Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Ռուս լրագրողները սուր հարցեր տվեցին Ալեն Սիմոնյանին արտաքին քաղաքականության, եկեղեցու դեմ հալածանքների և Սամվել Կարապետյանի գործի մասին

Փետրվար 05,2026 23:54

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո պատասխանել է ռուս լրագրողների հարցերին։

— Վերջին շրջանում Հայաստանի կառավարության կուրսը նման է Ռուսաստանի հետ համագործակցությունը համակարգային կերպով կրճատելուն։ Չե՞ք վախենում, որ Մոսկվան, որը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, երես կթեքի Երևանից, իսկ Եվրամիությունը, որը գերադասում է հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, թիկունք չի կանգնի Հայաստանին։

— Ես չեմ կիսում ձեր կարծիքը։ Կարծում եմ, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ունի իրավունք իր քաղաքականությունը հավասարակշռելու։ Գործընկերոջս հետ զրույցում ես նշել եմ, որ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ աշխատել որևէ մեկի դեմ։ Հայաստանը ունի իր արտաքին քաղաքականությունը, իր տեսլականը։

Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, կարծում եմ, ձեր հարցի պատասխանը կարելի է գտնել այն իրադարձություններում, որոնք տեղի ունեցան 2020 թվականից հետո։ Այս պահին ես ձեզ որևէ նոր բան ասել չեմ կարող։ Սակայն այն ընկալումը, թե Հայաստանը ձգտում է իր կողմնորոշումը փոխել մի բևեռից դեպի մեկ այլ բևեռ, ճիշտ չէ։ Հայաստանը չի գտնվելու ոչ մի բևեռում, ոչ էլ հակառակ բևեռում։

Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողի հարցին ի պատասխան՝ նաեւ պնդել է, թե Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքի չեն ենթարկում. «Ես չեմ հիշում ավելի կրոնական հայկական կառավարություն, և Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ մի քանի անհատների կապելը սխալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր, իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, փորձում են դա որպես հալածանք ներկայացնել: Իրականում դա այդպես չէ. կան քրեական հանցագործություններ և կան բարոյական հանցագործություններ։ Եթե Ռուսաստանից եկած գործընկերներն ու ընկերները մտահոգված են նրանով, ինչ տեղի է ունենում, կարող են ուշադրություն դարձնել, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և մեր Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Անհատները եկեղեցին չեն»:

Նրան հարց են ուղղել նաեւ բարերար Սամվել Կարապետյանի և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության վերաբերյալ եւ Ալեն Սիմոնյանը հակադարձել է, թե այդ երբվանի՞ց պետք է մեկնաբանի, թե ինչպես պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Դա Հայաստանի ներքին գործն է։ Քրեական օրենսգիրքը խախտող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ նրանց քաղբանտարկյալներ են անվանում միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներ, և ես դա հենց նոր լսեցի Ձեզնից։

Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ դրանք քաղաքական գործողություններ են։ Այսինքն՝ իշխանությունը զավթելու սպառնալիք, անկարգություններ կազմակերպել, ՀՀ վարչապետի, իմ և արտգործնախարարի ենթադրյալ սպանությունը… Երբվանի՞ց է դա քաղաքական դարձել»:

«Կարո՞ղ ենք համեմատություն անցկացնել։ Եթե ​​մեկ այլ երկրում ինչ-որ մեկը ծրագրում էր զանգվածային անկարգություններ, փոքրիկ երկաթե ոզնիներ էր նետում հասարակական տրանսպորտը կանգնեցնելու համար, քաոս էր առաջացնում՝ կտրելով էլեկտրական լարերը, և մտածում էր՝ միաժամանակ վերացնել Ալեն Սիմոնյանին և վարչապետին, թե՞ սպասել, մինչև արտգործնախարարը նույնպես սենյակում լինի, ապա… երբվանի՞ց է դա քաղաքական հետապնդում դարձել»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728