Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիության և պատանդային դիվանագիտության վրա հիմնված խաղաղությունը ոչ կայուն է, ոչ էլ արդար. Ամերիկայի հայկական համագումար

Փետրվար 06,2026 17:52

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Բաքվում պահվող քրիստոնյա հայ պատանդների դեմ կեղծ դատավարությունների և դատավճիռների վերաբերյալ

Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանում՝ Բաքվի ռազմական դատարանի կողմից կայացված դատավճիռները, որոնցով մի շարք հայ քաղբանտարկյալներ և Արցախի նախկին ղեկավարներ դատապարտվել են ցմահ ազատազրկման և երկարատև բանտարկության։ Մարդու իրավունքների պաշտպանները լայնորեն քննադատել են այս դատավարությունները՝ որպես սկզբունքորեն անարդար։

Միջազգային և տարածաշրջանային մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ դատարանը հինգ հայ պատանդների դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այդ անձանց թվում են՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը։

Արցախի երկու նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ ըստ հաղորդումների՝ ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված տարիքային սահմանափակումների պատճառով։ Այլ հայ պատանդներ ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկման դատավճիռներ։

Այս դատավճիռները հաջորդում են դատավարություններին, որոնք սկսվել են 2025 թվականի հունվարին և վերաբերում են այն հայերին, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ռազմական հարձակման ընթացքում։ Այդ հարձակման արդյունքում ավելի քան 120 000 հայեր ստիպված են եղել բռնի կերպով հեռանալ իրենց պատմական հայրենիքից։

Մարդու իրավունքների կազմակերպություններն ու միջազգային դիտորդները բազմիցս ահազանգել են դատավարական գործընթացների խախտումների, քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների, անկախ դիտարկման մուտքի սահմանափակման, ինչպես նաև բանակցություններում գերիներին որպես ճնշման միջոց օգտագործման վերաբերյալ։

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է, որ այս անձինք ապօրինաբար են պահվում կալանքի տակ, իսկ իրականացված դատավարությունները կեղծ են։ Դրանք նպատակ ունեն օրինականացնել հավաքական պատիժը և քողարկել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

«Այս դատավճիռներն ընդգծում են մի հիմնարար ճշմարտություն․ իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ հայ պատանդները անարդարացիորեն բանտարկված են Բաքվում», – հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը։

«Հայ քաղաքական բանտարկյալներին ցմահ ազատազրկման դատապարտելը և միաժամանակ խաղաղության առաջընթացի մասին խոսելը հակասություն է, որը միջազգային հանրությունը չպետք է անտեսի»։

Որոշումները կայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ակտիվացման ֆոնին՝ ներառյալ վերջին հանդիպումները երկու կառավարությունների միջև և խաղաղության շրջանակի առաջմղմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններ ևս մաս է կազմում այս գործընթացի։

Դատավճիռները նաև հաջորդում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարություններին, որը վերջերս Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ անձամբ կբարձրաձայնի հայ պատանդների ազատ արձակման հարցի մասին՝ նշելով 23 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների, շարունակական կալանքի տակ մնալը։

Ամերիկայի հայկական համագումարը նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները գնալով ավելի մեծ մտահոգություն են հայտնում Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ։ Վերջին ամիսներին երկկուսակցական օրենսդիրները վարչակազմին կոչ են արել պահանջել հայ բանտարկյալների ազատ արձակումը, թույլատրել դատավարությունների միջազգային մոնիթորինգը և դիտարկել պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ պատժամիջոցներ, մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Ամերիկայի հայկական համագումարը Միացյալ Նահանգներին և միջազգային գործընկերներին կոչ է անում.

  • պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և պատանդների անհապաղ ազատ արձակումը,

  • մերժել քաղաքականությունից դրդված և ոչ թափանցիկ գործընթացների միջոցով կայացված դատավճիռների օրինականությունը,

  • ապահովել, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պայմանավորված լինի պատասխանատվությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ և կիրառելի անվտանգության երաշխիքներով,

  • հաստատել և պաշտպանել տեղահանված արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքը։

«Հարկադրանքի, անպատժելիության և պատանդային դիվանագիտության վրա հիմնված խաղաղությունը ոչ կայուն է, ոչ արդար», – հավելել են համանախագահները։

«Իրական հաշտեցումը պահանջում է բանտարկյալների ազատ արձակում, մարդկային արժանապատվության հարգում և ծանր խախտումների համար պատասխանատվություն, այլ ոչ թե փակ դռների հետևում անցկացված կեղծ դատավարությունների արդյունքում կայացված ցմահ դատավճիռներ»։

Հիմնադրված լինելով 1972 թվականին՝ Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված ամենախոշոր համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ընկալմանն ու իրազեկմանը։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728