«Նիկոլ Փաշինյանը մեծ հրճվանքով խոսում էր ասֆալտի մասին, ես ուզում եմ խոսել մեր ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին։ Իշխանություններն ասում են՝ ասֆալտն ասֆալտ է, բայց պարզվում է՝ ասֆալտն ասֆալտ չի։ Այն միլիարդավոր դրամները, որոնք մեր հարկատուները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են էդ փողերը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց,որ ասֆալտի հաստությունը և որակը հեռու է այն ստանդարտներից, որոնք պետք է պահպանվեն։ «Հիմա ասում են՝ էդ ասֆալտը քանդվել է, որովհետև աղ ենք շաղ տվել։ Կարո՞ղ է աղի տեղը դուք շաքարավազ եք շաղ տվել, որովհետև անձրևից հետո հալվում է։ Աշխարհում նման տեղ չկա, որ աղ շաղ տալուց հետո նման խրամատներ կարող են առաջանալ, և մեր հայրենակիցներն այդ խրամատների մեջ ընկնելով՝ անհասանելի են դառնում։ Մեր քաղաքացիներն անգամ հումորներ են անում, ասում են՝ էդ փոսերում կարող ենք ջուր լցնել ու ձուկ պահել»,- ասաց Դանիելյանը։
Պատգամավորը դիմեց հայ հասարակությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ձեր հարկերի հաշվին միլիարդավոր դրամներ մսխվում են»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































