Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի խոսքը միջուկային մրցավազքի վերաբերյալ, հայտնում է Ինտերֆաքսը:
Նախօրեին Ֆիդանը նշել էր, թե Անկարան հարկադրված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանի այլ երկրներ միջուկային զենք ձեռք բերեն։
Կրեմլում ակնկալում են, որ բոլոր միջուկային տերությունները կվարվեն պատասխանատու կերպով և չեն ստեղծի միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկի որևէ պատճառ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ շփման ընթացքում Պեսկովին խնդրել են մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի խոսքն այն մասին, որ Անկարան հարկադրված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանի այլ երկրներում միջուկային զենք հայտնվի։
Կարդացեք նաև
«Իհարկե, ուշադրություն ենք դարձրել այդ հայտարարությանը, սակայն ամենակարևորը՝ մենք կարծում ենք, որ միջուկային ակումբի բոլոր երկրները կվարվեն պատասխանատու ձևով և թույլ չտան միջուկային մրցավազքի որևէ դրսևորում», – ի պատասխան ասել է Պեսկովը:
Նա նաև ընդգծել է, որ միջուկային զենքի չտարածման գործող ռեժիմը այս ոլորտում անվտանգության հիմնաքարն է։


















































