ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կերպով կարգավորված չեն։ Անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերը բաց են մնացել, իսկ որոշ հարցեր, թեեւ ստացել են որոշակի կարգավորումներ, սակայն թերի են ու չխմբավորված։
«Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը։ Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ։ Եթե հակիրճ, ապա այդպիսիք են հանդիսանում զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այն անձը, այդ թվում՝ կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում կամ ՀՀ պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Նախագծով նաեւ սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները, հետախուզման դադարեցման դեպքերը։ Անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացնելու է ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ ՀԿ կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային մարդասիրական կազմակերպություններ, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքները ժամկետը կարող է երկարաձգվել։
Կարդացեք նաև
Սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Սահմանվել է, որ հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի վայրը պարզելու օրվանից երեք օրվա ընթացքում։ Իսկ անհայտ կորած անձի՝ դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Նախատեսվում է, որ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը լինելու է ԱԱԾ-ն։ Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ հնարավո՞ր չէ ինչ-որ պարբերականություն սահմանել, օրինակ, որ 3-4 ամիսը մեկ կամ կես տարին մեկ ԱԱԾ-ն պարտավորված լինի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների հարազատներին։ Ըստ պատգամավորի՝ դա կարեւոր է, որպեսզի չկրկնվեն այն ցավալի դեպքերը, երբ անհայտ կորածների հարազատները ստիպված ձմեռ-ամառ եղանակին օրերով անցկացնում են ԱԱԾ կամ կառավարության շենքի մոտ։
Սրբուհի Գալյանն ասաց, որ նախագիծը մի կարեւոր դրույթ է պարունակում, որ այդ ընտանիքների անդամներն իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են ներգրավվել լիազոր մարմին՝ անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացներին մասնակցելու։ «Ժամկետների մասով, եթե կարգավորված չէ այս պահին, ամեն դեպքում տեղեկատվության տրամադրման այն բոլոր ժամկետները, որոնք գործում են այլ դեպքերում, կգործեն նաեւ այս դեպքերում»,- հավելեց նախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































