Ծննդյան 90-ամյակի առթիվ
90 տարի առաջ Իրանի Թավրիզ քաղաքում հայի ավանդապաշտ հարկի ներքո լույս աշխարհ եկավ ապագա հրապարակախոսն ու թարգմանիչը, լրագրողն ու մտավորականը: Ներգաղթի մեծ ալիքը նրան բերեց մայր հայրենիք, որտեղ եւ ձեւավորվեց ու հղկվեց նրա բեղուն Գրիչը:
Պատառիկներ անտիպ հարցազրույցից
Հայ հրապարակախոսական մտքի պատմության տարեգրությունում Արմեն Հովհաննիսյանի տեղը որոշված է աներկբայորեն: Նա 20-րդ դարի երկրորդ կեսի առաջադիմական ոգու դրոշակակիրներից է եւ իրավամբ հայ հասարակական մտքի այդ շրջանի ականավոր գործիչներից մեկը:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյանն անխոնջ ու մարտունակ հրապարակախոս է, «հոգնել» բառը նրա համար չէր, որովհետեւ դա բնավորության արտահայտություն է, եւ անտարբերության վախ էլ չուներ. «Բավական է, որ մարդը անտարբերության վախով վարակվի, այնժամ նա արդեն ավարտված կլինի, իսկ հրապարակախոսության մեջ՝ արդեն մեռած»: Այս միտքը Արմեն Հովհաննիսյանին է՝ դեռեւս քսանհինգ տարի առաջ մեր ջերմ զրույցից, միտք, որն այսօր էլ չի կորցրել իր հնչեղությունը:
Նա սովորում էր եւ սովորեցնում, քանզի չէր պատկերացնում «մի ժուռնալիստ, որն ինքը ուրիշի գրածները չի կարդում»: Ռուսական հրապարակախոսությունը՝ սկսած 19-րդ դարից, համարում էր «բավական լավ դպրոց», իսկ ժամանակակից հրապարակախոսներից նախընտրում Լիդիա Չայկովսկայայի հոդվածները, Սիլվա Կապուտիկյանի, Պերճ Զեյթունցյանի, Ա. Վարդանյանի հրապարակագրությունը, հեղինակներ, որոնց բնութագրում էր իբրեւ իրեն «համահնչուն, համահույզ, համամիտ հեղինակներ», որոնց գործերը «թե՛ հետաքրքիր են, թե՛ իմպուլս տվող, թե՛ կազմակերպող»:
Ազդեցությունը՝ ազդեցություն, սակայն Արմեն Հովհաննիսյանի հրապարակախոսությունը խորապես ազգային է, քանզի առաջադրում է ազգային ինքնագիտակցության անհրաժեշտության խնդիրները, մարտահրավեր նետում օտարամոլությանը եւ ստրկամտությանը: Մեծ է է հեղինակի մտավոր տեսլականի շրջանակը, բազմազան՝ արծարծած թեմաները:
Ասում են՝ գրիչները կրակում են ակոսափող հրանոթներից ավելի հեռու, կամ՝ գրիչը զենք է, որ սրած սրերից ավելի սուր է: «Ձեռքը, գրիչը մեր գործիքն է, որը վերջնական տեսքի է բերում մտքի ու հույզի գումարելին, մեկտեղումը»,- այսպես էր խորհրդածում Արմեն Հովհաննիսյանը մեր անկեղծ զրույցի ժամանակ: «Հրապարակախոսի գլխավոր արժանիքն է՝ գիտենալ այն, թե ինչ պիտի գրի ու ինչ չգրի: Իսկ ի՞նչ է այնուամենայնիվ հրապարակախոսը, եթե ոչ մտածող ու եռակի մտածող: Եվ նա գրում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան է ուզում ասել, այլ նրա համար, որ ասելիք ունի: Եվ նրան անհրաժեշտ է նույնպիսի խիզախություն, ինչպես զինվորին»:
Հրապարակախոսության ասպարեզում Արմեն Հովհաննիսյանն ուժերը փորձել է դեռեւս 60-ականներից, հետո միայն լիովին նվիրվել հրապարակագրությանը. «…Կարոտախտ եմ ապրում մաքուր ժուռնալիստիկայի, թերթային աշխատանքի հանդեպ, պարզապես հրապարակագրությամբ չզբաղվել չեմ կարող, որովհետեւ ժամանակն է այդպիսին»:
Հրապարակախոսի առավելությունն է կանխատեսել ապագան: Ահա թե ինչ է գրում Արմեն Հովհաննիսյանը 90-ականներին. «Լատինական ասացվածքն էլ, որ հին է ու նաեւ նոր՝ «Nil posse creari de Nihilo»` «Ոչնչից ոչինչ կստեղծվի», երեւի հենց նոր հայերին է վերաբերում. ընդհանրապես ցանկացած հեղափոխություն՝ «թավշյա» լինի, թե արյունոտ, իր մեջ կործանարար շատ բան ունի: Այդ իսկ պատճառով Գոգոլն իր ժամանակին շատ էր վախենում հենց հեղափոխություններից, որոնք ամենահետաքրքիր դարաշրջաններն են, դրանց ժամանակ է մարդկային հասարակության էությունն ու կառուցվածքը մերկանում մինչեւ ուղնուծուծը: Ու եթե լսես նրանց, ովքեր պնդում են, թե ոչինչ չի եղել՝ արվեստ, գրականություն, գիտություն, ինչ էլ եղել է, քանդել է պետք ու նորից սկսել: Իսկ ինչի՞ վերածվեց հեռուստատեսությունը՝ կիսագրագիտություն կամ ծմակային անգիտություն, պատմական հավկուրություն, վարժապետական խրատամոլություն ու մարտնչող միջակություն պրոպանգանդողի»:
Ժողովածու, որ վավերագիր մատյանի արժեք ունի
Ժամանակի թելադրանքով «Մոռացված նախնիների ստվերները» դարձան «Մոռացված արժեքների ստվերներ», որոնք «սավառնում են հիմա մեր գլխավերեւում` համառորեն հիշեցնելով իրենց գոյությունն ու անհրաժեշտությունը»: Սա մեջբերում է հենց «Մոռացված արժեքների ստվերները» գրքույկից, որն Արմեն Հովհաննիսյանի 1995-1997թթ.. հանրապետական եւ սփյուռքի մամուլի էջերում հրապարկած հոդվածների ժողովածուն է՝ Արցախյան գոյամարտը վերծանելու փորձ: Հեղինակն իր անխոնջ մասնակցությունն է բերել Արցախյան շարժմանը՝ թե՛ գրչով, թե՛ խոսքով, թե՛ իր անմիջական ներկայությամբ:
Արցախի անունով հրապարակում հայտնվածներից շատերը կարճ ժամանակահատվածում մոռացան իրենց երդումներն ու խոստումները, կառչեցին իրենց երերուն աթոռներից եւ նորանկախ երկիրը հասցրին անդունդի եզրին: Այս ժողովածուն ճշմարտություն է եւ միայն ճշմարտություն Արցախյան շարժման մասին, այստեղ հնչում են անուններ, որոնք ինչ-ինչ պատճառներով հրապարակից ի չիք դարձան կանոնավոր ու նպատակային հալածանքների հետեւանքով:
Առաջին հրապարակումը՝ վերնագրված «Որպես մուտք», Արցախյան շարժման առաջին ութ օրերի ժամանակագրությունն է՝ գրված վայրկյանների ու րոպեների հեւքով, ներկայացված օրագրային ձեւով, լուսանկարչական ճշտությամբ է որսացել պահերը, արձանագործի նման քանդակել դեպքերն ու դեմքերը, բնութագրել հոգեցնցումները քաղաքական գործչի հասունությամբ, լրագրողի ճկուն ձիրքով: Այս հոդվածը ընթերցողի հետ սրտաբաց մի զրույց է, որի ընթացքում բացահայտվում են հեղինակին համակած զգացումները՝ հիացումը, հիասթափությունը, զայրույթը, վիշտը, զարմանքը… Քայլ առ քայլ, աստիճանաբար, առանց ձանձրույթ պատճառելու, ականատեսի ու մասնակցի սուր աչքով նկարագրում է, թե ինչպես «Ղարաբաղ», «Միացում» կարգախոսներով շարժումը համազգային բնույթ ստացավ, թե ինչպես բռնատիրության դեմ զսպված զայրույթը պոռթկումի վերաճեց:
Մարմնովդ սարսուռ է անցնում, երբ կարդում ես. «Բացարձակ լռություն հաճախ էր տիրում, այդ ժամանակ թվում էր, թե մարդկանց հուզախառն ու տաք ձայնը հասնում է շատ հեռուներում գտնվողներին… Մեկ, երկու անգամ, ու զարմանալի բան կատարվեց. առանց որեւէ միջամտության կամ մեկնաբանության մարդիկ իրենց մեջ լուծում, մաքրում, վերլուծում էին լուրը, ապրումը, հուզմունքը, հանգստանում ու հանգստացնում էին թե՛ իրենց, թե՛ բոլորին»:
Այս մեկ հատիկ նախադասության մեջ նկատելի է բակունցյան արձակի խաղաղ ու բարձրաճաշակ շունչը: Հրապարակագրի սիրտը, մանավանդ սիրող, տառապող սիրտն անժամանակային է, ավելի մեծ, քան ցանկացած հրապարակ… Եվ այդ սիրտը լավ էր զգում, շարժման ամեն մի թրթիռ, ամեն մի նրբերանգ: «Ժողովուրդը դարձել էր մեկ մարմին, մեկ հոգի. մեկը՝ բռունցքով, մյուսը՝ վազելով, թռուցիկ բաժանելով, ջուր բերելով, հաց հասցնելով, կարգապահություն հսկելով, այսպես հանկարծ ազգը իր շուրջն է նայում եւ տեսնում, թե այսքան տարի ապրել է ինքն իր հետ, իրեն շատ նման հայ մարդկանց հետ»:
Այսօր այսպիսի համախմբման, ինքնակազմակերպման, բռունցքվելու, մոռացված արժեքները վերականգնելու հրամայականն է կախված օդում:
2011-ին հրապարակախոսն ու թարգմանիչը, լրագրողն ու մտավորականը, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչը Ոսկե գրիչը թողեց գրասեղանին ու հեռացավ կյանքից:
Մարդ, որ ապրեց յուր ժամանակի մեջ, ժամանակի շնչով…
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ
բանասեր, թարգմանիչ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2026





















































