Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Արամ Խաչատրյան» համերգասրահում յուրահատուկ ձոն հնչեցրեց՝ ուղղված համաշխարհային դասական երաժշտության հանճարին՝ Սերգեյ Ռախմանինովին։
Ներկայացվեցին կոմպոզիտորի անհավանական գեղեցիկ մեղեդիները, ու ևս մեկ անգամ բացահայտվեց այն վիթխարի անկեղծության աշխարհը, որը Ռախմանինովին դարձրել է բոլոր ժամանակների ամենասիրված կոմպոզիտորներից մեկը։
Երեկոն սկսվեց լեգենդար Դաշնամուրի թիվ 2 կոնցերտով, ստեղծագործություն, որը խորհրդանշում է կոմպոզիտորի վերադարձը դեպի ստեղծագործական գործունեություն՝ երկարատև ճգնաժամից հետո: Կոնցերտը ողողված է հույս, լույս և անսահման կամքի ուժ արտահայտող երաժշտությամբ: Մենակատարը՝ Գերմանիան և Ուկրաինան ներկայացնող դաշնակահարուհի Կատերինա Տիտովան էր, ով բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, և ում վարպետությունը գրավել է Եվրոպայի առաջատար նվագախմբերի և համերգասրահների ունկնդիրներին: Նրա մեկնաբանությամբ կոնցերտի հնչեղությունը ոգևորիչ էր:




Կարդացեք նաև
Համերգի երկրորդ բաժնում հնչեց Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան, որը կոմպոզիտորի ամենահավակնոտ և հույզերով հարուստ ստեղծագործություններից է, և որի յուրաքանչյուր նոտան լցված է կյանքի հանդեպ սիրով ու փիլիսոփայական խորհրդածությամբ։
Այդ երեկո դիրիժորական վահանակի մոտ էր համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ մաեստրո Ջորջ Փեհլիվանյանը, դիրիժոր, որի էմոցիոնալ խառնվածքն ու ցանկացած երկի մեկնաբանության խորությունը վաղուց դուրս են եկել Միացյալ Նահանգների սահմաններից:
Փեհլիվանյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ արդեն 35 տարուց ավելի է, ինչ համագործակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ, և իր համար միշտ մեծ հաճույք է վերդառնալ Հայաստան: Մաեստրոն հետո հավելեց. «Անշուշտ, մեր ազգային ֆիլհարմոնիկն իմ սրտին շատ մոտ նվագախումբ է, որի հետ տասնամյակներ ելույթներ եմ ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում: Ես ծերանում եմ, իսկ ֆիլհարմոնիկը՝ երիտասարդանում: Նվագախումբը նշում է իր ստեղծման 100-ամյակը: Պիտի մաղթեմ, որ այն իր երիտասարդության ժամանակահատվածը լինի, որին կհաջորդեն շատ 100-ամյակներ: Այս կոլեկտիվը հանդես է գալիս շատ բարձրակարգ երաժիշտների կազմով և լավ «մարզավիճակով»: Մենք ուղղակի վայելում ենք համատեղ աշխատանքն ու միասին երաժշտություն ստեղծելու ընթացքը: Արդեն ողջ աշխարհում ավելի քան 400 նվագախմբեր եմ ղեկավարել, բայց ինձ համար մեր Հայաստանի ֆիլհարմոնիկը, մեր «Արամ Խաչատրյան» համերգասրահը յուրահատուկ են, որոնց հետ շատ ջերմ հիշողություններով եմ կապված: Հայաստանում երբեք Ռախմանինովի սիմֆոնիաները չէի ղեկավարել և ուզեցի նորություն լինի, ինչը կանգնեց այս կոմպոզիտորի վրա: Ինչպես գիտեք, արդեն երկու տարի է, ընդգրկված եմ Ռախմանինովի մրցույթի ժյուրիի կազմում՝ Գերգիևի հրավերով, ում հետ մտերիմ ընկերներ ենք: Եվ ես մեծ ցանկություն ունեցա Ռախմանինով կատարել հայ երաժիշտների ընկերակցությամբ, հատկապես, որ 2-րդ սիմֆոնիայում շատ հայկական մոտիվներ կան: Եթե Ռախմանինովն այստեղ լիներ, ես իրեն անպայման կհարցնեի՝ ինչո՞ւ ես այս հատվածում այսպես գրել, հավանաբար Հայաստանի մասին ես մտածել այդ ժամանակ (ժպտում է): Եվ վստահ եմ, որ մեր խոսակցությունը հետաքրքիր ընթացք կունենար: Անկասկած, Ռախմանինովի այս սիմֆոնիան շատ հարազատ է մեզ, թեեւ, իհարկե, ունի ռուսական նվագախմբային երաժշտության հզոր հիմք»:
Դիրիժորը տեղեկացրեց նաև, որ 2026թ. նոյեմբերին առաջին անգամ կմեկնարկի դիրիժորների «Փեհլիվանյան» միջազգային մրցույթը (Pehlivanian International Conducting Competition), որն արդեն գրանցել է մասնակցության հայտեր 30 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից: «Սա աշխարհում միակ մրցույթն է, որը չունի տարիքային սահմանափակում: Հայտերն ընդունվում եմ մինչև փետրվարի 15-ը, այնպես որ՝ դեռ ժամանակ կա, և ցանկացողները կարող են դիմել»,- հատուկ նշեց մեր զրուցակիցը:
Մենք էլ նշենք, որ մրցույթի անվանումը հարգանքի տուրք է Փեհլիվանյան ընտանիքին: Դիրիժորի մայրը՝ Արփինե Փեհլիվանյանը, հայտնի սոպրանո էր և առաջին սփյուռքահայ օպերային երգչուհին, ով Հայաստանում Անուշ երգեց 1960-ականների սկզբներին: «Տիկինս՝ Սաբինա Փեհլիվանյանը, մեծ կազմակերպչական աշխատանք է տանում: Շատ ծավալուն և քրտնաջան գործ է նման մրցույթի կազմակերպումը, բայց դրանով կարող եմ դրսևորել ուսուցանելու հանդեպ իմ սերը և օգնել դիրիժորներին իրենց դժվարին ճանապարհին: Ժյուրիի կազմը բավականին ազդեցիկ է, հրավիրել եմ ականավոր մասնագետների՝ BBC սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրենը ժյուրիի նախագահն է: Ժյուրիի կազմում են Բեռլինի սիմֆոնիկի տնօրենը, Չիկագո սիմֆոնիկի նախկին նախագահը, ներկայիս գեղարվեստական ղեկավարը, երաժշտական մենեջեր Ալեսսանդրո Արիոզին, ով, ի դեպ, Դոմինգոյի, Վիտտորիո Գրիգոլույի, մեր Ջուլիանա Գրիգորյանի մենեջերն է: Գուցե շտապում եմ, բայց կանխատեսելի է, որ մրցույթն իրոք հավակնում է մեծ իրադարձություն դառնալ մեր բնագավառում»,- խոսքը եզրափակեց մաեստրոն:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ


















































