեղական փորձագիտական աջակցություն Մերձավոր Արևելքի պոտենցիալ գործընկերներին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱՄԷ-ի գործարար և ֆինանսական համայնքի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին հաստատել նոր գործարար կապեր և զարգացնել գործընկերային հարաբերություններ՝ խթանելով ֆինանսական շուկաների միջև փոխգործակցությունը։
Հաշվի առնելով, որ AMX-ը պաշտոնապես միացել է Tabadul Hub-ին 2025 թվականի մայիսի 30-ին, այս միջոցառումը կենտրոնացած էր տեխնիկական հասանելիությունը կապիտալի ակտիվ հոսքի վերածելու վրա: Բանախոսները նշեցին, որ թեև մեր կապիտալի շուկաների միջև առևտուրը վերջնական օգտատիրոջ համար կարող է թվալ ընդամենը «մեկ հպում», այն Հայաստանի ֆոնդային բորսայի և Աբու Դաբիի բորսայի (ADX) միջև իրականացված երկարատև աշխատանքների, համապատասխանեցման և գործառնական համակարգման արդյունք է:
AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց. «ADX-ի և Tabadul Hub-ի հետ մեր գործընկերությունը պարզապես տեխնիկական կապ չէ․ դա ռազմավարական կամուրջ է, որը միավորում է շուկաները, տարածաշրջանները և ներդրողներին։ Մենք այստեղ հավաքվել ենք շուկայի մասնակիցների հետ՝ այս կամուրջը գործնականում օգտագործելու և կայուն ու մրցունակ ներդրումային էկոհամակարգ կառուցելու համար։ Բարդ կարգավորող և գործառնական մարտահրավերները վերածելով անխափան էկոհամակարգի՝ մենք դուրս ենք գալիս մեկուսացված համակարգերի շրջանակից՝ ստեղծելով երկարաժամկետ աճի շարժիչ: Հայաստանի կառավարության անվերապահ աջակցությամբ մենք հանձնառու ենք Հայաստանը դիրքավորել որպես հուսալի, բաց և միջազգայնորեն կապակցված ուղղություն համաշխարհային կապիտալի համար»:
ADX խմբի գլխավոր տնօրեն Աբդուլլա Սալեմ Ալնուայիմին հավելեց․ «Tabadul հարթակը ADX-ի հանձնառության շարունակությունն է՝ խթանելու կապիտալի շուկաների ինտեգրումն ու տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ֆինանսական համագործակցության ամրապնդումը։ AMX‑ը միացել է Tabadul-ին մոտ ութ ամիս առաջ, և մենք նկատում ենք մեծ հետաքրքրություն նրանց շուկայի նկատմամբ։ Միավորելով շուկաներն ու ներդրողներին՝ մենք արտասահմանյան ներդրումները դարձնում ենք ավելի հասանելի և նշանակալի ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար»։
Միջոցառումը ամփոփվեց մի շարք գործնական հանդիպումներով, որոնց նպատակն էր հաստատել երկարաժամկետ գործընկերություն հայաստանյան ֆինանսական հաստատությունների և ԱՄԷ-ում գործող ինստիտուցիոնալ ներդրողների միջև՝ Հայաստանը դիրքավորելով որպես միջազգային կապիտալի համար ավելի գրավիչ և թափանցիկ ուղղություն:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Հայաստանի ֆոնդային բորսա


















































