Լրահոս
Օրվա լրահոսը

Ռախմանինով-150. նրա երաժշտությունը սերունդներ է կրթում

Հուլիս 07,2023 16:46 Share

2023 թվականը ռախմանինովյան տարի է. նշվում է ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը, որի երաժշտությունը սերունդներ է կրթում, ոգեշնչում, ապրեցնում, գեղեցիկ հույզեր պարգևում։ Նրա տաղանդը առեղծվածային է, ոչ սովորական։ Շնորհիվ այդ անսովոր տաղանդի՝ Ռախմանինովը շփվում է ամբողջ մարդկության հետ, նրա ստեղծագործությունների մեջ թաքնված է առանձնահատուկ գեղեցկություն ու խորություն։ Նրա գեղարվեստական աշխարհը հավերժ է, որ հոսում է անցյալից ներկա ու ընթանում դեպի հավերժություն։

Հայաստանում նույնպես նշվում է մեծագույն երաժշտի հոբելյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին և 13-ին կներկայանա երկու համերգով։ Սիմֆոնիկ նվագախումբը, որ իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է Ռախմանինովի արվեստին, այս անգամ երկու օրերի ընթացքում ունկնդրին կներկայացնի ռուս հեղինակի ստեղծագործական հարուստ երկապնակը՝ կոմպոզիտորի շատ հայտնի դաշնամուրային հինգ կոնցերտները։

Այս ձևաչափն առանձնահատուկ է նրանով, որ դասական երաժշտության, հատկապես Ռախմանինովի արվեստի սիրահարները հնարավորություն կունենան երկու օրերի ընթացքում վայելելու Ռախմանինովի երաժշտության ամբողջ հմայքը՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող դաշնակահարների մատուցմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարներ Թեո Գեորգիուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։

Նշենք, որ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ երկրորդ կոնցերտը համարվում է աշխարհում դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, իսկ երրորդ կոնցերտը դաշնամուրի համար երբևէ գրված ամենաբարդ կոնցերտներից է։

Ռախմանինովին նվիրված համերգաշարի բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «ԶՊՄԿ» ՓԲԸ սոցիալական նախագծերի համակարգող Գայանե Թադևոսյանը նկատում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության կողմից իրականացվող գործունեության առանցքն է։ Ընկերության համար հատկապես կարևոր է երկարաժամկետ, համայնքների կայուն զարգացմանը նպաստող սոցիալական ծրագրերի իրականացումը։ 2022 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը սոցիալական տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամ ամենատարբեր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, սպորտ, մշակույթ, շինարարություն և այլն։

Գայանե Թադևոսյանը նշում է, որ համայնքային զարգացման առումով ընկերության սոցիալական ծրագրերի ազդեցությունը մեծ է. «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական, մշակութային, սպորտային ծրագրերին, քանի որ մեր նպատակն է երեխաների և երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել, նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը, դաստիարակությանն ու ճաշակի ձևավորմանը։ Ուզում ենք բացահայտել նրանց ներուժը և հնարավորություն ստեղծել, որպեսզի երիտասարդները կարողանան դրսևորվել ու իրացնել իրենց հմտությունները, դա անել հենց իրենց ծննդավայրում, ու ապագան կապել Սյունիքի հետ։ Ինձ համար, որպես սյունեցի, սա հատկապես կարևոր է։ Մեր կողմից աջակցվող, ֆինանսավորվող ծրագրերի շահառուները մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, համերգների, մրցույթների՝ մեծ հաջողություններ ունենալով, ինչով իհարկե հպարտանում ենք և մոտիվացվում՝ տարեցտարի այդ ծրագրերը ընդլայնելու առումով»։

Մշակույթը, դասական արվեստը մշտապես հովանավորության կարիք են ունեցել։ Այն պոպուլյար ու եկամտաբեր չէ, որպեսզի ինքնուրույն կարողանա զարգանալ, բայց մեծ դեր ունի հասարակության կրթության, բարձր արժեքների ձևավորման հարցում։ Ռախմանինովի հիշատակին նվիրված համերգաշարին աջակցությունը նաև այս համատեքստում է կարևորվում։ «Դասական արվեստը պետք է հովանավորվի պետության և մասնավոր սեկտորի կողմից։ Մենք, որպես մասնավոր ընկերություն, խթանում ենք արվեստը՝ հասանելի դարձնելու հասարակության համար։ Թեպետ այսպիսի նախաձեռնությունները շահույթ չեն հետապնդում, բայց այս դեպքում շահում ենք բոլորս՝ դասական արվեստին աջակցելը համարում ենք որպես կարևոր ու հաճելի ներդրում»,- ասում է Գայանե Թադևոսյանը։

Հավելենք, որ Սերգեյ Ռախմանինովն իր ստեղծագործական գործունեությամբ անդրադարձել է նաև հայ գրականությանը։ Նա երաժշտություն է գրել հայ բանաստեղծների, այդ թվում Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Դասական երաժշտության սիրահարները Ռախմանինովի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31