Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները. ՀՀ դատավորների միություն

Փետրվար 10,2026 10:46 Share

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները

Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։

Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև հանձնաժողով) վերաբերող փոփոխությունների քննարկվող նախագիծը պարունակում է դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր Սահմանադրության և միջազգային լավագույն փորձի ստանդարտների տեսանկյունից և չի ապահովում Վենետիկի հանձնաժողովի (CDL-AD(2023)045 և CDL-AD(2024)031) կողմից սահմանված անկախության համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմների պահպանումը։

Այսպես`
1. Դատավորների անկախությունը՝ գերակա արժեք.
Վենետիկի հանձնաժողովը հստակ ու հետևողականորեն շեշտել է, որ դատական օրենսգրքի փոփոխությունների առաջնահերթ նպատակն է պաշտպանել դատական անկախությունը, իսկ «դատական կորպորատիվիզմի» վերաբերյալ ցանկացած ենթադրյալ մտահոգություն կամ պատճառաբանություն չի կարող գերակա լինել դատավորների անկախությունը պահպանող երաշխիքների նկատմամբ պետության ունեցած պոզիտիվ պարտականության համատեքստում:

Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել միայն դատավոր չհանդիսացող անդամների մասնակցությամբ, ինչը հակասում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված՝ առաջարկվող ստանդարտներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են երկկողմ կամ միաժամանակյա մասնակցություն (դատավոր և ոչ դատավոր անդամներ) (venice.coe.int): Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման նման ցածր շեմի սահմանումն ու դրա կիրառումն ինքնին սահմանափակելու են վերջիններիս արտաքին անկախության երաշխիքները` ավելացնելով արտաքին ազդեցության միջամտության հնարավորությունները:

2. Արդարադատության նախարարի լիազորությունների պահպանման և Հանձնաժողովի ոչ դատավոր անդամների լիազորությունների ընդլայնման համատեղելիության հարցը.

Գործադիրի լիազորությունը կարգապահական վարույթներ հարուցելու մասին. Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է նախարարի լիազորությունը որպես անցումային և պայմանական, ընդունելի միայն այն դեպքում, երբ դատական համակարգի ներսում` հանձնաժողովում, չկան բավարար ներքին հակակշիռներ: Հետևաբար, այն պայմաններում, երբ Հանձնաժողովի կազմը փոփոխվում է ի նպաստ ոչ դատավոր անդամների` դատավորների ազդեցությունը կամ ներգրավվածությունը նվազեցնելու («դատավորների կորպորատիվիզմը» չեզոքացնելու) նպատակով, ապա բալանսավորված մոտեցման դեպքում գործադիրի` կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը ևս պետք է բացառվի կամ սահմանափակվի. հակառակ դեպքում կխախտվի Սահմանադրության հաշվառմամբ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բալանսը` ի վնաս դատավորների անկախությանը:

3. Անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության խնդիրը.
Դատավորների միությունը սահմանադրականության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում նաև ոչ դատավոր անդամների մասով օրենքին հետադարձություն տալը, ինչը վտանգում է իրավական որոշակիության սկզբունքը։ Առավել մտահոգիչ է այն, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթում այն ի սկզբանե նախատեսված չի եղել և այդ մոտեցումը ձևավորվել է հետագա քննարկումների արդյունքում։

Փաստացի, դատավորների ինքնակառավարման մարմնի` ընդհանուր ժողովի կողմից ընտրված ոչ դատավոր անդամները զրկվելու են իրենց օրինական ակնկալիքից. նրանց վրա կիրառվելու են այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն եղել ընտրության պահին, ինչը ևս խիստ խնդրահարույց է։

Հարկ է նշել նաև, որ փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները, հետևաբար առաջարկում ենք նշված փաթեթի ընդունումը հետաձգել` ներգրավելով մասնագիտական լայն շրջանակների և/կամ դիմել Վենետիկի հանձնաժողովին վերջին խմբագրության մասին դիրքորոշում ստանալու համար:

Օրենքի ընդունման պայմաններում ցածր շեմի ու երաշխիքների բացակայությամբ հարուցված կարգապահական վարույթները խոցելի են լինելու օրինականության համատեքստում:

Դատավորների միությունը ձեռնարկելու է նաև միջոցներ միջազգային հեղինակավոր գործընկերների` այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերջին խմբագրության կապակցությամբ ստանալու նպատակով:

ՀՀ դատավորների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728